Հիմք ընդունելով «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձաժողովի 2016 թվականի փետրվարի 2-ի «Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին» N 2 որոշումը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշել է.
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն նշանակել Արման Արմենի Սաղաթելյանին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի քարտուղարը կստանձնի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնը: Եվ ահա, մեր կանխատեսումները երկար սպասեցնել չտվին:
Հիշեցնենք նաև, որ Սաղաթելյանն ավելի վաղ հանդես էր եկել համացանցային գրառմամբ, որով տեղեկացրել էր, որ ազատման դիմում գրելուց հետո իրեն նոր աշխատանքի առաջարկ է արվել:
Արման Արմենի Սաղաթելյանը ծնվել է 1975թ. օգոստոսի 26-ին՝ Երևանում: 1992 թվականին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը, 1997 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան: 1997-2000 թվականներին սովորել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ասպիրանտուրայում։
1997—1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես «Զինուժ» հեռուստահաղորդման թղթակից և հաղորդավար։ 2000—2010թթ. աշխատել ՀՀ ՊՆ համակարգում՝ որպես քարոզչության և հասարակայնության հետ կապերի մասնագետ, «Զինուժ» հաղորդաշարի հաղորդավար։ ՀՀ ԶՈՒ պահեստազորի կապիտան է։
2010—2011թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական։ 2011-2012թթ. եղել է «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրեն, 2012-2013թթ. `«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ։
2011-2013 թվականներին ղեկավարել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնը:
Քաղաքական գիտությունների թեկնածու է: Մի շարք գիտական հոդվածների և ուսումնական ծրագրերի հեղինակ է:
2013 -2015թթ. աշխատել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար:
Պարգևատրվել է «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Գարեգին Նժդեհ» մեդալով, անվանական զենքով: