Ռուսաստանի Կազան քաղաքում հուլիսի 6-ին մեկնարկել են 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերը, որտեղ Հայաստանը հանդես է գալիս 10 մարզաձեւերում 40 մարզիկներով: Արդեն պայքարի մեջ են մտել բռնցքամարտիկները, գոտիներով ըմբիշները եւ ծանրորդները:
64 կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանն արդեն երկու հաղթանակ է տարել եւ պայքարը շարունակում է մեդալի համար, իսկ 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը պարտվել է հենց առաջին մենամարտում եւ դուրս մնացել պայքարից։ Գոտիներով ըմբշամարտի հինգ մասնակիցներից երեքը պարտվել են, իսկ երկուսը շարունակում են պայքարը:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը մինչ Կազան մեկնելը նշեց, որ ըմբիշներից լավ մասնակցություն եւ մրցանակային տեղեր է ակնկալում, սակայն նրանք կատարյալ մարզավիճակում չեն. «Ոչ թե լիարժեք մարզավիճակում ենք մեկնելու Կազան, այլ նորմալ մարզավիճակում, քանի որ դրանից հետո աշխարհի առաջնությունն է, բնականաբար, երկու անգամ այս կարճ ժամանակահատվածում լիարժեք մարզավիճակ չի կարելի ձեռք բերել»: Կազանում Հայաստանը հանդես կգա 6 ըմբիշներով` Հարություն Հովհաննիսյան (55 կգ), Արամ Ջուլֆալակյան (66 կգ), Արսեն Ջուլֆալակյան (74 կգ), Մաքսիմ Մանուկյան (84 կգ), Արթուր Ալեքսանյան (96 կգ) եւ Վաչիկ Եղիազարյան (120 կգ): Նրանք մրցագորգ դուրս կգան հուլիսի 15-ին եւ16-ին:
Համաշխարհային ուսանողական խաղերն արագություն են հավաքում, իսկ ահա Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքի «Հալդենվարդ» մարզադաշտում հուլիսի 14-ին տեղի կունենա Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական 12-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Ծրագրում ընդգրկված է 9 մարզաձեւ: Նախատեսվում է եվրոպական 49 երկրների շուրջ 3300 մարզիկ-մարզուհիների մասնակցությունը: Նրանց թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչները` թենիսիստներ Միլենա Ավետիսյանը, Լինդա Օհանյանը, Դավիթ Մուրադյանը, Հրաչ Խաչատրյանը, խճուղային հեծանվորդներ Աբել Մանուկյանը, Էդգար Ստեփանյանը, Պավել Ստեփանյանը, ատլետներ Ռաֆայել Պետրոսյանը, Վարդան Նիկոլայանը, Մարիաննա Բաղյանը, Իրինա Պողոսյանը, լողորդներ Անի Պողոսյանը, Վանիկ Բարսեղյանը, սպորտային մարմնամարզիկներ Արսեն Գեւորգյանը, Վիգեն Խաչատրյանը, Հայկ Պետրոսյանը եւ ձյուդոիստներ Ալբերտ Մկրտչյանը, Ռոբերտ Գաբրիելյանը, Գրիգոր Սահակյանը, Ավետիք Գրիգորյանը, Շահեն Աբաղյանը, Էդվարդ Գրիգորյանը: Մեր երկիրը մասնակիցներ չի ունենա միայն խաղային մարզաձեւերում` բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ: Բանն այն է, որ նշված մարզաձեւերի եվրոպական ֆեդերացիաները մասնակցության իրավունք են տալիս միայն բարձր վարկանիշ ունեցող տղաների եւ աղջիկների ութական թիմերի: Մրցավարական հանձնախմբերում ընդգրկված են երկու հայաստանցիներ: Ուտրեխտյան փառատոնը կավարտվի հուլիսի 20-ին:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽԱՂԵՐ ԵՎ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ