«ԵՍ ՀԱՐՈՒՍՏԻ ՏՂԱ ՉԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հումորիստ ՎԱՀԱԳՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ (ԴԵԼՈՆ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չթաքցրեց, որ չունի դերասանական կրթություն եւ, իր իսկ խոսքով, կյանքի բերումով է հայտնվել այդ ասպարեզում: Հումորիստը նկատեց, որ ծիծաղեցնելն ավելի դժվար է. «Տեսնում եք, մեր սերիալներում լավ լացացնում են ու պարտադիր էլ չէ՝ դերասանական կրթություն ունենան, կարող են լավ լացել, ժողովուրդն էլ հետը լացի»:
-Ձեզ միշտ հումորային կերպարներում ենք տեսել, Դո՞ւք եք այդպես որոշում, թե՞…
-Ես ոչինչ չեմ որոշում՝ իմ ապագայի հետ կապված: Պլանավորում եմ, բայց չեմ որոշում, որովհետեւ իմ կյանքում ամեն օր ինչ-որ բան փոխվում է: Չեմ էլ որոշել, որ դառնալու եմ հումորային դերասան: Միշտ անկեղծ ասել եմ, որ դերասանական կրթություն չունեմ, իմ դպրոցը ԽԹծ-ն է եղել:
-Yere1 նախագծում Արթուրիկի դերն էիք խաղում, կա՞ նմանություն կերպարի ու Ձեր միջեւ:
-Ես հարուստի տղա չեմ, չնայած վատ չէր լինի, որ իմ պապան Վիպոյանի չափ փող ունենար: Բայց իմ պապան շատ ավելի խելացի ու լուրջ մարդ է, քան Վիպոյանը: Նախագծում մի քիչ գրոտեսկային է կերպարս, խաղում եմ մի մարդու, ում ճանաչում եմ: Արթուրիկին մեծացրել եմ ես, 16 տարեկան պատանուց սարքել եմ արդեն տարիքն առած, ամուսնացած բաժանված մի մեծ մարդ: Նման կերպարները շատ են մեր հասարակության մեջ:
-Դերասանական կրթություն չունեք, առանց դրա բա՞րդ չէ խաղալ:
-Դիպլոմավորված դերասան չեմ, ինձ պետք էլ չէ այս պահին: Եթե մարդ չձգտի, չաշխատի իր վրա՝ թեկուզ գիրք կարդա, միեւնույն է, դերասան չի դառնա: Ես կարծում եմ, որ պարտադիր չէ՝ մարդ կրթություն ունենա, որ հասկանան` ինքը խելացի է, թե ոչ: Շատ մարդիկ գիտեմ, որ դիպլոմ ունեն ու չգիտեն, թե դա ինչ է նշանակում: Այդպիսի մարդիկ էլ կան, մենք նման երկրում ենք ապրում: Այսպես ասեմ, կյանքում չեմ նեղվել, որ դիպլոմ չունեմ: Ի դեպ, ես ավարտել եմ Ինֆորմատիկայի քոլեջը` ծրագրավորող եմ: Կյանքս դասավորվեց այնպես, որ ես էլի ծրագրավորող դարձա, բայց ոչ թե համակարգչային, այլ շոուբիզնեսային:
-Դերասանությունից բացի, ուրիշ ինչո՞վ եք զբաղվում:
-Պրոդյուսինգով, այժմ աշխատում եմ «22 գրուպ փրոդաքշն»-ում, որտեղ նկարահանում ենք տարբեր գովազդեր, տեսահոլովակներ ու հետագայում էլ` արդեն ֆիլմեր, հեռուստատեսային նախագծեր ու տարբեր բաներ: Ինչպես նաեւ «3.33 փրոդաքշն»-ում, դա մեր կյանքի մյուս ճյուղն է, երաժշտություն ենք ստեղծում, որ վայելենք:
Ես կարողանում եմ համատեղել իմ կյանքն ու աշխատանքը, դրանով ինձ հաղթած եմ համարում: Չեմ աշխատում ռեժիմով, հետո գնում տուն, քնում: Ես կարող եմ օրվա մեջ ե՛ւ աշխատել, ե՛ւ հանգստանալ: Ես գրաֆիկով մարդ չեմ ընդհանրապես, որովհետեւ գրաֆիկից դուրս էլ ծնվել եմ` 6 ամսական 10 օրական: Ի սկզբանե գրաֆիկից մի քիչ դուրս եմ ընկել:
-Բայց գրաֆիկով, ճիշտ ժամանակին ամուսնացաք:
-Ոչ գրաֆիկով: Չեմ պլանավորում իմ կյանքում ոչ մի բան, ինչպես նաեւ իմ ամուսնությունը: Ռուզանին 3 տարի ճանաչել եմ, մենք ընկերներ ենք եղել, շփվել ենք օվկիանոսից այն կողմ, skype-ով: Իսկ երբ համերգներով գնացի Ամերիկա, տեսա նրան, հենց առաջին օրը հասկացա, որ այդ մարդու հետ եմ ուզում ապրել: Մի շաբաթում ուզել եմ իրեն:
-Ծնողները հե՞շտ համաձայնեցին:
-Դե մի շաբաթով գնացել էի Ամերիկա, ուզել եմ, բերել եմ: Ամբողջ պրոցեսն այդքան է տեւել: Առաջին օրը նրա տանեցիներին ասացի, որ որոշել եմ իր հետ ապրել. մի շաբաթ շփվել եք, հետո վերադարձել եմ Հայաստան, ինքն է եկել մեզ մոտ:
-Իսկ լուրերն այն մասին, թե Դելոն մտածված Ամերիկայից է աղջիկ ուզել, որ իր ապագան ապահովի…
-Ես այդ մարդկանց կասեմ, որ իմ ապագան չեմ պլանավորում, ես այստեղ ծնվել եմ, այստեղ էլ պիտի ապրեմ, ու եթե մեր երկրում ինչ-որ բաներ պետք է ժամանակի ընթացքում փոխվեն, ես չեմ պատրաստվում հեռվից նայել այդ փոփոխություններին: Ես ավելի անկեղծ կասեմ. կինս դեռ քաղաքացի չէ, մի ամսից կգնա, որ ստանա: Ես երբեք ԱՄՆ-ում չեմ ապրելու, կարող ա մի քիչ կոմպրոմիսի գնամ իմ կնոջն ու այդ երկրին, որը, անկեղծ ասեմ, այդքան էլ չեմ սիրում, բայց հնարավոր է, որ ձմեռը մի քանի ամիս այնտեղ մնամ:
-Ի՞նչն է Ձեզ այդպես կապում Հայաստանին:
-Ես իմ կյանքում ամեն ինչ հստակ եմ որոշում ու շուտ, ինչպես արդեն հասկացաք: Ինձ դուր է գալիս իմ երկիրը: Մեր երկրում ես մաքուր օդ եմ շնչում, մնացած երկրներում ամեն ինչ սարքած է: Հետո էլ իզուր չեմ ծնվել էստեղ, եթե ուրիշ տեղ պետք է ծնվեի, կծնվեի, օրինակ, Մոզամբիկում:
-Կարողանո՞ւմ եք այստեղ Ձեր գործով լավ գումար վաստակել:
-Վատ չեմ վաստակում, որովհետեւ ամեն մարդ մեր ասպարեզում ինքն է որոշում իր գինը: Ես երբեք պրոդյուսեր չեմ ունեցել, իմ գինն էլ ես եմ որոշել, ինձնից էլ լավ ինձ ոչ ոք չի կարող ներկայացնել: Ընդհարնապես չեմ դժգոհում: Լավ ընտանիք ունեմ, լավ ընկերներ, ինձ համար հետաքրքիր կյանքով ապրում եմ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս