Երեկ՝ առավոտյան, Արարատի մարզի Այգեզարդ համայնքում հարակից մի քանի գյուղերի բնակիչներ բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք նաեւ փակել են Այգեզարդ, Քաղցրաշեն գյուղերի ճանապարհները: Պատճառը ծիրան մթերող բեռնատարների տերերի կողմից առաջարկվող ցածր գինն է:
Գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջի տվյալներով՝ 2013թ. ծիրանի մթերման պահանջարկը կազմում է շուրջ 10.789 տոննա: 2012թ. պտուղ-բանջարեղեն եւ խաղող վերամշակող 40-ական ընկերությունների կողմից մթերվել է մոտ 9 հազար տոննա ծիրան, իսկ 2011թ.՝ մոտ 3 հազար տոննա: 2012թ. հանրապետությունից արտահանվել է մոտ 13 հազար տոննա ծիրան: Իսկ 2013թ. հունիսի 6-ի դրությամբ հանրապետությունից արդեն իսկ արտահանվել է գրեթե 3 հազար տոննա ծիրան:
Այգեպատ համայնքի ղեկավար Սերյոժա Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փորձեց արդարանալ՝ ասելով, որ բողոքի ակցիան իրենց համայնքից չի սկսել. «Մեր գյուղից չի սկսել, մեզ մոտ նման խնդիր չկա: Հարեւան գյուղից է՝ Այգեզարդից: Մեր գյուղից ընդամենը մի քանի հոգի է մասնակցել դրան: Բոլորս էլ կուզենք, որ ծիրանը թանկ գնով վաճառվի, բայց հիմա, որ այսպես է ստացվել, մենք ի՞նչ անենք: Այս պահին ես էլ սպասում եմ, որ կառավարության միջամտությամբ «Սպայկա»-ն գա, ու գնանք դաշտ»: Պետրոսյանի խոսքով՝ «Սպայկա»-ն 1 կգ ծիրանը գնում է 500 դրամով, մյուս ընկերությունները՝ 400-ով, իսկ անցյալ տարի «Սպայկա»-ն 1 կգ ծիրանը մթերել է 600 դրամով, հետո 400-ով, 300-ով:
Նշենք, որ գյուղացիներից ձեռք բերված ծիրանն արտահանում են Ռուսաստանի Դաշնություն, որպեսզի այնտեղ վաճառեն: «Ընկերություններն էլ իրենց հերթին պատճառաբանում են, որ թանկ գնով ծիրան գնելն իրենց ձեռնտու չէ, քանի որ ճանապարհածախսը շատ է: Մի կողմում սա է, իսկ մյուս կողմում՝ գյուղացիները, որոնք ուզում են մի կտոր հացի գումար վաստակել: Իսկ «Սպայկա»-ն էլ դեռ պետք է գա ու իր պայմաններն առաջարկի, եթե գյուղացիներին ձեռնտու է, կաշխատեն իրենց հետ, եթե ոչ, ապա մյուսներին կվաճառեն: Թարսի պես այս տարվա ծիրանը մի քիչ խալոտ է: «Սպայկա»-ն էլ խալոտ ծիրան չի տանում, մյուսները տանում են»,-նկատեց Այգեպատի գյուղապետը:
Այգեզարդի ղեկավար Արթուր Մանուկյանն էլ «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ բողոքի ակցիայից հետո «Սպայկա»-ի ներկայացուցիչները մոտեցել են գյուղացիներին եւ առաջարկել ծիրանը մթերել 500 դրամով, սակայն նրանք չեն համաձայնել. «Գյուղացիները ձայն չհանեցին: Իսկ հիմա ծիրանը նույն մասնավոր ընկերություններին են վաճառում, որոնցից առավոտյան բողոքում էին: 12-13-կիլոգրամանոց մեկ արկղ ծիրանին առաջարկել են 4000 դրամ, այսինքն՝ մեկ կիլոգրամը համարյա 300 դրամ, նույնիսկ ավելի քիչ էլ: Այստեղ խնդիրը ծիրանի որակն է: Բնականաբար, լավորակ ծիրանի համար լավ գին են առաջարկում: Մեկինը կարկուտն է խփել, մյուսինը խալոտ է: Իսկ «Սպայկա»-ն էլ լավորակ ապրանք է պահանջում»:
Ըստ Այգեզարդի գյուղապետի՝ բողոքի ակցիային մասնակցել է ընդամենը 60-70 մարդ: Գյուղացիների հետ հանդիպել են Արարատի մարզպետի տեղակալներ Կառլեն Հակոբյանը, Սամվել Մինասյանը եւ գյուղատնտեսության փոխնախարարներ Ռոբերտ Մակարյանն ու Սամվել Գալստյանը:
Իսկ Արարատի մարզպետի տեղակալ Կառլեն Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ բողոքող գյուղացիները ճանապարհ չեն փակել, ընդամենը դժգոհել են. «Ճանապարհ չեն փակել, պարզապես իրենց դժգոհությունն են հայտնել: Իսկ հիմա գյուղացիներն էլ, գնորդներն էլ համաձայնության են եկել, եւ համատեղ աշխատանքները նորից շարունակվում են: Գները կապված են որակի հետ: Դա արդեն գնորդի եւ վաճառողի խնդիրն է: Մենք գյուղացիների հետ խոսել ենք եւ փորձել համոզել, որ ամենաօպտիմալ տարբերակը սա է: Մենք չենք կարող ընդհանուր գին սահմանել պատվիրատու-գնորդի կամ գյուղացու համար եւ պարտադրել մի գնով վաճառել կամ գնել»:
«Ժողովուրդ»-ը փորձեց «Սպայկա» ՍՊԸ-ից հետաքրքրվել՝ արդյոք մայիսի 15-ի հրդեհը կարող է պատճառ դառնալ, որ ընկերությունը սկսի քիչ ծավալով ծիրան մթերել: Հիշեցնենք, որ մայիսի 15-ին 3-րդ աստիճանի բարդության հրդեհվել էր Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ի շենքը: Հրդեհը մարվել էր մոտ 15 ժամ հետո: Այրվել էին սառնարանային տնտեսությունը, արտադրական հոսքագծերը, էլեկտրական ամբարձիչներն ու պլաստմասե իրեր:
«Սպայկա»-ի պրոյեկտ-մենեջեր Կարեն Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք ժողովրդին փրկեցինք ու ավելի թանկ ենք գնում ծիրանը: Այս տարի մենք մեծացրել ենք մթերման ծավալները: Իհարկե, շատ ծանր է մեր աշխատանքը, բայց մեծացրել ենք: Անցյալ տարի մթերել ենք 2500 տոննա ծիրան, բայց այս տարի կանցնենք 4000 տոննան»:
ԱՐԱՐԱՏՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ԾԻՐԱՆԻ ՄԹԵՐՄԱՆ ԳՆԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ