Հանրապետությունն այնքան փոքր է, խորանում ես` բոլորը բոլորին ազգականներ են. Սուքիաս Ավետիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին ունեցած իր ծրագրային ելույթում Սերժ Սարգսյանը կարեւորեց համակարգում երիտասարդ սերնդին ներգրավվելու հարցը` ընդգծելով. «Տաղանդավոր մարդիկ, որոնք ձգտում են ստեղծել նորն ու լավագույնը, այլ մոլորակից չեն գալու: Նրանք մեր կողքին են: Մենք՝ պետությունը, հասարակությունը եւ ընտանիքը, պետք է սովորենք գտնել, մեծացնել, դաստիարակել եւ պաշտպանել այդպիսի մարդկանց, ոչ թե շահարկենք երիտասարդ ու շնորհալի կադրերի առաջընթացը»: Այս առնչությամբ  «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ:

-Պարո՛ն Ավետիսյան, Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին ունեցած իր ծրագրային ելույթում կարեւորեց երիտասարդ, նախաձեռնող կադրերի առաջքաշումը: Արդյո՞ք այսպիսով Սերժ Սարգսյանը հայտարարեց համակարգում սերնդափոխության մեկնարկի մասին:

-Միշտ պետք է սերնդափոխությանը կողմ լինել, իհարկե, դա պետք է լինի ժամանակի եւ չափի մեջ: Այսօր մեծանում է շատ լավ, գրագետ երիտասարդություն, եւ կարծում եմ, որ որեւիցե տեղ նրանց ներգրավելը շատ կարեւոր է եւ արդյունավետ: Առանց սերնդափոխության զարգացում երբեք մենք չենք կարող ապահովել եւ առանց դրա մենք չենք կարող մեր երիտասարդությանը նպատակաուղղել հիմնավոր գիտելիքներ ունենալու եւ ավելի բարձր պաշտոնների ձգտելու: ‘

-Ըստ Ձեզ՝ Սերժ Սարգսյանին կհաջողվի՞ սերնդափոխություն անել:

-Կարծում եմ՝ կհաջողվի, որովհետեւ ցանկացած տարեց սերունդ պետք է ցանկացած ժամանակ պատրաստ լինի, որ իրեն փոխարինելու է իրենից ավելի երիտասարդը: Կա այն պատրաստի երիտասարդությունը, որը կարող է փոխարինել, ուղղակի պետք է լինի ժամանակին եւ տեղին:

-Իսկ որքանո՞վ էին ժամանակին եւ տեղին վերջին նշանակումները, ընդ որում, շատերը նկատում են, որ պաշտոնների են նշանակվում բացառապես Սերժ Սարգսյանի փեսայի հետ առնչություն ունեցող կադրերը:

-Ես երբեւիցե չեմ փորձել խորանալ ազգակցական կապերի մեջ, դա անիմատ եմ համարում, որովհետեւ մեր հանրապետությունն այնքան փոքր է, որ եթե խորանում ես, ապա բոլորը բոլորին ազգականներ են:

-Եթե սերնդափոխություն լինի, ավագ սերունդը ինչպե՞ս դա կընդունի: Ի վերջո, տեւական ժամանակ է` խոսակցություններ են շրջանառվում նույն ՀՀԿ-ի ներսում ավագ եւ երիտասարդ թեւերի լարված մրցակցության մասին: Այդ մրցակցության ավարտն ինչպե՞ս եք տեսնում:

-Ցանկացած մրցակցություն տալիս է իր դրական արդյունքը, այնպես որ, երբեւիցե մրցակցությունից չպետք է վախենալ` հակառակը, ուժեղ մարդիկ պետք է կողմ լինեն ցանկացած մրցակցության, որն ապահովում է արդյունք եւ զարգացում:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս