Այն բանից հետո, երբ Ռուսաստանն իր շուկան փակեց թուրքական ապրանքների համար, Հայաստանի գործարար աշխարհում հույսեր առաջացան, որ այդ փոփոխությունը կարող է նպաստավոր լինել հայ արտադրողների համար: Ենթադրվում էր, որ ստեղծված իրավիճակը առավել նպաստավոր կլինի հայկական արտադրանքը Ռուսաստան արտահանելու համար, առավել եւս, որ Հայաստանը մեկ տարուց ավել հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Սակայն երեկ տարածված լուրը եւս մեկ անգամ ապացուցեց, որ հայկական ապրանքը Ռուսաստան արտահանելու հարցում ոչ մի գործոն էական չէ: Միակ որոշիչ հանգամանքը տվյալ երկրի իշխանությունների ցանկությունն է, որը հայկական ապրանքների համար, որպես կանոն, այդքան էլ բարենպաստ չէ, չնայած մեր երկու երկրները դաշնակիցներ են համարվում, եւ նույնիսկ միեւնույն միության անդամ ենք հանդիսանում: Բանն այն է, որ երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը, հունվարի 20-ից ժամանակավոր սահմանափակել է Հայաստանից գյուղմթերքների ներմուծումը ՌԴ: Հայ արտադրողներին արգելվում է Ռուսաստան արտահանել կենդանիների միս եւ կաթնամթերք: Ռուսական կողմը իր որոշումը պատճառաբանել է դաբաղ տեսակի հիվանդության հետ կապված Հայաստանում առկա «անկայուն» վիճակը: Միեւնույն ժամանակ ռուսական կողմը տեղեկացրել է, որ Հայաստանի համար իրենք դաբաղի դեմ պատվաստանյութ են արտադրել: Այլ կերպ ասած՝ որպեսզի հայկական ապրանքը կարողանան Ռուսաստանում վաճառել, մեր երկրի ֆերմերները պետք է սկսեն ռուսական պատվաստանյութ օգտագործել, այլ կերպ ասած՝ ռուսները անձնական ոչինչ չունեն հայկական ապրանքի դեմ, ուղղակի բիզնես է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները վերջին շրջանում նկատել են, որ իրենց նախարարը` Արտեմ Ասատրյանը, չափից ավել անտրամադիր է գործի գալիս եւ գնում: Բանն այն է, որ ՀՀ ղեկավարությունը Արտեմ Ասատրյանին արդեն տեղեկացրել է, որ առաջիկայում նա պաշտոնանկ է արվելու, քանի որ հնարավոր նոր կոալիցիայի շրջանակներում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պորտֆելը տրվելու է Դաշնակցությանը: Այլ կերպ ասած՝ իր պաշտոնը պահպանելու գործում Ասատրյանի միակ հույսն այն է, որ Դաշնակցության հետ ՀՀԿ-ի կոալիցիա կազմելու գործընթացն ինչ-որ հրաշքով տապալվի: Սակայն այս պահի դրությամբ առկա իրավիճակն այնպիսին է, որ առավել հավանական է կոալիցիայի կայացման հեռանկարը: Ինչեւէ, վերը բերված լուրերի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններից, սակայն ապարդյուն:
ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ»-ի գրավոր հարցմանը տված պատասխանի համաձայն՝ անցած` 2015 թվականի ընթացքում տամիֆլյու տեսակի դեղամիջոցից Հայաստան է ներկրվել ընդամենը 95 տուփ: Սա այն դեպքում, երբ նախորդ` 2014 թվականին նույն դեղամիջոցից Հայաստան է ներկրվել 2045 տուփ: Նշեք, որ մեկ տուփի մեջ առկա է տասը հաբ: Ինչպես հայտնի է՝ տամիֆլյուն համարվում է H1N1 տեսակի («խոզի գրիպ») վիրուսից պաշտպանվելու եւ այդ հիվանդության դեմ պայքարելու հիմնական դեղամիջոցը: Այն բանից հետո, երբ անցած տարվա վերջին հայտնի դարձավ, որ կրկին Հայաստան է ներխուժել ժողովրդի շրջանում «խոզի գրիպ» անվանումով հայտնի վիրուսը, դեղատներում շատ արագ սկսեց սպառվել տամիֆլյու տեսակի դեղը, որը բավականին թանկ է: Մասնավորապես, Ամանորի տոների շրջանում տամիֆլյուի մեկ տուփը դեղատներում վաճառվում էր մինչեւ 20 հազար դրամով, քանի որ այն շատ դժվար էր հայթայթել: Տոներից հետո դեղատներում կրկին սկսեցին նշված դեղից վաճառել` միջինը տուփը 11 հազար 500 դրամով:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է «ՄԿՌ մեդիա-Արմենիա» ընկերությունների խմբի ղեկավար Տիգրան Հակոբյանից մեկնաբանություն ստանալ «Դար 21» հեռուստաընկերության փակվելու հնարավորության մասին վերջին օրերին շրջանառվող լուրերի առնչությամբ: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանի ընտանիքին պատկանող «Դար 21» հեռուստաընկերությունն անցած տարվանից ընդգրկված է «ՄԿՌ մեդիա-Արմենիա»-ի կազմում: Հարցը լսելուց հետո Տիգրան Հակոբյանը, հավասարակշռությունը կորցնելով, սկսել է գոռգոռալ լրագրողի վրա, իրեն թույլ տալով նաեւ վիավորական արտահայտություններ: Զազրելին այն է, որ նման վարք դրսեւորող անձը թերուս օլիգարխ կամ պատգամավոր չէ, այլ մի մարդ, որը երկար տարիներ լրագրող է եղել, ղեկավարել է ՀՀ «Հեռուստառադիոպետկոմը», «Արմենպրես» լրատվական գործակալությունը եւ այսպես շարունակ: Արդյոք նա որպես լրագրող աշխատելիս նման վերաբերմունք է ակնկալել նրանցից, ում հարց է տվել: Թերեւս պատասխանն ավելի խոսուն է:
ՈՎ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Օրերս Երեւանի ապամոնտաժված վերջին հին շենքերից մեկի` Արամի 30-ի տարածքում կառուցապատում իրականացնող սփյուռքահայ գործարար Ավետիս Կարագուլյանը, ով Երեւանի կենտրոնում բազմաթիվ նորակառույց շենքերի սեփականատերն է, երեկ հրավիրած մամլո ասուլիսում հանդես է եկել առաջին հայացքից ցինիկ թվացող, բայց շատ կարեւոր մի հայտարարությամբ.«Ես չգիտեմ՝ պատմական շենք էր, թե ինչ էր, ինձ քանդելու իրավունք են տվել: Խնդիրը ինձնով չի սկսած, ոչ ալ ինձնով կվերջանա, բայց ես սպասեցի 2-3 տարի, նույնն է հարցը, մեկը ինձի չասավ, որ ասիգա հուշարձան է կամ պիտի չքանդվի…»: Ավելի անկեղծ եւ խնդրի իրական պատկերը վեր հանող հայտարարություն, թերեւս, մինչ օրս որեւէ կառուցապատող չէր արել:
Իրականում որն է Կարագուլյանի, Մայրապետյանի, Մկոյանի, Ալեքսանյանի կամ մեկ այլ կառուցապատողի մեղքը. նրանք գործարարներ են, որոնք որեւէ նախագծում գումարներ ներդնելով` ակնկալում են հնարավորինս մեծ շահ, եւ դա միանգամայն բնական է: Մեղադրել այդ մարդկանց քաղաքը այլանդակելու կամ այլ հանցանքների մեջ, մեղմ ասած, անհեթեթություն է: Այդ մարդիկ որեւէ պարտավորություն չունեն մեր քաղաքը չաղճատելու. դրա համար կա օրենք, եւ կան քաղաքային իշխանություններ: Ի վերջո, երեւանցիները Մայրապետյանին կամ Կարագուլյանին չեն ընտրել, այլ ընտրել են Երեւանի քաղաքապետին, իսկ դրանից առաջ էլ` այդ քաղաքապետին նշանակողին:
Մինչդեռ մեր իրականությունում բազմաթիվ են դեպքերը, երբ հենց քաղաքը պահպանելուն կոչված պաշտոնյաները ոչ միայն իրենք են հանդիսանում բազմաթիվ ապօրինի շինարարությունների ստվերային սեփականատերերը, այլեւ հաճախ այս կամ այն գործարարին «խելքի են գցում», որ հնրավոր է մինչ այս անձեռնմխելի կառույցներին դիպչել: Օրինակ` այդպես ձեւափոխվեց Փակ շուկան, այդպես կառուցապատվեց Օպերայի հարակից կանաչ հատվածը, սրճարանապատվեց ողջ Օղակաձեւ զբոսայգին, այդպես «կազինոյի» վերածման վտանգի առջեւ հայտնվեց Մարզահամերգային համալիրը եւ այլն, եւ այլն:
Եվ անկախությունից ի վեր չեղավ գեթ մեկ քաղաքապետ, որը ոչ միայն կընդդիմանար քաղաքի ճարտարապետական տեսքն աղճատող կառուցապատման որեւէ նախագծի, այլեւ ինքը չէր առաջարկի քաղաքի այս կամ այն «յուղոտ կտորը», բնականաբար, համապատասխան ակնկալիքներով: Մինչ օրս եղած միակ բացառությունը Մաշտոցի պուրակի կառուցապատումն էր, որն էլ, ինչպես հիշում ենք, կանխվեց ոչ թե քաղաքապետ տարոն Մարգարյանի, այլ նրան «սիրուն չէ» հրահանգած Սերժ Սարգսյանի կողմից: Եվ երբ այդ նույն պուրակի համար պայքարող ակտիվիստները դա ընդունեցին ցնծությամբ, այ, հենց դրանով էլ ամրագրեցին Սերժ Սարգսյանի, Տարոն Մարգարյանի կամ Ավետիս Կարագուլյանի իրավունքը` քաղաքն աղճատող այս կամ այն կառուցապատումն իրականացնել բացառապես «սիրունության» մասերին սեփական պատկերացումներից, այլ ոչ թե օրենսդրությունից ելնելով: