ԳԼԱՄՈՒՐԱՅԻՆ ԵՐԵԿՈՆԵՐԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի ԼԱՅԱՆԱՆ ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան` ջազ վոկալի բաժինը: 2002թ.-ից երգում է «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբ-երգչախմբում: Նաեւ ավարտել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը` դրամատիկ թատրոնի ռեժիսուրայի բաժինը:
-2009թ.-ից սկսել եմ հանդես գալ որպես անհատական երգչուհի, ունեմ 7 տեսահոլովակ:  Անսամբլում ժողովրդական, ավելի դասական, էստրադային երգեր եմ կատարում, ոչ մի իմպրովիզ, մաքուր հայկական կատարումներ:
-Նկատելի է, որ Դուք շոուբիզնեսային անցուդարձի մեջ չկաք:
-Ճիշտն ասած, զերծ եմ մնում գլամուրային երեկոներից. նախ՝ զբաղված եմ, երեկոները աշխատում եմ, հետո` այդքան էլ սիրահար չեմ: Չնայած մարդիկ մտածում են, որ ես հատուկ չեմ երեւում, որ հետո երեւամ, «բում» լինի: Իրականում այդպես չէ, ինձ ուղղակի չի հետաքրքրում: Շատ հազվադեպ են լինում երեկոներ, որոնց մասնակցում եմ:
-Իսկ հավաքական համերգների մասնակցո՞ւմ եք:
-Այո՛, մասնակցում եմ նաեւ շատ բարեգործական համերգների, դրանք ավելի կարեւոր եմ համարում: Միշտ նշում եմ իմ խոսքում, որ բարեգործություն չենք անում, այլ մի բան, որ պարտավոր ենք անել:
-Երեկոները որտե՞ղ եք աշխատում:
-Ռեստորանում, ինչպես եւ բոլոր հայ կատարողները, բացառությամբ 3-4 հոգու: Չնայած երգում եմ ռեստորանում, բայց բազմաժանր են երգերս ու ոչ աղավաղված: Կապ չունի՝ ես որտեղ եմ երգում, մատուցում եմ միայն մաքուր երաժշտություն:
-Մեր հանդիսատեսն ունա՞կ է  ռեստորանում լավ ունկնդիր լինել, թե՞ ռեստորանում նրանք իրենց ավելի շատ պահում են հաճախորդի եւ ոչ թե հանդիսատեսի կարգավիճակում:
-Չեմ կարող բոլորի մասին ասել միանշանակ: Մի բան որ հաստատ է: Ինչ մատուցես, հետագայում դա էլ կպահանջեն: Ես համարյա երկու տարի է, ինչ աշխատում եմ, ու դեռ չի եղել դեպք, որ ինձանից ռաբիս կատարում ուզեն: Ուզում եմ ասել՝ ցանկացած հանդիսատեսի պետք է կրթել քո ձեւով: Չետք է հարմարվել պահանջարկին, որովհետեւ պահի տակ ինչ-որ ալիք է լինում, ունկնդիրն էլ ընկնում է այդ ալիքի տակ, մենք չպետք է նրանց ենթարկվենք:
-Երբեւէ վճարե՞լ եք հեռուստաընկերություններին, որ Ձեր տեսահոլովակները եթեր հեռարձակեն:
-Ես ոչ մի գումար չեմ վճարում ոչ մի ալիքի, չեմ վճարել, չեմ էլ վճարելու: Երբ գլուխդ կախ աշխատում ես, մի օր քեզ նկատում են ու իրենք են քեզանից պահանջում, որ տեսահոլովակդ իրենց տրամադրես, հարցազրույց տաս: Կա ժամանակ, երբ դու կայացման ճանապարհին ես, հետո ամեն ինչ իր տեղն է ընկնում: Էությամբ էմոցիոնալ եմ, շտապողական, բայց կողքիս ունեմ ամուսին, որն այդ ընթացքը վերահսկում է:
-Երիտասարդ երգչուհու համար հե՞շտ է Հայաստանում առաջ գնալ, հաստատվել, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն իր գործն անում է:
-Միանշանակ այդ սկզբունքը շատ լավ է գործում, բայց եթե դու լավն ես, միեւնույն է, քեզ կնկատեն: Հիմա ոչ ոք չկա իմ թիկունքում, ես եւ ամուսինս երկուսով ենք զբաղվում իմ գործերով:
-Հետաքրքիր է, որ Ձեր ամուսինը դեմ չէ Ձեր գործունեությանը, սովորաբար հայ տղամարդիկ մի քիչ այլ մտածելակերպ ունեն:
-Ինքը գիտակցաբար է մոտենում, գիտեր, որ ես երգում եմ: Դեռ այն ժամանակ, երբ ուսանող էի, ավելի խիտ էր գրաֆիկս: Բայց ինքը կողքիս էր` շատ համբերատար, ու մինչ այսօր էլ այդպես է: Շատ հարցերում նույնիսկ ինձանից ավելի պատրաստակամ է: Ինքն ինձանից շուտ է գնում ձայնագրման ստուդիա:
-Լսել եմ, որ նաեւ փոքրիկ բիզնես ունեք, ճի՞շտ է:
-Հավանաբար Hrashq.am կայքի մասին է խոսքը: Տնօրենն ամուսնուս մորաքույրն է, նա է զբաղվում ամեն ինչով, ես ուղղակի դեմքն եմ: Կայքն իրենից ներկայացնում է ծառայության վերավաճառում, այսինքն՝ գնում ես նույն ծառայությունը 50%, 60%, 70% եւ ավելի զեղչով: Մեր կարգախոսն է` «Խնայելը դա նորաձեւ է եւ նորաոճ»: Ես դա համարում եմ ոչ թե բիզնես, այլ հաճելի զբաղմունք, որովհետեւ կարողանում եմ հանրությանը մատուցել ծառայությունն ավելի մատչելի ձեւով: Կոմերցիոն խնդիր էլ չենք հետապնդում, դրա մասին վկայում են կայքում վաճառվող կտրոնների գները:
-Որեւէ տեղ մեկնելո՞ւ եք հանգստի:  
-Միանշանակ գնալու ենք հանգստանալու, բայց դեռ չգիտեմ` հարեւան Վրաստան, թե Դուբայ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս