ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որը 2012թ. ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գործունեությանը, ասաց, թե մարզպետը զբաղված է միայն անձնական բիզնեսի խնդիրներով:
-Պարո՛ն Հակոբյան, Դուք արդեն տեւական ժամանակ է՝ քաղաքական դաշտում որեւէ գործունեություն չեք իրականացնում, ինչո՞վ եք զբաղված այժմ:
-Հիմնականում շինարարական աշխատանքներով ենք զբաղված, վերանորոգեցինք Արմավիրի մարզում գտնվող համալիրը, ամառային լողավազաններով եւ այլն, մեծ աշխատանքներ ենք կատարել:
-Այժմ Ձեր մարզի հիմնական խնդիրը կարկտահարությունից տուժած գյուղացիներն են, որոնց բերքը վնասվել է, իսկ պետությունը պատշաճ փոխհատուցում չի տալիս: Օր օրի մարզում սոցիալական բունտ է հասունանում, Դուք՝ որպես Արմավիրի մարզի բնակիչ, ի՞նչ լուծումներ եք տեսնում այդ հարցում:
-Ուղղակի եթե մարզպետը մարզպետարանում անձնական բիզնեսներով չզբաղվի, այլ զբաղվի իր իրական աշխատանքով, որը պարտավոր է իրականացնել, գյուղացու վիճակը շատ էլ լավ կլինի: Եթե մարզպետը հենց ինքը բիզնեսմեն է եւ մեր մարզում աշխատելու տարիների ընթացքում արդեն օլիգարխ է դարձել, բնական է, որ ինքն արդեն կզբաղվի իր անձնական գործերով եւ ոչ թե գյուղացիների:
-Կոնկրետ խնդրում եմ նշել, թե մարզպետն ինչ բիզնեսով է զբաղված, որի պատճառով չի հասցնում գյուղացիների հոգսը հոգալ:
-Հիմնականում հանքարդյունահանման բիզնեսներով, տարբեր ավազի հանքեր ունի, շինարարությունը հիմնականում իրականացնում է իր ընտրած կազմակերպությունների միջոցով: Բենզինի կալոնկեք ունի: Ո՞նց կարող է մարդը, ունենալով բիզնես, հա՛մ նա անի, հա՛մ մյուսն անի, բնական է, որ ֆիզիկապես էլ նա չի կարող հասցնել: Իսկ նրան քիչ է մնացել աշխատելու, հիմա փորձում է վերջին ժամանակներում իր ընտանեկան բյուջեն էլ ավելի մեծացնել:
-Իսկ Դուք ինքներդ՝ որպես այդ մարզից նախկինում ընտրված պատգամավոր, փորձե՞լ եք գյուղացիներին ինչ-որ ձեւով օգնել:
-Ես տեսնում եմ հարցի լուծումները, եթե ցանկություն կա, ապա շատ արագ ձեւով կարելի է օգնել գյուղացիներին: Իհարկե, մարզպետն այդ ցանկությունը չունի, նա զբաղված է իր անձնական բիզնեսներով կամ անձնական գործերը առաջ տանելով: Ինքը լավ կարող է սեղանների վրա թամադա լինել ու լավ անեկդոտներ պատմել մի քանի մարդկանց ուրախացնելու համար, որպեսզի նրանց սիրաշահի: Ավել բան չի կարող անել: Երեկ ես հեռուստատեսությամբ մի բան տեսա ու շատ եմ զայրացած, որ գյուղացիներին ասում է, թե գնացե՛ք ու ձեր ծառերը կտրե՛ք: Դա միայն հիմար մարդը կարող է ասել, քանի որ դա 20-30 տարեկան ծառ է, մարդիկ պայքարել են, պահել են, ջրել են, գումար են ծախսել, ու այդ մի ծառով մարդիկ ապրում են, իսկ ինքը մարդկանց ասում է` գնացե՛ք, ձեր ապրուստի միջոցը կտրե՛ք, դա նորմալ մարդու ասելու բան չէ: Ասում է` գնացե՛ք, դրուժբաները վեկալե՛ք, կտրե՛ք, այսինքն` գոնե ինքը՝ որպես մարզպետ, լուծում առաջարկի, կանգնի յուրաքանչյուր գյուղացու կողքին, հակառակը` ինքը գյուղացիներին դրդում է, թե գնացե՛ք, ձեր կանաչ ծառը կտրե՛ք:
-Գուցե փորձեիք Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ անձա՞մբ զրուցել, հայտնել Ձեր մտահոգությունները:
-Ղահրամանյանի հետ ես ի՞նչ կարող եմ հանդիպել, Ղահրամանյանը նախկին միլիցիայի աշխատող է, ամբողջ կյանքում նա այնպիսի մարդկանց է ձերբակալել… հիմա նա գյուղատնտեսությունից ոչինչ չի հասկանում: Նրա հետ ինչպե՞ս կարելի է գնալ հանդիպել կամ ինչ-որ մի բան բացատրել: Մարզպետը որեւէ բան չի կարող անել, քանի որ նա ոչինչ չի հասկանում ու դրա ցանկությունն էլ չունի, որպեսզի մի լավ բան անի:
-Գյուղացիներին օգնելու համար նաեւ հանգանակություն արվեց, որին բազմաթիվ պաշտոնյաներ ու գործարարներ միացան: Դուք անձամբ գումար փոխանցե՞լ եք Ձեր հաշվից:
-Ես չեմ արել, ասել եմ, որ մարզպետն իր վերցրածի ընդամենը 5 տոկոսը տա, էլ կարիք չի լինի ընդհանրապես որեւէ գումար փոխանցել: Ես ասել եմ, որ մարզպետն իր հանքերից մեկնումեկը ծախի ու տա գյուղացիներին օգնություն, դա շատ ավելի լավ կլինի, քանի որ դա նրա պարտականությունների մեջ է մտնում: Մարզպետը գյուղացիների կողքին կանգած չէ, նա միայն աշխատում է ի շահ իր ընտանիքի:
-ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե թալանչիների ձեռքից պետք է բռնել, ինչո՞ւ չեք…
-Ես միշտ եմ բարձրաձայնում դրա մասին, հիմա էլ եմ ասում, եւ Հովիկ Աբրահամյանի ասածը շատ ծիծաղելի է, վերջին բանից հետո պետք է իրավապահ համակարգը եզրակացություններ աներ:
-Եթե Դուք անձամբ տեղյակ եք մարզպետի նման գործունեությունից, ինչո՞ւ չեք տեղեկացնում Ձեր կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին, թե մարզպետը, իր պաշտոնը չարաշահելով, ինչեր է անում:
-Հիմա ես արդեն Ձեր միջոցով տեղեկացրի: Կարծում եմ՝ ամբողջ ինֆորմացիան նրան ճիշտ չեն ներկայացնում, որովհետեւ նրա կողքին կանգնած մարդիկ էլ են լճացել: Պետք է ակտիվ մարդիկ լինեն, որպեսզի իրականությունը ներկայացնեն հանրապետության նախագահին: Չեմ կարծում, թե իրականությունն իմանալուց հետո նախագահը որեւիցե քայլեր չի ձեռնարկի, ես անձամբ եմ ճանաչում, պատիվ եմ ունեցել իր հետ աշխատել երկար ժամանակ: Եթե այսքանից հետո հետաքրքրի, ինձ թվում է` նախագահականից ինձ կհրավիրեն, ու ես կգնամ, ամեն ինչը կասեմ պարզ, հստակ: Եվ լուծման եղանակները նույնպես կասեմ:
ՄԱՐԶՊԵՏԸ ՍԵՂԱՆՆԵՐԻ ԹԱՄԱԴԱ ԵՎ ԱՆԵԿԴՈՏ ՊԱՏՄՈՂ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ