ՀԱԿ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ
Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: Նիստում հաստատվել են կուսակցության վարչության եւ հանրապետական խորհրդի կանոնակարգերը, ինչպես նաեւ կուսակցության ոլորտային հանձնաժողովների ցանկը եւ նրանց գործառույթները: Քննարկվել են նաեւ ներքաղաքական ոլորտին առնչվող հարցեր:
ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐ ԵՎ ՃՆՇՈՒՄՆԵ՞Ր
Նախախորհրդարանի երեկվա հանրահավաքի ժամանակ պահակազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, թե Նախախորհրդարանի անդամների նկատմամբ սկսվել են հետապնդումներ: Նրա խոսքով` հեռախոսազրույցների գաղտնալսումները, հետապնդումները, աշխատանքի վայրում գործադրվող ճնշումները Նախախորհրդարանի եւ «Սարդարապատ» շարժման անդամների համար դարձել են սովորական երեւույթ: Սակայն, ըստ նրա, ամենամտահոգիչն այն է, որ հնչում են կյանքի դեմ ուղղված անուղղակի սպառնալիքներ. «Մասնավորապես՝ նման սպառնալիքներ են ուղղվել Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ: Իսկ Գարեգին Չուքասզյանի հարեւաններին այցելել են մարդիկ, ովքեր իրենց տարօրինակ են պահել եւ ներկայացել են որպես սոցիալական ծառայության աշխատակիցներ, սակայն իրենց ծառայության հետ բնավ ոչ մի առնչություն չունեցող հարցեր են տվել»:
ՀՈՎԻԿ ԵՐՐՈՐԴԸ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պապիկ են դարձել: Նրանք տղա թոռնիկ են ունեցել, որին կնքել են Հովիկ Աբրահամյանի անունով` Հովիկ: Հիշեցնենք, որ Հ. Աբրահամյանը Հովիկ անունով արդեն երկու թոռ ուներ:
ԷԼԻ ԿԱՐԿՈՒՏ
Մայիսի 31-ին տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են Վայոց Ձորի մարզի Սալլի գյուղի պտղատու ծառերը եւ ցանքատարածքները:
ԱՌԱՋԱՐԿ
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կառավարությանն առաջարկել է, իր իսկ խոսքով, լավ լուծում` թանկացնել միայն ատոմակայանից գնվող հոսանքը: «Այսօր 11 դրամով ենք ձեռք բերում, 11-ը դարձնել 13-13,5 դրամ, եւ այդքանը բավական է, որ ատոմակայանի միջոցները, այդ հավելյալ մուտքերն ավելանան եւ ուղղվեն աշխատավարձերի բարձրացմանը: Միայն գազով պայմանավորված` էլեկտրաէներգիայի թանկացումը 2,5 դրամից չի անցնում: Այսինքն` կարելի է ոչ թե 8 դրամ թանկացնել հոսանքը, այլ 4 դրամ»:
ՍԴ-Ն ՄԵՐԺԵՑ
Սահմանադրական դատարանը մերժել է ՀԱԿ ներկայացուցիչներ, 2008թ.-ի մարտի 1-ի քրեական գործով ազատազրկման դատապարտված եւ հետագայում վաղաժամկետ ազատ արձակված Աշոտ Մանուկյանի եւ Արամ Բարեղամյանի դիմումները: ՍԴ-ն որոշել է, որ դիմումատուների կողմից վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման վարույթի մասով, համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:
ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ադրբեջանի Միլի մեջլիսի ընդունած փոփոխություններով` կարգելվի քաղաքացիական հայց ներկայացնել երկրի նախկին նախագահի կամ նրա կնոջ կենսաթոշակի եւ սոցիալական նպաստի նկատմամբ: Նախկին նախագահի կենսաթոշակը կկազմի գործող նախագահի աշխատավարձի կեսը` 7 հազար 500 մանաթ (շուրջ 9 հազար 500 դոլար), ինչպես գործող, այնպես էլ նախկին նախագահին եւ նրա կնոջը կհատկացվեն ցմահ դիվանագիտական անձնագրեր, եւ նրանք կունենան դիվանագիտական հատուկ կարգավիճակ: