ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ
«1994 թվականից Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանում հաստատվել է հավատարմության սկզբունք: Կապ չունի՝ Սյունիքում մարզպետն ինչ է անում, Գեղարքունիքում ինչ է անում, Կոտայքում ինչ է անում, կարեւորը, որ էդ մարզպետը վերջում կարողանում է գալ եւ ասել՝ ես այսքան ձայն բերեցի,-երեկ ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` հավելելով, թե «ուզում է հավատալ», որ Սերժ Սարգսյանը կտրուկ փոփոխություններ կանի,-եթե մինչեւ 2017 թվականը, չէ՛, 17-ը շատ եմ ասում, մինչեւ 15 թվականի աշունը չլինի հեղափոխություն վերեւից, դա կլինի ներքեւից»:
Ո՞Վ ԿՍՏՈՒԳԻ
«Եթե 10 անգամ ստուգում եւ 10 անգամ զեկուցում ես կողոպուտի մասին, նշանակում է, որ նախ պետք է քեզնով զբաղվես,-անդրադառնալով ՎՊ տարեկան զեկույցին` երեկ հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը,-9 ամիս առաջ Իշխան Զաքարյանը խորհրդարանում զեկուցում էր ուրիշների չարաշահումների մասին, մինչդեռ նրա կենսագրությունում չկա այնպիսի էպիզոդ, որը կարող է մարդուն անտարբեր թողնել, օրինակ՝ միլիոններ արժեցող առանձնատունը, որը ստիպում է մտածել կոռուպցիոն ռիսկերի մասին»:
ԱՌԱՋԸՆԹԱՑ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանի երկրները» տարեկան զեկույցը, որում ներկայացված են ժողովրդավարության առումով Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի` անցումային փուլում գտնվող 29 երկրներում գրանցված փոփոխությունները: Ըստ այդմ` Հայաստանը առանձնանում է դրական տեղաշարժով եւ այն վեց երկրներից մեկն է, որ բարելավել է իր ժողովրդավարության վարկանիշը: Հայաստանն այս տարի առաջընթաց է արձանագրել շնորհիվ նախընտրական շրջանում լրատվական դաշտում իրավիճակի բարելավման եւ զրպարտության մեղադրանքով հարուցված գործերի զգալի կրճատման: Զեկույցի համաձայն` Հայաստանը լրատվամիջոցների անկախության առումով առաջընթաց արձանագրած միակ երկիրն է:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԵՂԲՈՐԸ
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում եւ Գյումրու ոստիկանությունում: Քաղաքի տարբեր թաղերում` Անի, Մուշ եւ այլն, տեղակայված ոստիկանական բաժանմունքներն օպտիմալացվել են, ինչի արդյունքում վերացել է 18 հաստիք: Նաեւ կրճատվել են ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ծառայության գծով երկու տեղակալները` Համլետ Կիրակոսյանը եւ Հարություն Ավետիսյանը, որն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրն է: