Արդեն 4 տարի է, ինչ հաճարից պատրաստված նստարաններն ու աղբամանները մայրաքաղաք Երեւանի արտաքին կահավորման մաս են կազմում: Սակայն «Երեւան» ձուլվածքով այդ նստարանները, ինչպես նաեւ աղբամանները խիստ թանկարժեք են, եւ դրանց ձեռքբերման համար քաղաքային բյուջեից հսկայական գումարներ են հատկացվում:
Երեւանի քաղաքապետարանը ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի նախատեսել է գնել գերթանկարժեք նստարաններ եւ աղբամաններ: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ նստարանների, աղբամանների, հայտարարությունների փակցման գրատախատակների համար հատկացվել է 163 մլն 330 հազար դրամ:
Մասնավորապես ընթացիկ տարում քաղաքապետարանը նախատեսել է գնել 550 հատ նստարան, որոնց համար վճարելու է 90 մլն 750 հազար դրամ: Այսինքն՝ յուրաքանչյուր նստարանն արժի 165 հազար դրամ: Նաեւ գնվելու է 610 հատ աղբաման՝ 47 մլն 580 հազար դրամով: Յուրաքանչյուրի համար վճարվելու է 78 հազար դրամ: Բացի այս՝ քաղաքապետարանը նախատեսել է ընթացիկ տարվա համար գնել հայտարարությունների փակցման համար նախատեսված 50 գրատախտակ, որոնց համար քաղաքային բյուջեից կծախսվի 5 մլն դրամ: Երկաթե այս գրատախտակների մեկ հատն արժի 100 հազար դրամ:
Մեզանից յուրաքանչյուրը երեւանյան փողոցներում կամ կանգառներում հաճախակի է հանդիպել գետնին տապալված կամ կոտրված այս գրատախտակների: Իսկ քաղաքապետարանը, կարելի է ասել, միայն գնելուց է պատրաստակամ, բայց դրանց հետեւելու, պահպանելու ժամանակ տեղում չէ: Այստեղից կարելի է ենթադրել, որ քաղաքապետարանի համապատասխան վարչությունների աշխատակիցները իրենց կողմից գնված, տեղադրված գույքի նկատմամբ անտարբեր են: Սա վերաբերում է նաեւ գերթանկարժեք աղբամաններին ու նստարաններին: Երեւանում ամեն քայլի կարելի է հանդիպել լաքաթափված, գունազրկված, արեւից խամրած կամ կոտրված նստարանների ու աղբամանների: Եվ այստեղ հարց է ծագում՝ արդյո՞ք անհրաժեշտ է նման թանկարժեք աղբամաններ ու նստարաններ գնել այն դեպքում, երբ մեր հանրապետությունում պաշտոնապես աղքատությունը կազմում է 35 տոկոս:
Նշենք, որ 2015 թվականի տվյալներով` այդ նստարանների թիվը մայրաքաղաքում հասել է 3000-ի, իսկ աղբամաններինը՝ 2000-ի: Ընդ որում, յուրաքանչյուր նստարանը՝ 165.000, իսկ աղբամանը՝ 77.000 դրամ արժողությամբ:
Բայց սա դեռ ամենը չէ. քաղաքապետարանը այս տարվա համար նախատեսել է գնել նաեւ հեծանիվների կանգառներ, որոնցից յուրաքանչյուրի համար վճարելու է 125 հազար դրամ: Ընդհանուր առմամբ կգնվի հեծանիվների համար նախատեսված մետաղական 40 հատ կանգառ, որոնց համար կհատկացվի 5 մլն դրամ: Իսկ, ահա, ծառաբների համար նախատեսված մետաղական 30 հատ ծածկի համար նախատեսել է հատկացնել մոտ 5 մլն դրամ: Այսինքն՝ այդ ծածկերից յուրաքանչյուրը կարժենա 166 հազար դրամ:
Դեռ մի քանի տարի առաջ, երբ Երեւանի քաղաքապետարանը որոշեց ձեռք բերել «Երեւան» ձուլվածքով նստարաններ եւ նմանատիպ աղբամաններ, դրանց պատրաստման համար ընտրվեց «Նիկոլ Դուման» առեւտրային կազմակերպությունը: Սա, իհարկե, շատերին դուր չեկավ, եւ մեծ աղմուկ բարձրացավ, քանի որ նստարաններն ու աղբամանները որքան էլ գեղեցիկ են, այնուամենայնիվ, իրենց արժեքին անհամապատասխան են: Սակայն չնայած դժգոհություններին՝ քաղաքապետարանն արդեն որերորդ տարին է՝ անփոփոխ կերպով նույն ընկերությանն է պատվերներ տալիս:
«Ժողովուրդ»-ը ՀՀ պետական ռեգիստրից տեղեկացավ, որ «Նիկոլ Դուման» ընկերության հիմնադիրներն են Կառլեն Գեւորգյանը, Վարդան Վարդանյանը եւ Արսեն Հայրապետյանը: Առաջին հայացքից այս անունները հանրությանը ոչինչ չեն հուշում:
Բայց «Ժողովուրդ»-ը պարզեց, որ կազմակերպության հիմնադիրներից մեկը՝ Կառլեն Գեւորգյանը, ՀՀ քաղաքաշինության նախկին փոխնախարարն է, ԱԺ ընտրություններում թիվ 12 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՅԴ անդամ:
Իսկ հիմնադիրներից Վարդան Վարդանյանը, ըստ որոշ տեղեկությունների, քաղաքաշինության նախարարն է, ում պաշտոնավարման տարիներին հենց աշխատել է Կառլեն Գեւորգյանը:
Ինչեւէ, նկատենք, որ «Նիկոլ Դուման»-ի առաջարկած մեկ նստարանի գնով քաղաքապետարանը կարող էր մեկ այլ կազմակերպությունից գնել երկու կամ երեք նստարան: Եվ նաեւ սա նկատի առնելով` հանրության համար անհասկանալի է, թե ինչու են քաղաքային իշխանությունները նման անհարկի շռայլություններ թույլ տալիս: Ի վերջո, աղբամանն ու նստարանը շքեղության միջոցներ չեն, այլ ընդամենը քաղաքային կահավորանքի մի մաս:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ