Շարունակում ենք ներկայացնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ «Ժողովուրդ»-ի զրույցը:
-Պարո՛ն Աբրահամյան, խոսե՞լ եք Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, ի վերջո, ի՞նչն է եղել այդ դաժան սպանության պատճառը, եւ ի՞նչը հասցրեց այդ մարդկանց Ս. Խաչատրյանի տուն:
-Նախ առիթն է հարկավոր ճշտել: Ես չեմ տեսել, չեմ հարցրել, չգիտեմ, քանի որ գործը հիմա քննվում է, թող քննվի, կիմանանք: Բայց ես մի բան եմ ուզում ասել, անկախ նրանից՝ ով ուզում է լինի, չի կարելի գնալ տան, երեխաների, կնոջ վրա: Յուրաքանչյուր դեպք դատապարտում եմ եւ գտնում, որ պետք է իրավապահ մարմիններն անկաշկանդ, ազնվորեն, թափանցիկ քննություն կատարեն եւ մեղավորներին պատժեն, անկախ նրանից` կլինի Սուրիկ Խաչատրյան, Հովիկ Աբրահամյան կամ որեւէ մեկը: Ես համոզված եմ, որ արդար քննություն կկատարվի:
-Բայց Ս. Խաչատրյանը հայտարարել է, որ ինքն ամեն ինչ անելու է՝ իր որդին ազատ արձակվի, որովհետեւ նա ընդամենը պաշտպանվել է:
-Բացառում եմ, որ Ս. Խաչատրյանը կարող է ճնշում գործադրել իրավապահների վրա:
-Ինչո՞ւ: Խաչատրյանն ու անպատժելիությունը վերջին տարիներին հոմանիշներ են դարձել:
-Վատ բան է: Քննադատում եմ յուրաքանչյուր անպատժելիություն: Չի կարելի: Պետք է յուրաքանչյուր դեպքի տալ գնահատական: Իսկ պաշտոնյայի հանդեպ պետք է ավելի ուշադիր լինել:
-Այս առումով Դուք էլ «չեք փայլում»: Ձեր որդին ու եղբորորդին էլ կրակեցին, մեքենաներ վառեցին Արտաշատում. Գազի Հովոյի հայտնի պատմությունը:
-Ո՞նց, չպատժվեցի՞ն:
-Ձեր կողմը չպատժվեց:
-Իմ եղբորորդու վրա էին կրակել:
-Այսինքն` էլի տուժողը դուք էիք:
-Դա փաստ է:
-Ձերոնք վառել էին նրանց մեքենաները:
-Ճիշտ է: Հատուցել են: Եվ մի հոգի էլ՝ հենց վառողը, նստել էր վեց ամիս: Դրանց տղաներն էլ են նստել:
-Հիմա ի՞նչ հարաբերությունների մեջ եք Գազի Հովոյի հետ:
-Շատ նորմալ: Ճիշտն ասած, իրենք էին այդ սխալը թույլ տվել, իրենք էին կրակել: Բայց Ձեզ ասեմ, որ դա իմ որդու հետ կապված չի եղել, ճշտե՛ք: Դա եղել է իմ եղբորորդու հետ: Թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, գոնե իմ որդու հետ նման որեւէ դեպք դեռ չի արձանագրվել, եւ Աստված տա` չարձանագրվի:
-Պարո՛ն Աբրահամյան, գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ում Դուք ներկայացնում եք Գագիկ Ծառուկյանին պաշտպանող թեւը, վարչապետն ունի իր երիտասարդ նախարարներին, որոնք ընդդեմ Ծառուկյանի թեւն են կազմում, եւ նախագահի թեւը, որը փորձում է հավասարակշռել երկու կողմերին: Ինչո՞ւ է նման իրավիճակ առաջացել:
-Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ մի թեւ էլ չկա: Ինչ վերաբերում է Ծառուկյանին, ես այդ հարցին պատասխանել եմ, մի անգամ էլ կպատասխանեմ: Ծառուկյանի հետ մեր համագործակցությունը, մեր քննարկումը բխում է ընդհանուրի, բոլորի շահերից, պետության, երկրի շահերից, համերաշխություն, հաշտություն տարածելու շահերից: Ոչ մի պատերազմ մեր ժողովրդին լավ բան չի տվել, միայն մարդկային կորուստներ:
-Ինչո՞ւ այդ նույն սրտացավությամբ, օրինակ Դուք, չեք ցանկանում, որ քաղաքական մյուս ուժերի հետ իշխանությունը համերաշխ լինի:
-Հիմա Դուք Ազգային ժողովում չե՞ք նկատում՝ մենք ինչքան ջերմ համագործակցում ենք նույն օպոզիցիոն ուժերի հետ:
-Բայց Դուք նույն «օպոզիցիոն ուժերի» ներկայացուցիչներին այնպես չեք պաշտպանում, օրինակ, լրագրողներից, ինչպես արեցիք Գ. Ծառուկյանի դեպքում մայիսի 28-ին Սարդարապատում:
-Ազնիվ չեք: Ես ասել եմ` մենք գնում ենք, ուշացանք, պայմանավորվածություն ունենք: Բայց ինքը մինչեւ այդ խոսում էր:
-Իսկ Դուք ամենակարեւոր պահին նրան օգնության հասաք:
-Բայց ես ի՞նչ իմանամ, որ ամենակարեւոր պահն էր: Ես մոտեցել եմ ու ասել` շարժվեցինք (ժպտում է-Թ.Թ.):
-Իսկ հիմա Ծառուկյանը ո՞ր կողմում է` իշխանությա՞ն:
-Բայց ինչո՞ւ այդ հարցերը Ծառուկյանին չեք տալիս: Իրենք հայտարարել են իրենց այլընտրանքային քաղաքական ուժ, համագործակցում են: Իրենց տեսակետը միշտ քարտուղարը՝ Նաիրա Զոհրաբյանը, հայտնում է, որ լավ օրինագծերը պաշտպանելու են, իսկ վատերին էլ դեմ կլինեն: Ձեզ ասեմ, որ դա նորմալ վերաբերմունք է: Նույնն էլ մենք պետք է անենք: Վատ նախագիծ է գալիս, որ պետության ու ժողովրդի շահերից չի բխում, պետք է դեմ լինենք: Օրինակ` Հրանտ Բագրատյանը տնտեսության հետ կապված ահագին լուրջ, նորմալ առաջարկություններ ունի, որ մենք պետք է քննարկենք: Համոզված եմ՝ մեր համագործակցությունը գնալով ավելի կամրապնդվի: Ես գոնե դրան եմ տանելու:
ԻՐԵՆՔ ԷԻՆ ՍԽԱԼԸ ԹՈՒՅԼ ՏՎԵԼ, ԿՐԱԿԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ