Գիրք նվիրելու օրվա առիթով մայրաքաղաքի դպրոցների աշակերտներն այցելել են Երևանի քաղաքապետարան և օրվա խորհրդի շրջանակում գրքեր նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Շնորհավորելով աշակերտներին՝ Երևանի քաղաքապետն էլ, շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար, նաև գոհունակությամբ արձանագրել է, որ ի պատիվ երեխաների ծնողների և ուսուցիչների, այսօր ունենք հայեցի ու հայրենասեր դաստիարակված սերունդ: Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով Տարոն Մարգարյանն իր հերթին երեխաներին է նվիրել Երևանի մասին պատմող պատկերազարդ ալբոմներ և մաղթել նրանց նորանոր հաջողություններ ուսման մեջ:
Քաղաքապետարան այցելած դպրոցականները գրքեր են նվիրել նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին, քաղաքապետի տեղակալներին: Ի դեպ, աշակերտները նույն առաքելությամբ հանդիպել են նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: