2015 թվականին երկարատեւ լռությունից հետո իր դռները բացեց 1990 թվականին հիմնադրված եւ 90-ականներին հայ ժամանակակից երաժշտական աշխարհում ճանաչում ձեռք բերած «Արձագանք» ձայնագրման ստուդիան, որը, փաստացի, չէր գործում 2007 թվականից: «Ժողովուրդ»-ը զրուցել է ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանի հետ՝ անդրադառնալով այսօր իրենց առջեւ դրված խնդիրներին, երգարվեստում առկա միտումներին: Ե. Պետրոսյանը պատմել է նաեւ, թե ինչու ինքը չի կարողանում այսօր «լավ բաների մասին» երգ գրել:
-Պարո՛ն Պետրոսյան, հետաքրքիր է՝ կա՞ մի նոր ձեռագիր, որ որդեգրել է ստուդիան, թե՞ նախկին ուղղվածությունն եք պահում:
-Այո՛, իհարկե, կա: Մեր այժմյան գործունեությունը ծավալվում է կենդանի ձայնագրության (խմբերի) շրջանակներում, քանի որ հիմա ստուդիայում խմբերի ձայնագրելու հնարավորություն կա: Հիմա, օրինակ, կատարում ենք ձայնագրություն, որին մասնակցում է 5 երգիչ, այդ թվում՝ Գերմանիայից, Անգլիայից, Շվեյցարիայից եւ երկու հոգի՝ Հայաստանից: Շատ հետաքրքիր նախագիծ ենք իրականացնում՝ ուղղված պատերազմների դեմ:
-Երկար տարիներ է՝ այս ոլորտում եք: Վերջին տարիներին երգարվեստում նկատվող միտումներ կա՞ն, որոնց հետ այդպես էլ չեք համակերպվում:
-Այո՛, կարծում եմ՝ մենք աստիճանաբար գնացինք դեպի վատը: Զգում եմ, որ օրիգինալ ոճեր, հնչողություն, ձայներ, մտածողություն չեն ստեղծվում: Չեմ նկատում, օրինակ, որ երաժիշտը փորձի նոր ձեռագիր բերել: Այսօր ստեղծվում է քեֆի երաժշտություն, այն էլ՝ իրարից թխելու միջոցով: Հիմա ստեղծվում է անհեռանկար երաժշտություն. դրա համար անհանգիստ եմ: Այժմ տեխնիկական խնդիրներ չկան, ինչպես մեր երիտասարդ տարիներին, բայց երաժշտական առումով հիմա խեղճ ենք:
-Նոր երգեր ստեղծելու մասին մտածո՞ւմ եք:
-Հա, իհարկե: Ես հիմա ուշադրությունս սեւեռել եմ այն նյութերի վրա, որոնք այդպես էլ «բախտ չունեցան» թողարկվելու: Երեւի թե դրանք ժամանակից առաջ էին ընկած կամ չէին սազում այդ ժամանակին ո՛չ իրենց մտածելակերպով, ո՛չ մեղեդիով: Չէ՞ որ դու պետք է մի քիչ կոմպրոմիսի գնաս, որ երգը կյանք ունենա. կոմպրոմիս՝ ժամանակի, ունկնդրի, ինքդ քեզ հետ:
-Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի մեր ժամանակների երգը:
-Ընդհանրապես, ցանկացած երգի բովանդակությունը սերն է, ամեն բան դրա շուրջն է պտտվում. սեր՝ մարդու, հայրենիքի, բնության նկատմամբ: Այդ բովանդակությունը, սակայն, երբեմն էլ մաղձն է լինում, բողոքը, դա էլ կա…
-Եթե փորձեք Ձեր բողոքը վերարտադրել, ինչի՞ դեմ այն կլինի:
-Այսօր ես շատ մեծ բողոք ունեմ մեր երկրի իշխանավորների դեմ, որոնք շատ վատ են վերաբերվում մեր ժողովրդին, հայրենիքին. այս ամեն ինչը հեչ իմ սրտով չի: Ես սա ասում եմ որպես քաղաքացի եւ որպես մարդ, որը, գուցե, ավելի խորն է մտածում, քան ոմանք: Երբ մարդիկ քո կարծիքի հետ հաշվի են նստում, դու պարտավորություն ունես կա՛մ մխիթարելու, կա՛մ առաջնորդելու, կա՛մ հանգստացնելու նրանց: Բայց դու տեսնում ես ժողովուրդ, որը, ցավոք սրտի, շատ խեղճացած է, դեգրադացված, եւ ոչինչ չի արվում՝ այդ ամենը շտկելու համար:
-Գուցե ելքը լուսավոր երիտասարդնե՞րն են, որոնց մասին Դուք հաճախ խոսում եք:
-Լուսավոր երիտասարդներ, այո, կան, կան նաեւ այնպիսիք, որոնք կարծիք են ասել, ըմբոստացել են այս իրավիճակի դեմ եւ հիմա փակի տակ են, բանտերում են: Սա անթույլատրելի բան է. այդ երիտասարդները պետք է սերունդ դաստիարակեն, ոչ թե փակի տակ մնան: Բայց այսպես թալանչիների համար հարմար է, պատասխանատվությունից խուսափում են, իրենք իրենց հավեսին ինչ ուզում, անում են. ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէ: Իսկ նա, ով ասում է՝ ընկերնե՛ր, այս ամենը սխալ է, արդեն «պատասխանատվության» է ենթարկվում: Ամեն դեպքում՝ լուսավորները պետք է շարունակեն լուսավոր մնալ՝ մյուսներին վարակելու համար:
-Այսինքն՝ իշխանավորները որդեգրել են լուսավորներին ճնշելու քաղաքականությո՞ւն:
-Այո՛, որ իրենց ծրագրերից ոչ մի բան չխաթարվի. «Ալո»-ից հետո «Բլո»-ն գա, հետո՝ «Չալո»-ն, քաջնազարները մեկը մյուսին փոխարինեն: Ես չեմ համակերպվում այս իրավիճակի հետ, չեմ համակերպվում, որ մեր ժողովուրդը, որով մենք այնքան հպարտանում ենք, այսօր այսքան խեղճ է: Դա ինձ շատ է ցավեցնում եւ խանգարում է լավ բաների մասին երգ գրել:
-Երգն այս պարագայում ի՞նչ կարող է անել:
-Երգը համախմբելու, ոգեւորելու, մարդու տրամադրությանը համահունչ լինելու խնդիր է լուծում… Հո միայն «տռճիկ» տալո՞վ չի: Մեր բոլոր վաստակավորները հիմնականում այնպիսի երաժշտություն են ներկայացնում, որի տակ կարելի է «տռճիկ» տալ, ու ոնց որ թե իրենք ավելի են գնահատվում, քան երաժշտության մեջ նոր խոսք ասողները:
-Իսկ լավ երաժշտությամբ հնարավո՞ր է ապաքինել Ձեր ասած խեղճ ժողովրդին:
-Ո՛չ, ապաքինել հնարավոր կլինի միայն քաղաքական ճիշտ քայլերով, կրթելով ու դաստիարակելով, ամենապատասխանատու դաշտում եւ ամենավատ վիճակում գտնվող դպրոցների մակարդակը բարձրացնելով: Վատ դաստիարակությամբ լավ քաղաքացի, լավ ծնող չեն դառնա, իսկ այսօր դպրոցները վերածվել են ընտրական շտաբների: Մեր ժողովուրդը պարտավոր է ամեն բան անել՝ լավ ու արժանապատիվ կյանքով ապրելու համար: Ես չեմ ուզում տարիներ անց խաբված լինել՝ հասկանալով, որ մեր ժողովուրդն այնպիսին չէր, ինչպիսին ես էի պատկերացրել…
«ԱՅԴ ՉԻՆՈՎՆԻԿԻՆ ԵՐԳՍ ԴՈՒՐ ՉԻ ԵԿԵԼ»
Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը մեծ ցանկություն ունի, որ իր հեղինակած «Արծվաբույն» պիեսը` նվիրված ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանին, վերածվի ֆիլմի: Հիշեցնենք, որ այն 2002թ. բեմադրվել է Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: «Ռեժիսոր ընկերներ ունեմ, որոնք կողքիս են, պատրաստ են ֆիլմը նկարահանել, սակայն մեզ ֆինանսական աջակցություն է հարկավոր, հուսով եմ` այս տարի այդ ցանկությունը կիրականացվի»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց երգիչը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ կան նոր երգեր, որոնց վրա ինքը հիմա աշխատում է. «Տեւական ժամանակ է` նոր տեսահոլովակ չեմ ներկայացրել: Ունեմ, օրինակ, մի նոր երգ, որը կոչվում է «Ես հասկացա», թե ինչ թեմայով է այն, մինչեւ հիմա չեմ հասկացել, չհասկանալու մասին է»,-կես կատակ-կես լուրջ ասաց Դ. Ամալյանը` հավելելով, որ հնարավոր է՝ հենց այդ երգի հիման վրա էլ նկարահանվի սպասված տեսահոլովակը:
Երգիչը հուսով է նաեւ, որ այս տարի մեծ մենահամերգով հանդես գալու հնարավորություն կունենա. «Եթե մենահամերգով հանդես գամ, դա կլինի աշնանը: Ես սովոր եմ իմ նոր երգերը հանդիսատեսին մատուցել համերգների տեսքով»,- նշեց նա: Դ. Ամալյանը արդեն հրավերներ ունի նաեւ արտերկրից. նա մի քանի երգչների հետ պատրաստվում է մարտին մեկնել Մոսկվա` հայ հանդիսատեսի համար համերգներով հանդես գալու նպատակով: Մենք հարցրինք` արդյոք առաջիկայում կլինեն դուետներ հայտնի արտիստների հետ, ինչին նա պատասխանեց. «Երբ համապատասխան երգ ծնվի, կերգեմ, ասենք, Ռուբեն Հախվերդյանի, Լեյլա Սարիբեկյանի հետ, օրինակ… Ի դեպ, օրերս Մխիթար Ավետիսյանի հետ մի երգ երգեցինք, շատ լավ ստացվեց, չի բացառվում, որ միասին հանդես գանք զուգերգով, բայց սա դեռեւս ցանկություն է»:
Մենք նաեւ հարցրինք, թե արդյոք Դ. Ամալյանը իր երգերում պատրաստվում է անդրադառնալ ներքին քաղաքական խնդիրների. «Երբեք չեմ գրել այդ թեմայով, բայց մեկ-երկու երգ ունեմ մարդկային անարդարության դեմ բողոքի մասին: Դրանցից «Առուծախ»-ն, օրինակ, այն մասին է, որ ամեն ինչից բողոքում ենք, բայց մեղավորն իրականում մենք ենք: Եղել են դեպքեր, երբ չինովնիկների ներկայությամբ այդ երգերը երգել եմ, բացի մի հոգուց, ուրիշ բողոք չի եղել: Ինձ ինֆորմացրել են, որ այդ մի հոգուն երգը դուր չի եկել: Ընդհանրապես, ես միշտ ասում եմ` սիրելի՛ քաղաքականություն, դուք շատ փոքրիկ եք, որ ինչ-որ մեկը ձեր մասին նստի ու երգ գրի: Ձեր մասին երգ կարող են գրել քաղաքական գործիչները, բայց իրենց գրած երգն առանձնապես լավը չի: Ես երգը գրում եմ մարդու համար, եթե դա նրան դուր է գալիս, այդ թվում` այն մարդուն, ում չեմ սիրում, ուրեմն վերջինիս մարդկային հատկանիշն այդ պահին աշխատել է»,-եզրափակեց երգահանը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՏԵՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Վահան Տերյանը լեգենդ է իր մանկությամբ, իր պատանեկությամբ, երիտասարդությամբ, իր գործունեությամբ եւ լեգենդ դարձավ իր վախճանով: Մեծ գրող Վահան Տերյանի ծննդյան 131-ամյակի նախօրեին լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ է հայտնել «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանը: Նա նշել է, որ Տերյանը մուտք գործեց հայ գրական ասպարեզ այն ժամանակ, երբ արդեն կային մեծ վարպետներ. «Նա 22 տարեկան էր, երբ մուտք գործեց հայ գրականության ասպարեզ, բերեց իր խոսքը, ոճը, պոեզիան, ինքն իր տեղը բացեց, Տերյանն այդ ժամանակն էլ դարձրեց իրենը»,-ասել է նա: Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն էլ իր հերթին նկատել է, որ պետք չէ գովել Տերյանին, պարզապես պետք է կարդալ: «Պետք է Վահան Տերյանի մասին ֆիլմ նկարահանել, քանի որ նա ոչ միայն մեծ պոետ էր, այլ նաեւ պետական գործիչ: Պատահական չէր, որ Տերյանին աքսորեցին Սիբիր»,- նշել է Տեր-Գուլանյանը: Հիշեցնենք, որ այսօր նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու եւ հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան օրն է (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան, փետրվարի 9, 1885-հունվարի 7, 1920):
ՀԱՅ-ՇՎԵԴԱԿԱՆ
Շվեդիայի հնագույն թանգարանում՝ Թագավորական զինապալատում, անցկացվում են Հայաստանի օրեր, որոնք կազմակերպվել են թանգարանի եւ Շվեդիայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով։ Փետրվարի 4¬ին Ստոկհոլմի թագավորանիստ պալատում տեղակայված թանգարանում տեղի է ունեցել «Հայ¬շվեդական պատմական առնչությունները» խորագրով դասախոսություն, որին ներկա են եղել Շվեդիայի թագավորական արքունիքի անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, մշակութային հաստատությունների ղեկավարներ, լրագրողներ եւ հայ համայնքի անդամներ։ Հայաստանի օրերի շրջանակում կազմակերպված կենտրոնական միջոցառումն է «Մետաքսի առեւտրի հետքերով. հայ վաճառականները Կարլ 11¬րդի արքունիքում» խորագրով ցուցադրությունը։ Այն նվիրված է 1687թ. Նոր Ջուղայի հայ վաճառականների կողմից Շվեդիա առաջին անգամ մետաքս ներկրելու պատմությանը։ Ցուցահանդեսը ներկայացված է լինելու ամբողջ 2016թ. ընթացքում։
«ԹԵԺ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
Վերջերս ինտերնետային կայքերից մեկը (Past.am) հրապարակել էր ուսումնասիրություն, ըստ որի՝ Facebook սոցիալական ցանցում բավականին ակտիվ օգտատեր համարվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ունի «լուրջ մրցակից»` ի դեմս դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի: Եթե նախարարը հասցրել է սոցցանցում ունենալ 65.127 հետեւորդ, ապա Նազենին նրան քիչ է զիջում` մոտավորապես 2000-ով` ունենալով 63.230 հետեւորդ: Սակայն, ինչպես երեւում է հայտնիների ֆեյսբուքյան էջերից, այս մրցակցությունը նույնիսկ զվարճացնում է նրանց. «Ես Նազենիի կողմնակիցն եմ»,- գրել է ԿԳ նախարարը: «Դե, ինչ ասեմ, առողջ մրցակցությունն ամեն դեպքում հա՛մ հաճելի է, հա՛մ արդյունավետ: Հետաքրքիր դիտարկում-հաշվարկ էր»,- իր հերթին նշել է Նազենին: