ԸՍՏ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ` 28-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԽԵՂԴՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ին` ծնոտի վիրահատությունից երկու օր անց, Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում մահացել է 28-ամյա Մերուժան Ավետիսյանը: Երեկ ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի (դիահերձարանի) մոտ էին հավաքվել Մ. Ավետիսյանի հարազատներն ու սպասում էին, որ իրենց որդու դին հանձնեն իրենց: Նրանք շատ բարկացած էին եւ վստահեցնում էին, որ իրենց առողջ որդին մահացել է բժիշկների անփութության պատճառով: Երիտասարդի հարազատները խոստանում են ամեն ինչ անել, որպեսզի մեղավորները պատասխան տան Մերուժանի մահվան համար:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց 28-ամյա երիտասարդի մորեղբոր՝ Գագիկ Սարոյանի հետ, որը տեղեկացրեց, որ իր քրոջ որդուն ծնոտի հատվածում պլաստիկ վիրահատության են ենթարկել. «Վիրահատությունը տեւել է 7 ժամ,  բժիշկը եղել է Հայկ Ենոքյանը, որից հետո տեղափոխել են բոքս: Ես անձամբ մտել եմ իր մոտ, ինքն իրեն շատ լավ էր զգում, հարցրի՝ ոնց ես, մատով ցույց տվեց, որ լավ է: Հետո ես գնացել եմ գյուղ, ու այնտեղ ինձ ասացին, որ իմ գնալուց 6 ժամ հետո տղան մահացել է: Դե բերանն ընդհանուր առմամբ կարում են, իր քթից են խողովակը տարել, որ շնչի: Մեզ հասած տվյալներով՝ շլանգը պոկվել է անփութության պատճառով: Հերթապահությունը նորմալ չի եղել, էրեխեն խեղդվել է: 28 տարեկան տղեն, որը պողպատի պես առողջ էր, խեղդվել է»:
Գագիկ Սարոյանը նաեւ ասաց, որ այժմ Մերուժանի մայրը շատ վատ վիճակում է գտնվում. «Մահամերձ վիճակում է… արյունոտ ձեռքերով բժիշկներն ի՞նչ պետք է պատասխան տան ծնողին: Եթե փորձագիտական կենտրոնում տան ոչ ճիշտ տվյալներ, մենք կրկնակի փորձաշրջան կուղարկենք: Մեր տղայի ծնոտի հատվածն ի ծնե թեթեւակի ծուռ էր, ու ինքը շատ առողջ տղա էր, ուզում էր ընդամենը վիրահատելու միջոցով ուղղել: Ամեն ինչը ստուգվել է, առողջական ոչ մի խնդիր չի ունեցել, ընդհուպ մինչեւ այնքան, որ բժիշկը ծնողներից համաձայնություն չի վերցրել, որ վիրահատի, էդքան առողջ է եղել: Մեզ ասել են՝ ժամը 8-ին մեր երեխան մահացել է, բայց համոզված ենք, որ գիշերն է մահացել, ուղղակի մեզ հետո են ասել, ինչքան էլ անտեղյակ լինես բժշկությունից, պատկերացում կունենաս, թե իրականում ինչը ոնց  է եղել»:
Մերուժանի մորեղբոր խոսքով՝ բժիշկն իրենց ասել է, որ իր համար եւս անհասկանալի է, թե երիտասարդն ինչից է մահացել: Իսկ Մերուժանի հայրը` Սիմակ Ավետիսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Առողջ տղես եկավ մտավ հիվանդանոց, հիմա մահացած տանում եմ: Ես վիրահատությունից հետո տեսել եմ, խոսել եմ, շատ լավ էր զգում իրեն, 7 հոգի մտել տեսել են տղուս: Առավոտը բժիշկը զանգեց, ասեց, որ մահացել է, գնացի, ասեց, որ իր համար անհասկանալի պայմաններում է եղել, բայց թե դա ինչ է նշանակում, ես չգիտեմ»:  Մերուժանը մեկ քույր եւ մեկ եղբայր ուներ: Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդն աշխատում էր Երեւանում, ամուսնացած չէր:
Տղայի հարազատները նաեւ նշեցին, որ իրենք չեն կարողանում հանդիպել բժիշկ Հայկ Ենոքյանի հետ, քանի որ վերջինս «փախել» է ու իրենց որեւէ բացատրություն չի տվել կատարվածի մասին: «Եթե լիարժեք տեղեկություն չստանանք, մենք անգամ կառավարության շենքի մոտ նստացույց կանենք, որպեսզի օրինական դաշտում այս հարցը լուծվի: Ասում են՝ 20 օրից հետո նոր տեղեկություններ կտրամադրեն, մենք արդեն չգիտենք, թե ինչ անենք»,-ասաց Գագիկ Սարոյանը:
Կատարվածի շուրջ զրուցեցինք նաեւ Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանի հետ, որը բացառեց շնչառական խողովակի պոկվելու հնարավորությունը. «Հարազատների կողմից նշված խողովակը պոկվել չի կարող, դա այնպիսի նյութից է կազմված, որ չի պոկվում, ամբողջական է, եւ դա ներշնչափողային խողովակն է, որով մենք վիրահատության ժամանակ նարկոզ ենք տալիս: Դա չէր կարող մահվան պատճառ հանդիսանալ, այդ խողովակն ապահովում է շնչառությունը: Հարազատների ասածը սուբյեկտիվ մոտեցում է, ես չեմ կարող հարազատներին ինչ-որ բանում մեղադրել, բայց իրենք մասնագետներ չեն, չէ՞»:
Հիվանդանոցի փոխտնօրենը եւս նշեց, որ երիտասարդի վիրահատությունից հետո ամեն ինչ կարգին է եղել, ու հարազատներն այցելել են նրան. «Արդեն ամսի 20-ի առավոտյան՝ 07:15-ի սահմաններում, վիճակը հանկարծակի վատացել է, բնական է, որ հերթապահ անձնակազմը օգնություն է ցուցաբերել, սակայն, դժբախտաբար, հիվանդի կյանքը հնարավոր չի եղել փրկել: Կանխատեսելի չէր, որ տղան կարող էր հանկարծակի վատանալ, 28 տարեկան առողջ տղա, անկանխատեսելի վատացել է, իսկ թե ինչն է պատճառը, դա արդեն դատաբժշկական փորձաքննությունը ցույց կտա»:
Օ. Մելքոնյանը նաեւ հավաստիացրեց, թե վիրահատող բժիշկ Հ. Ենոքյանը որեւէ տեղ չի «փախել», ուղղակի հարազատները հուզված են, այդ իսկ պատճառով նման կերպ են ընկալել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ կատարվում է հետաքննություն, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս