ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԻՎԱՆԴ Է
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Տ. Սարգսյանի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը նշել է. «Վարչապետի մոտ հայտնաբերվել է սուր վիրուսային ինֆեկցիա: «Նաիրի» բուժկենտրոնում կառավարության ղեկավարին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, ինչից հետո Տ. Սարգսյանը շարունակում է ապաքինվել տանը՝ բժիշկների հսկողության ներքո»:

ՂԱՐԱԲԱՂԻՑ ՉԽՈՍԵՔ
ԵԽԽՎ-ում  Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նամակ է հղել ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին` կապված ԵԽԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ այսօր կայանալիք հանդիպման մթնոլորտի եւ քննարկելիք հարցերի հետ: «Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը չեն կարող ընդգրկել հարցերի այն շրջանակը, որոնք քննարկվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից»,-մասնավորապես ընդգծել է Հարությունյանը:

ԼՐՏԵՍ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Հունիսի 22-ին լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի բնակչուհի, չամուսնացած, 1982թ. ծնված Մանե Արտաշեսի Մովսիսյանը: ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի փաստեր, որոնք վկայում են, որ Մ. Մովսիսյանը 2012թ. հունվարին համացանցի միջոցով ծանոթացել է «Օդնոկլասսնիկի», mail.ru agent եւ «Ֆեյսբուք» սոցցանցերում «S Dr», «Seryan Dervisyan», «Tigran Dervisyan» պրոֆիլներով հանդես եկող, Թուրքիայի տարածքում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ եւ նրան փոխանցել ծառայության ընթացքում իրեն հասանելի դարձած ՀՀ վերաբերյալ ռազմական բնույթի պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Նմանատիպ հանցագործություն կատարելու համար ԼՂՀ ԱԱԾ կողմից ձերբակալվել են եւս 2 անձինք, որոնցից մեկը ԼՂՀ ՊԲ զինծառայող է:

ԲԱ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԶԵ՞ՆՔԸ
«Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա»,-երեկ հերթական անգամ հավաստիացրել է ՌԴ ԱԽՔ Նիկոլայ Պատրուշեւը: Նրա խոսքով՝ ՀՀ ու ՌԴ ազգային անվտանգության խորհուրդներն ակտիվորեն համագործակցում են: Ներկայումս էլ արդեն մշակում են 2014-2015թթ. համագործակցության ծրագիրն այն հարցերի շուրջ, որոնք երկկողմանի հետաքրքրություններ են ներկայացնում: «Երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը, շնորհիվ ստորագրված փաստաթղթերի, նոր մակարդակ է ենթադրում»,-ասել է նա:




Լրահոս