ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՔՈՒՄ ԵՆ
Սյունիքի մարզի Գետաթաղ համայնքն ունի 10 աշակերտ, որոնք հաճախում են հարեւան Դարբաս համայնքի միջնակարգ դպրոցը: Եվ միայն այս տարի երկու ընտանիք արդեն հասցրել է լքել գյուղը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Գետաթաղի համայնքապետ Արթուր Դավթյանից: «Քանի որ աշխատատեղ չկա, երիտասարդները հեռացել են: Գյուղում միայն ծերացող ընտանիքներ են: Ով հնարավորություն ունի, գնում է: Երկու տարի առաջ դպրոցում 23 աշակերտ էր սովորում, իսկ այս տարի նույնիսկ առաջին դասարանի աշակերտ չունենք: Բնակիչների թիվն այս պահին 170 է նախկին 220-ի փոխարեն: Գյուղապետարանն ունի երեք աշխատող՝ ես եմ, հաշվապահն ու քարտուղարը: Համայնքի բյուջեն է շատ փոքր, կարելի է ասել՝ չունենք, մի կերպ յոլա ենք գնում»,-ներկայացրեց գյուղապետը՝ հավելելով, որ գյուղացիների եկամտի միակ աղբյուրը հողագործությունն է եւ անասնապահությունը:

ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանդիպելու է ազատամարտիկներին: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանից: «Մենք չգիտենք, թե վարչապետը մեզ ինչ է առաջարկելու: Հիմա հանդիպումներ ենք ունենում Ազգային ժողովի պատգամավորների հետ: Դեռ չենք ուզում հրապարակել, թե կոնկրետ ում հետ ենք հանդիպում: Իրենք ներկայացնում են իրենց ծրագրերն ազատամարտիկի կարգավիճակի վերաբերյալ: Մենք էլ մեր կողմից ենք մշակել, երկու օրից նորից պետք է հանդիպենք նրանց հետ: Եթե իրենց առաջարկածը մեզ չբավարարի, ապա համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք: Եթե մեզ չբավարարի, ապա մենք կսկսենք շատ խիստ եւ չոր պայքար»,-ներկայացրեց Ավետիսյանը: Հիշեցնենք, որ մոտ օրերս ԱԺ-ում միաձայն ընդունվեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը, որն այդքան էլ չի գոհացնում պայքարի ելած ազատամարտիկներին:

ԱՆՏԵՂՅԱԿ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Տավուշի մարզի Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը տեղյակ չէ եւ անգամ չի էլ լսել, որ անհայտ անձինք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի անտառտնտեսության մասնաճյուղի «Վալոդի փոս» կոչվող տեղամասից ապօրինի հատել են տարբեր տեսակի եւ տրամագծի 53 ծառ, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է 3.414.000 դրամի վնաս: «Բացարձակ չգիտեմ էլ, թե Իջեւանի անտառտնտեսության մասնաճյուղի «Վալոդի փոս» կոչվող տեղամաս կա: Ոչինչ չգիտեմ ու առաջին անգամ էլ լսեցի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Իջեւանի քաղաքապետը:
Իհարկե, տարօրինակ է, որ տեղական իշխանություններն այդքան անհաղորդ են իրենց շրջապատում տեղի ունեցող իրադարձություններին: Բայց փաստ է, որ գողության առիթով Տավուշի մարզի դատախազությունը ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական գործ է հարուցել եւ ուղարկել ոստիկանության Տավուշի քննչական բաժին:




Լրահոս