ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական դաշտը, կարելի է ասել, նոր-նոր է ձեւավորվում, քանի որ մեր երկրում իրավիճակ է փոխվել, եւ ինչպես կասեր Տիգրան Կարապետյանը՝ կարիք կա հասկանալու, թե ով է ընդդիմություն, ով իշխանություն եւ ով կենտրոնամետ: Ու այս առումով հատկապես հետաքրքիր է քաղաքական նոր ուժերի պահվածքը:

Օրինակ՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որ մտադիր է կուսակցություն բացել (արդեն նախաձեռնություն է հիմնադրել), իր առջեւ խնդիր է դրել խորհրդարանական ընտրություններում 50 տոկոս +1 քվե ստանալ: Ասել է թե՝ նա իշխանություն է ուզում ձեւավորել Հայաստանում կամ գոնե իշխանությունից 50 տոկոս մասնաբաժին ստանալ: Որքանո՞վ կհաջողվի Աբրահամյանին հասնել այդ նպատակին, դժվար է ասել: Ինչպես հայտնի է` Հայաստանում քաղաքական դերակատարություն ունենալու համար, ցավոք, անհրաժեշտ են մեծ գումարներ: Այսինքն՝ գծուծությունը քաղաքական դաշտում հաջողության հասնելու գրավական չէ ամենեւին: Սակայն Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, կարծես թե, այս պարզ ճշմարտությունը չգիտի կամ չի ցանկանում հասկանալ, քանի որ նրա փոքրաթիվ թիմակիցները առանձնապես աշխուժություն նրա կողմից չեն նկատել: Արա Աբրահամյանը բացատրել է իր գործընկերներին, որ ինքն իր գրպանից մտադիր չէ գումարներ ծախսել եւ քաղաքականություն մտնել: Նա պետք է փորձի դա անել ուրիշների «հաշվին»: Դրա համար էլ տարբեր երկրների մեծահարուստների հետ ամենատարբեր առիթներով կազմակերպված հանդիպումների ժամանակ նա խնդրում է գումարներ տրամադրել իր նախաձեռնությանը՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի միակ փրկօղակ: Ընդ որում, նա փորձում է իրեն ներկայացնել ոչ միայն ռուսական, այլ ողջ աշխարհի ներկայացուցիչը Հայաստանում, քանի որ ցանկանում է ԱՄՆ-ից, Չինաստանից եւ այլ երկրներից որեւէ կերպ մասնակցություն ապահովել իր քաղաքական ծրագրերում:
Բայց նրա գերնպատակն, ըստ ամենայնի, այն է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական խորհրդականները Ռուսաստանում բնակվող մի քանի խոշոր գործարարներին «հանձնարարեն» ֆինանսավորել Արա Աբրահամյանին՝ որպես ռուսական քաղաքական ուժի: Միայն այդ դեպքում Արա Աբրահամյանի կուսակցությունը ՌԴ-ից քաղաքական ու ֆինանսական աջակցություն կստանա: Որեւէ այլ պարագայում հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպես եւ ինչու պետք է ռուսական շրջանակները որեւէ առումով հովանավորեն Աբրահամյանին: Բանն այն է, որ նա առանձնապես բարձր վարկանիշ չունի ոչ ռուս քաղաքական էլիտայի մոտ (դրա վկայությունը Մոդեստ Կոլերովի տված հարցազրույցն էր ArmLur.am)-ին, ոչ էլ առավել եւս գործարար շրջանակների մոտ, քանի որ բոլոր հայ գործարարները ջանում են ինքնուրույն ծառայություն մատուցել ՀՀ իշխանություններին ՝ դրա դիմաց անձնական դիվիդենտներ շահելով: Իսկ թե այս իրավիճակում ինչ արդյունքներ կարձանագրի նա, դժվար է ասել, համենայնդեպս, մինչ այսօր ֆինանսական աշխուժություն Արա Աբրահամյանի թիմում չի նշմարվում:
Նկատենք, որ Հայաստանի քաղաքական դաշտի դերակատար կուսակցությունները հիմնականում Աբրահամյանի հայտնությանը թեթեւ են վերաբերում՝ բացառությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, որի ներկայացուցիչները կարծում են, որ Արա Աբրահամյանը ցանկանում է դաշտում հենց իրենց տեղը գրավել: Մնացած բոլոր ուժերը կարծում են, որ միավորվելով «Օրինաց երկիր» կուսակցության հետ՝ Աբրահամյանն առանձնապես չի կարողանալու լուրջ հաջողություններ ունենալ: Իշխանական ՀՀԿ-ականներն, օրինակ, մասնավոր զրույցներում պնդում են, որ Արա Աբրահամյանը կարող է մասնակցել ընտրություններին եւ հավաքել այնքան քվե, որքան իրականում արժանի կլինի, իրենք որեւէ կերպ չեն օգնելու, բայց միաժամանակ նաեւ չեն խանգարելու Աբրահամյանի հաղթարշավին:
Իսկ թե ումով է Աբրահամյանը մտադիր խորհրդարան մտնել, արդեն առիթ ունեցել ենք հրապարակելու: Նա, ամենայն հավանականությամբ, դաշինք կկազմի վերածնված «Օրինաց երկիր» կուսակցության հետ՝ որպես «Վերածնունդ» նորաստեղծ կուսակցության եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ, որի նախագահը Արամ Սարգսյանն է: Առայժմ նրա դաշնակիցները նշվածներն են: Այդ գործում դեռ առաջընթաց չկա:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ՈՎ ԿԼԻՆԻ ԱԱԾ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առաջիկայում կունենա նոր մամլո քարտուղար: Հիշեցնենք, որ ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանի վաղաժամ մահից հետո այս գերատեսչությունը մնացել է առանց մամուլի խոսնակի: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ԱԱԾ խոսնակի պաշտոնը կզբաղեցնի Հանրային հեռուստաընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանի օգնական Կարեն Հակոբյանը: Փորձեցինք Հանրային հեռուստաընկերությունից պարզել, թե արդյոք Կարեն Հակոբյանը ազատվել է աշխատանքից եւ այլ աշխատանքի է տեղափոխվել, մեզ պատասխանեցին, որ նա շարունակում է աշխատել Հանրային հեռուստաընկերությունում՝ տնօրենի օգնականի պաշտոնում:

 

«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԸ» ՍՆԱՆԿԱՑԱՎ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ նախորդ տարվա դեկտեմբերի 22-ի կայացրած վճռով «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել: Հիշեցնենք, որ «Գլենդել Հիլզ»-ի սնանկության մասին վաղուց էին լուրեր շրջանառում: Ավելին՝ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի վերաբերյալ հարուցված են մի քանի սնանկության վարույթներ: Ի դեպ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նույնպես դատի էր տվել «Գլենդել Հիլզ»-ին՝ նույն՝ սնանկ ճանաչելու պահանջով: Ըստ ՀԷՑ-ի հայցի՝ նշված ընկերությունն իրենց պարտք է 138 միլիոն դրամ: Նշենք, որ ընկերության պարտատերերն իրենց պահանջները կարող են ներկայացնել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ սնանկության մասին հայտարարությունից հետո՝ մեկամսյա ժամկետում:

 

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԸ ՀՀ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջին մեկ ամսում Թուրքիայից Հայաստան է ներմուծվել մանդարին եւ նարինջ: Այսպես՝ անցած տարվա նոյեմբերից մինչ այս տարվա հունվարի 21-ը Վրաստանից ՀՀ ներմուծվել է 1 հազար 229 տոննա, Թուրքիայից՝ 131 տոննա, Իրանից՝ 2.9 տոննա, Պակիստանից՝ 186 տոննա, Եգիպտոսից՝ 285 տոննա մանդարին: Նույն ժամանակահատվածում Վրաստանից ներմուծվել է՝ 13, Եգիպտոսից՝ 2 հազար 564, Թուրքիայից՝ 1 հազար 999, էկվադորից՝ 100 կգ, Իրանից՝ 119 տոննա նարինջ: Ի դեպ, Թուրքիայից եւ Պակիստանից ներմուծված ապրանքատեսակների նկատմամբ ՍԱՊԾ-ն խիստ հսկողություն է սահմանել: Տեղեկացնենք, որ ՌԴ-ն այս տարվա հունվարի 1-ից արգելում է Թուրքիայից մի շարք ապրանքների ներմուծումը, այդ թվում նաեւ մանդարինի ու նարնջի: Ռուս-թուրքական հարաբերությունները սրվեցին թուրքական զինուժի կողմից Սիրիայում «Սու-24» ռմբակոծիչը խոցելուց հետո:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ
Երեկ Ստրասբուրգում ավարտվել է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական 16-րդ նիստը։ Երկօրյա քննարկումների ավարտին ընդունվել են համատեղ եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ: Ընդունված փաստաթղթում, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական այլ կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող մտահոգիչ քննարկումներին: Այդ կապակցությամբ Եվրախորհրդարանն արձանագրել է, որ «լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին»:

 

ԿԺԱՄԱՆԻ
Հունվարի 22-23-ը Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարարին առընթեր զարգացման եւ ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Աննիկ Ժիրարդենը: Պետքարտուղարը կհանդիպի Սերժ Սարգսյանի, Էդվարդ Նալբանդյանի եւ Արմեն Աշոտյանի հետ:

 

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աշխատանքային այցով Իրանում գտնվող Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նախօրեին հանդիպել է Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին։ «Երեւանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացման համար Թեհրանը որեւէ սահմանափակում չունի», – հանդիպմանն ասել է Էսհաղ Ջահանգիրին` ընդգծելով, որ իր երկրի դեմ կիրառված պատժամիջոցների շրջանում էլ Իրանը դրական ու կառուցողական կապեր է ունեցել Հայաստանի հետ։ «Պատժամիջոցների չեղարկումը եւ բանկային հարցերի կարգավորումը երկու երկրների բանկային համագործակցությունների համար նոր հնարավորություն են ստեղծում, եւ հետշրջափակումային փուլում հնարավոր է բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը», – ասել է Ջահանգիրին:

 

ՄԻԱՁՈՒԼՎՈՒՄ ԵՆ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը «Ամերիաբանկ»-ի եւ IFC-ի ու ՎԶԵԲ-ի միջեւ պայմանագրերի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո երեկ հայտարարել է, թե վստահ է, որ բանկային ոլորտի կոնսոլիդացիան արդեն իսկ իր դրական արդյունքները տվել է, եւ պրոցեսը շարունակական կլինի։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին հայտնի դարձավ, որ «Հայէկոնոմբանկը» ձեռք է բերում «ԲՏԱ Հայաստան» բանկը, իսկ «Պրոկրեդիտ Հայաստան» բանկը գնվում է «Ինեկոբանկի» կողմից։ Ա. Ջավադյանը դժվարացել է նշել, թե տարվա վերջին քանի առեւտրային բանկ կմնա Հայաստանում` միեւնույն ժամանակ վստահություն հայտնելով, որ «կլինեն նոր միաձուլումներ»։

 

ՉԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿՈՉ
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցների հետ կապված Արցախի խորհրդարանի անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասված է. «Ադրբեջանա-ղարաբաղյան զորքերի շփման գծում լարվածության աճի ֆոնին Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքը սատարող բանաձեւերի ընդունումը Բաքվի իշխանություններին ոչ միայն հնարավորություն կտա շարունակել լարվածության նվազեցման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների անտեսումը, այլեւ կարող է ընկալվել որպես հակամարտությունը ուժային մեթոդներով լուծելու քարտ բլանշ»: Արցախի խորհրդարանականները կոչ են անում զերծ մնալ տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը վտանգող այդ փաստաթղթերի ընդունումից:

 

ԻՐ ԱՉՔԻ ԳԵՐԱՆԸ ԹՈՂԱԾ
Ահաբեկչական սպառնալիքներն ու սառեցված հակամարտությունները վտանգավոր իրավիճակ են ստեղծում Թուրքիայի շուրջ: Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում երեկ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն` որպես օրնակ մատնանշելով աբխազական եւ ԼՂ հակամարտությունները:




Լրահոս