Հանրապետությունում, հատկապես երեխաների շրջանում, պարբերաբար արձանագրվում են դեղերից և կենցաղային նյութերից թունավորման դեպքեր, որոնք անդառնալի հետևանք կարող են թողնել:
Հաշվի առնելով վիճակագրությունը` ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում ծնողներին.
• կենցաղային վտանգավոր քիմիական նյութերը, ինչպես նաև դեղերը պահել փակվող պահարաններում կամ երեխաներին անհասանելի այլ վայրերում
• չափազանց ուշադիր լինել վտանգավոր քիմիական նյութերն օգտագործելիս, քանի որ հենց այդ ընթացքում դրանք կարող են երեխաներին հասանելի դառնալ
• թունավոր նյութերը պահել գործարանային սրվակների և տուփերի մեջ` պահպանելով նախազգուշացնող պիտակները` շփոթությունից խուսափելու համար
• առավել վտանգավոր է, երբ քիմիական նյութը պահվում է կերակրի կամ ըմպելիքի համար նախատեսված տարաներում, շշերում:
Նշենք, որ տանը պահվող քիմիական նյութերից հատկապես վտանգավոր են ամոնիակը, կաուստիկ սոդան (հիմք), թթուները (քացախաթթվային էսենցիա), կրային նստվածք քայքայող որոշ նյութեր, մաքրող, լվացող որոշ հեղուկներ, լուծիչներն ու նավթամթերքները` լաքերը, նավթալամպերի վառելիքը, բենզինը, կերոսինը, որոնք պարունակում են հիմքեր ու թթուներ և կարող են շատ ծանր վնասվածքներ առաջացնել:
Չափազանց վտանգավոր են նաև դեղերից` սրտային և ճնշում կարգավորող, քնաբեր, հակադեպրեսանտներ, հոգեմետ դեղեր, ցավազրկողներ, հակադիաբետիկ, կոլխիցին, թունավորումները:
Երեխաները հիմնականում հակված են ուտելու քաղցրացված դրաժեները կամ օշարակները և դրանք կարող են ընդունել մեծ քանակներով, ինչը չափազանց վտանգավոր է:
Խորհուրդ ենք տալիս նման թունավորումների դեպքում 82-82 հեռախոսահամարով արագ դիմել մասնագիտացված բժշկական հաստատություն` Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա, որտեղ կարող են ախտորոշել թունավորումը, գնահատել վտանգի աստիճանը և բուժում անհրաժեշտ իրականացնել:
Կլինիկան այդ նպատակների համար ունի նաև ռեանիմոբիլ։
Հիշենք, որ բարեհաջող ելքը մեծապես պայմանավորված է ժամանակին դիմելով և մասնագիտական օգնություն ցուցաբերելով։
Ցավալին այն է, որ փոքրիկները հիմնականում թունավորվում են ծնողների, մեծահասակների անուշադրության, անփութության հետևանքով: Երեխաների շրջանում թունավորումները հիմնականում զարգանում են շատ արագ, ունենում ծանր ընթացք և պահանջում ոչ միայն անհապաղ բժշկական օգնություն, այլև երկարատև բուժում: