Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ փետրվարի 2-ին տեղի է ունեցել կառավարության այս տարվա անդրանիկ նիստը:
Իր ելույթում Նախագահ Սահակյանն անդրադարձել է 2015թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությանը մեր երկրի վրա՝ նշելով, որ ժամանակին ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումների շնորհիվ հաջողվել է մեղմացնել այն եւ ապահովել ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերը:
Խոսելով 2015 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում կառավարության կատարած աշխատանքների մասին՝ Նախագահը, ընդհանուր առմամբ, դրանք գնահատել է բավարար:
Ինչ վերաբերում է 2016թ. անելիքներին՝ Բակո Սահակյանը կարեւորել է բյուջետային միջոցների արդյունավետ, խնայողաբար ու նպատակային օգտագործումը՝ հավելելով, որ դրանք պետք է ունենան սոցիալական ուղղվածություն:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել 2016 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ՝ նշելով, որ կառավարությունից եւ նրա ստորաբաժանումներից ակնկալում է ակտիվ, արդյունավետ ու համակարգված աշխատանք: