Արմեն Աշոտյանը ներկայացրել է կուսակցության նոր ծրագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 18-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հյուրընկալվեցին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչները` Հարավային Կովկասի քաղաքական երկխոսության տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար Դր. Թոմաս Շրափելը և գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը ընդունեցին հյուրերին և քննարկեցին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ հետագա համագործակցության ուղիները:
ՀՀԿ փոխնախագահը ողջունեց Դր. Թոմաս Շրափելին և շնորհավորեց վերջինիս նշանակման կապակցությամբ: Նա խոսեց ԵԺԿ ընտանիքում նույն արժեքները, փորձը կիսելու կարևորության մասին:

Արմեն Աշոտյանը հիմնադրամի ներկայացուցիչներին ներկայացրեց կուսակցական նոր ծրագրերը և կուսակցության հետագա անելիքների  անհրաժեշտությունը: Նա նշեց, որ ՀՀԿ-ի համագործակցությունը  Կոնրադ Ադենաուեր գերմանական հիմնադրամի հետ երկար պատմություն ունի, որի ընթացում իրականացվել են բազում ծրագրեր, որոնք ուղղված են եղել ուժեղացնելու կուսակցական կարողությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նոր համատեղ ծրագրեր և նախաձեռնություններ: Վերջիններս կնպաստեն քաղաքական կամքի ամրապնդմանը և ընտրողների հետ համագործակցային հարաբերությունների խորացմանը: Կուսակցական մի շարք նախաձեռնությունների համար կարևորվում է եվրոպական փորձը:
Պարոն Աշոտյանը նշեց, որ նոր նախաձեռնությունների շնորհիվ ՀՀԿ-ն կկարողանա միշտ մրցունակ մնալ և որպես ավանդական արժեքներ կրող կուսակցություն՝ շարժվել ժամանակին համընթաց:

Հանդիպման ընթացքում ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը, շնորհակալություն հայտնելով ԿԱՀ-ին համագործակցության համար, նշեց, որ միջազգային կազմակերպությունների հետ ՀՀԿ ԵԿ համագործակցությունը մեկնարկել է ԿԱՀ-ի հետ, ներկայումս արդեն ՀՀԿ ԵԿ-ն գործակցում է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` YEPP-ը, EDS-ը, IYDU-ն, NIMD-ը, DEMYC-ը:

Կարեն Ավագյանը հույս հայտնեց, որ ԿԱՀ-ի նոր ղեկավարի նշանակմամբ ՀՀԿ ԵԿ-ի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի համագործակցությունն էլ ավելի կխորանա:

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ գործընկերային վստահության սահմանները օրեցօր ընդլայնվում են, և նման հանդիպումները դրանց հերթական վկայությունն են:




Լրահոս