Եվրոպայի առաջատար ֆուտբոլային երկրների առաջնություններն ավարտվել են, եւ ակումբները նախապատրաստվում են նոր` 2013-2014թթ. մրցաշրջանին: Այդ ընթացքում առաջնային պլան է մղվում նաեւ թիմերի կազմի հարցը, եւ սկսվում է բանակցությունների ակտիվ շրջանը:
Բնական է, հայ ֆուտբոլասերներին առաջին հերթին հետաքրքրում է հայ ֆուտբոլիստների ճակատագիրը, հատկապես նրանց, ովքեր համալրել կամ համալրելու են ազգային հավաքականը: Նախ ներկայացնենք արդեն կայացած տեղափոխությունները: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը հինգ ամսվա վարձակալության պայմանագիր է կնքել Ղազախստանի չեմպիոն Կարագանդայի «Շախտյոր»-ի հետ»: Իսկ տեղափոխության հիմնական պատճառը, ըստ ֆուտբոլիստի, «Մետալուրգ»-ում քիչ խաղային ժամանակ ունենալն էր: Եվ նա տեղափոխվել է ոչ թե գումարի, որը գրեթե նույնն է, ինչ «Մետալուրգ»-ում էր, այլ լավ մարզավիճակ ունենալու համար: Իհարկե, Գեւորգի լավ մարզավիճակ ունենալն օգտակար կլինի նաեւ ազգային հավաքականի համար: Ի դեպ, «Շախտյոր»-ը Ղազախստանի վերջին երկու տարվա չեմպիոնն է եւ այս տարի պիտի հանդես գա Չեմպիոնների լիգայում: Այս տարի նույնպես «Շախտյոր»-ի առջեւ դրված հիմնական նպատակը Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի խմբային փուլ դուրս գալն է: Հիշեցնենք, որ ղազախական մեկ այլ ակումբում` «Ակտոբե»-ում է հանդես գալիս հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:
Իսկ ահա մեր հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալ»-ում, որը նվաճել է Ռուսաստանի պրեմիեր լիգայի 2013-2014թթ. խաղարկության ուղեգիր: Ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ին, սակայն վերջին 2 մրցաշրջաններում նա վարձավճարով հանդես է եկել այլ ակումբներում: 2012-2013թթ. մրցաշրջանում Սարկիսովը ելույթ ունեցավ Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ում` ՌԴ առաջնությունում խփելով 3 գնդակ: Եկատերինբուրգի «Ուրալ»-ում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի մեկ այլ հարձակվող՝ Էդգար Մանուչարյանը, իսկ թիմի ավագն է Դենիս Թումասյանը, որը վերջերս ճանաչվեց Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 2012-2013թթ. խաղարկության լավագույն պաշտպան:
Ըստ բրիտանական «Telegraph Sport»-ի տեղեկության՝ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեր հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գնելու որոշում է կայացրել` վճարելով ֆուտբոլիստի պայմանագրում նշված հրաժարագնով սահմանված գումարը` մոտ 30 միլիոն եվրո: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «մերսիսայդյան» ակումբի տնօրեն Յան Էյրը չեղյալ է հայտարարել Բրազիլիա ուղեւորությունը եւ մեկնել Դոնեցկ, որպեսզի պայմանագիր կնքի Մխիթարյանի հետ: Համաձայն թերթի տեղեկության՝ Հենրիխի տրանսֆերին է հավակնում նաեւ Դորտմունդի «Բորուսիա»-ն:
ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐ, ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ