Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր զանգահարել ՀՀ քաղաքացի Արտակ Շամիրյանը եւ վրդովված պատմեց, որ իր իրավունքները կոպտորեն խախտել է Պետական եկամուտների կոմիտեն: «Ես Գերմանիայից մեքենա եմ ներկրել, ու այն ենթակա է մաքսազերծման: Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի՝ գնելու պահից մինչեւ Հայաստանի մաքսային հասցնելը, որքան ծախս արվել է մեքենայի վրա, եթե դա ներկայացվում է փաստաթղթերով, ուրեմն մաքսային արժեքը հաշվարկվում է այդ բոլոր ծախսերի հանրագումարի 52 տոկոսի չափով: Սակայն Արարատյան մաքսատան մի պաշտոնյա, որը ներկայացել է Սուրիկ անվամբ, առանց որեւէ լուրջ հիմնավորման հայտարարում է, թե այդպես չի լինելու: Ասում եմ՝ ինչու չի լինելու, ասում է՝ դու ինչպես ես Փոթիից մեքենան բերել Հայաստան, ասում եմ՝ մեքենան քշելով բերել եմ, Հայաստանից բենզին եմ գնել, լցրել, քշելով բերել եմ: Ասում է՝ ՀԴՄ կտրոնն ուր է, որ դու բենզին ես գնել: Ցո՛ւյց տուր, որ այդ չեկի վրա քո անուն-ազգանունը գրած լինի, թե ինչ նպատակով ես գնել: Բայց ՀԴՄ կտրոնի վրա անուն գրվո՞ւմ է»,-տարակուսեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ պարզապես այդ պաշտոնյաներն իրենց համար հարմար «թիվ» են որոշել՝ որպես մեքենայի մաքսավճար, եւ ասում են՝ տո՛ւր առանց հիմնավորման:
Քաղաքացին ստիպված է եղել զանգահարել ՀՀ կառավարության «թեժ գիծ», որտեղից պատասխանել են, թե հաշվարկը եղել է ֆիքսված գնով. «Բայց իրենք չեն բացատրում՝ ինչու ֆիքսված, եթե կա մյուս գինը: Ես ապացուցում եմ օրենքով նախատեսված մյուս գինն ու ասում եմ, որ դա ընդունեք որպես հիմք: Բայց ինձ պատասխանում են, թե մենք տենց ենք անում»: Ի դեպ, քաղաքացին նշեց, որ այսօր արդեն վերջին օրերն են, եւ եթե չմաքսազերծի մեքենան, հսկայական գումարներ են գանձվելու իրենից:
ՊԵԿ լրատվական ծառայությունից, սակայն, ժամանակ խնդրեցին՝ հարցին պատասխանելու համար, մինչդեռ քաղաքացու վերջնաժամկետն այսօր է: Ու այսքանից հետո դեռ ՀՀ վարչապետը, ՊԵԿ ղեկավարը խոսում են կոռուպցիոն ռիսկերի բացառման մասին:
ԿԱՄԱՅԱԿԱՆՈՐԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ