ՊԱՐԶ Է, ՈՐ ԳՐԵԹԵ ՈՉԻՆՉ ՊԱՐԶ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Հայոց ցեղասպանության հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված միջազգային հանձնախումբն ընդունում էր կինոնախագծեր, իսկ հայտերի ընդունման վերջին ժամկետը հունիսի 30-ն էր:
Ներկայացնելով այդ տեղեկությունը` «Ժողովուրդ»-ը մասնավորապես նշել էր, որ մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը` 2015 թվականի ապրիլի 24-ը, լուրջ կինոնկար նկարահանելու համար քիչ ժամանակ է մնացել:
Քանի որ կազմակերպիչները ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնն են, «Ժողովուրդ»-ը դիմեց կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանին: Նա մասնավորապես նշեց, որ մեկ տարուց ավելի է, ինչ ընդունվում են կինոնախագծերի հայտեր, սակայն դրանցից որոշները կիսատ-պռատ են ներկայացվել, դրանցում առկա են եղել որոշ անճշտություններ, բացթողումներ, եւ իրենք այդ ամենը շտկելու համար վերջին ժամկետ նշել են հունիսի 30-ը: Ներկայացվել է 19 լիամետրաժ, 1 անիմացիոն եւ 6 վավերագրական կինոնկարների փաթեթ, միջազգային հանձնախումբը (Ատոմ Էգոյան, Քշիշտոֆ Զանուսի, Արփինե Խանջյան…) եւ տեղի մասնագետները (Դավիթ Մուրադյան, Կարինե Խոդիկյան, Ռուբեն Հովսեփյան…) ուսումնասիրել են դրանք: Քննարկումների արդյունքում ընտրվել է չորս լիամետրաժ կինոնկարի նախագիծ ամբողջությամբ ու եւս երկու կինոնկարի` վերապահումներով: «Այդ փաթեթներում որոշակի բաներ դեռ պետք է լրացվեն: Իսկ վավերագրական եւ անիմացիոն կինոնկարների փաթեթները փորձագետների խումբը չի հասցրել ուսումնասիրել, եւ այդ հարցը կլուծվի, ամենայն հավանականությամբ, տեղի մասնագետների կողմից»,-նշեց պարոն Գեւորգյանը:
«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե, ի վերջո, երբ կընտրվեն հաղթող նախագծերը, երբվանից կսկսվեն նկարահանումները, ու, ընդհանրապես, արդյոք ժամանակի մեջ կտեղավորվեն: «Այդ հարցին դժվար է պատասխանել, բայց դեռ տարիուկեսից մի քիչ ավելի ժամանակ ունենք, պիտի փորձենք հասցնել: Երկրորդ փուլում այդ վեց փաթեթները նորից պիտի քննարկվեն տեղի ուրիշ մասնագիտական հանձնախմբում, եւ պիտի ընտրվեն նրանք, որոնք  ամբողջովին կֆինանսավորվեն, ինչպես նաեւ նրանք, որոնք մասնակի են ֆինանսավորվելու»: Այս ամենից բացի, դեռեւս պարզ չէ` վերջնական որոշումը նախագահականին կից հանձնախումբն է կայացնելու, թե մշակույթի նախարարությանը կից կստեղծվի առանձին հանձնախումբ: Չկա նաեւ հաստատված ժամկետ: Ահա այսպիսի բաներ:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս