ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՑԱԴՈՒԼ ԿԱՆԵՆ
Երեկ «Արմավիա»-ի նախկին աշխատակիցները դարձյալ բողոքի ակցիա են կազմակերպել ընկերության գրասենյակի մոտ` պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը:  Գրասենյակի փակ դռների առջեւ կանգնելուց հետո ակցիայի մասնակիցները գնացել են կառավարության շենքի մոտ, որտեղից էլ նրանց պատասխանել են, թե խնդրի լուծումը կառավարության իրավասության մեջ չէ: «Արմավիա»-ի նախկին 30 աշխատակիցները ստիպված գնացել են ՀՀ նախագահի նստավայր: «Էդ ինչպե՞ս է եղել, որ նախագահի բորտուղեկցորդներն իրենց աշխատավարձը ստացել են, իսկ մեզ համար գումար չկա»,-«Առավոտ»-ին ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: Նախկին աշխատակիցները մտադիր են հացադուլ անել, եթե իրենց խնդիրը մոտ ժամանակներս չլուծվի:

ԼԻՍԿԱՆ ՆԱԵՎ ԱՆԱՍՆԱԳՈ՞Ղ Է
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն «Առավոտ»-ի էջերից շարունակում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հասցեին մեղադրանքներ հնչեցնել: Երեկ  նա պատմել է, թե ինչպես է 1990 թվականի գարնանը Սուրիկ Խաչատրյանը, ուղղորդելով  այդ ժամանակվա Գորիսի ինքնապաշտպանական խորհրդի նախագահին, սահմանի պաշտպանունակությունն ամրապնդելու փոխարեն  ճիշտ հակառակն արել. «Գրեթե բոլոր սահմանամերձ գյուղերի, նաեւ շրջկենտրոն Գորիսի ավանգարդ տնտեսության, անգամ Շինուհայրի տնտեսության երկու տասնյակից ավելի անասնապահներ եւ հայրենիքի պաշտպաններ են զոհվում, եւ մոտ 5000 անասուն է հափշտակվում… 1990թ. հոկտեմբերի կեսերին նման մի բան տեղի ունեցավ Խնածախ գյուղում, գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գիշերը սպանվեցին գյուղի լավագույն պաշտպաններից Յուրան եւ անասնապահ Վաղարշակը, հափշտակվել էին 1400 անասուն: Երբ ես ընկերներիս հետ գիշերը դեպքի վայր ներկայացանք, տեսանք, որ դժվար թե թուրքն այդպես մոտենար ու կատարեր այդ ոճրագործությունը: Մեր խորին համոզմամբ՝ այդ ոճրագործությունների մեծ մասը կատարվել է Հայաստանում՝ վայ հայերի կողմից»:

ՅՈՒՐԱՑՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՂԵՐԸ
Հայաստանի գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ԵՊՀ-ի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ: Պարզվել է, որ նրանք, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, խախտելով ռեկտորի հրամանի պահանջները, 2010-2012թթ. ընթացքում համալսարանի ուսանողներից կանխիկ գանձել են առանձնապես խոշոր չափերով ուսման վարձավճարներ: Դրանց դիմաց հաշվապահները տրամադրել են համապատասխան  կտրոններ, սակայն այդ գումարները համալսարանի դրամարկղ չեն մուտքագրել` յուրացնելով մի քանի տասնյակ միլիոնների հասնող գումարներ:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի երեկվա «Անորակ պաղպաղակ» հրապարակման մեջ գրել ենք, որ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ լաբորատոր քննության արդյունքներով որոշ ընկերություններ անբարեխիղճ են գտնվել եւ իրենց արտադրանքում օգտագործել բուսայուղ՝ սփրեդ: Այդ ընկերություններն են՝ «Թամարա», «Էլիտ Շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Ասա» եւ «Չանախ»: Մինչդեռ երեկվա հրապարակման մեջ անբարեխիղճ արտադրողների ցանկում են հայտնվել նաեւ «Արմսվիթ Շանթ» եւ «Գրանդ քենդի» ընկերությունների անունները, որոնք «սեւ ցուցակում» չկային: Ավելին, «Արմսվիթ» ընկերությունը «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր բերել իր բոլոր պիտակները՝ ապացուցելու, որ իրենք բարեխիղճ արտադրող են:




Լրահոս