ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՈՒԳԱՆՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկվա նիստում սպառողներին մոլորեցնելու համար տուգանվել են համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Այ թի մաստեր» եւ «Nout.am» ընկերությունները:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը բողոք էր ներկայացրել ՏՄՊՊՀ-ին՝ նշելով, որ «Այ թի մաստեր» համակարգչային խանութ-սրահի գովազդում ասվում է, թե կարելի է ապառիկ գնում կատարել միայն անձնագրով, բայց շատ հաճախորդներ տեղում պարզել են, որ պետք է նաեւ աշխատանքի վայրից տեղեկանք ներկայացնեն:
Բացի այս, հանձնաժողովը բողոքներ է  ստացել  նաեւ մի շարք քաղաքացիներից, որ  «Այ թի մաստեր» եւ «Nout.am»  ընկերություններն ակնհայտորեն խաբում եւ մոլորեցնում են սպառողներին: «Nout.am» անվանումով համակարգչային տեխնիկայի խանութ-սրահի մուտքի մոտ փակցված է գովազդային վահանակ՝ «Ապառիկ տեղում միայն անձնագրով, 0% կանխավճար» բովանդակությամբ: Սակայն իրականացված դիտանցմամբ պարզվել է, որ դա իրականությանը չի համապատասխանում:
Ընկերությունների նման վարքագիծը ՏՄՊՊՀ-ն որակել է անբարեխիղճ մրցակցության դրսեւորում եւ կիրառել տուգանք՝ յուրաքանչյուրին նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով, ինչն օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափն է:
Նորաստեղծ «Դոմինո փրոդաքշն» ընկերությունը նույնպես մոլորեցրել է սպառողներին՝  «Դոմինո վիդեո փրոդաքշն» ընկերության կատարած աշխատանքները վերագրելով իրեն:
«Դոմինո վիդեո փրոդաքշն»-ի նախկին համահիմնադիր Արամ Հարությունյանը ՏՄՊՊՀ է ներկայացրել դիմում՝ նշելով, որ 2009-ին իր, Ֆրանսիայի քաղաքացի Սեւակ Սերոբյանի եւ Աշոտ Առաքելյանի կողմից ստեղծվել է «Դոմինո վիդեո փրոդաքշն» ընկերությունը՝  համապատասխանաբար 34, 33 եւ 33 տոկոս բաժնեմասերով: Գործունեության երկու տարիների ընթացքում ընկերությունն իրականացրել է մի շարք միջոցառումներ, որոնց թվում նաեւ «Գոհար» եւ «Հայաստանի աստղերը» համերգային ծրագրերի կազմակերպումը: Սակայն հիմնադիրների միջեւ ծագած անհաշտության արդյունքում 2013-ի փետրվարին կայացվել է ընկերությունը լուծարելու որոշում: Ա. Հարությունյանը հայտնել է, որ հիմնադիրներից մեկը՝ Ա. Առաքելյանը,  ստեղծել եւ գրանցել է  «Դոմինո փրոդաքշն»  ՍՊԸ եւ համատեղ հիմնադրված ու արդեն լուծարման փուլում գտնվող «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ի կատարած բոլոր գործերն ու մրցանակները վերագրել է իր ընկերությանը` փաստորեն, ըստ դիմումատուի, սուտ տեղեկատվության միջոցով օգտագործելով «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ի բարի համբավը:      
Հանձնաժողովն ուսումնասիրել է եւ պարզել, որ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ի  իրականացրած աշխատանքները՝ տեսահոլովակները, լուսանկարները, ինչպես նաեւ մրցանակները, որպես «Դոմինո փրոդաքշն»-ի աշխատանքի արդյունք ներկայացնելն ու կեղծ տեղեկություններ հրապարակելը կարող է մոլորեցնել հասարակությանը, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է:
«Դոմինո փրոդաքշն» ընկերության հանդեպ կիրառվել է տուգանք՝ նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս