«Համազգային» թատրոնը հիմնադրվել է 1991թ. Սոս Սարգսյանի կողմից` սկզբում որպես ոչ պետական թատրոն, իսկ 2003թ.-ից դարձել է պետական: Թատրոնը չունի սեփական տարածք եւ գործում է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շենքում:
Դա հաշվի առնելով` անցյալ տարվա դեկտեմբերի վերջին ՀՀ կառավարությունը Երեւանի քաղաքապետին առաջարկել է «Համազգային» թատրոնի շենք կառուցելու նպատակով ՀՀ-ին նվիրաբերել Սարյան եւ Բուզանդի փողոցների հատման հարակից հատվածում գտնվող 1200 քմ մակերեսով հողամասը, սահմանել, որ ՀՀ պետական սեփականություն հանդիսացող հողամասը կարող է օգտագործվել բացառապես «Համազգային» թատրոնի շենք կառուցելու նպատակով եւ այն իր նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով։ Ի գիտություն է ընդունվել, որ նշված հողամասում շենքի կառուցումն իրականացվելու է «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի միջոցների հաշվին:
Այդ որոշման դեմ բողոքներ եղան, եւ թատրոնի ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն անդրադարձավ դրան` մասնավորապես նշելով, որ հատկացված տարածքում ոչ մի բան չկա. «Ծառ չենք կտրում, կանաչ չենք վերացնում, էնտեղ աղբանոց է, մի չգործող շատրվան, որ ոչ մեկին պետք չէ: Թատրոնը պետք է կառուցենք»:
Որոշումից գրեթե կես տարի է անցել, եւ «Ժողովուրդ»-ը «Համազգային» թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանից հետաքրքրվեց, թե երբ են սկսվելու շինարարական աշխատանքները: Նա նշեց, որ սպասում են հողային թույլտվությանը, որպեսզի սկսեն աշխատանքները. «Հենց որ այդ թույլտվությունը լինի, մենք ինքներս բոլոր լրատվամիջոցներին տեղյակ կպահենք, ճեպազրույց կկազմակերպենք տեղում եւ աշխատանքներն էլ կսկսենք հենց լրագրողների ներկայությամբ: Մեզ մոտ այսօր այն վիճակն է, երբ որ ժամ առ ժամ, րոպե առ րոպե սպասում ենք, եւ հույս ունեմ, որ լրագրողներին առաջիկայում անպայման կհրավիրենք»:
Պարոն Մկրտչյանից տեղեկացանք, որ իրենք սովորականի նման աշխատում են, բեմադրում ներկայացումներ, նոր են վերադարձել Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից, որտեղ մեծ մշակութային միջոցառման են մասնակցել: «Համազգային» թատրոնը որեւէ խնդիր չունի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հետ, որի շենքում գործում է:
Մենք հետաքրքրվեցինք նաեւ թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի առողջական վիճակով: «Հիմա երբեմն-երբեմն տնից դուրս է գալիս: Եղանակից ենք զգուշանում. եթե տաք է, պարոն Սարգսյանը դուրս է գալիս, քամու, անձրեւի դեպքում` ոչ: Վախենում ենք, որ հանկարծ կարող է մրսել, իսկ տաք եղանակի դեպքում խնդիր չունենք: Երբ շինարարություն սկսելու թույլտվություն ունենանք, կհրավիրենք լրագրողներին, ճեպազրույցին Սոս Սարգսյանն անպայման ներկա կլինի»,-ասաց Վ. Մկրտչյանը:
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ»-Ի ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ