ԷԹՆՈ ՋԱԶԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Ինչպես հայտնի է, Գյումրին այս տարի հայտարարվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, ինչի շրջանակներում այնտեղ անցկացվում են տարբեր մշակութային միջոցառումներ: «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» Manukyan Production-ը եւ Գյումրու ջազ ակումբը Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ ներկայացրել են «Ջազը եւ Գյումրին» նախագծի 6-րդ համերգը: Խումբն առաջին անգամ էր Գյումրիում, եւ նրա անդամների խոսքով` համերգն անմոռանալի էր, քանի որ գյումրեցի ունկնդիրն իրոք գնահատում է բարձր արվեստը, ինչը շատ կարեւոր է յուրաքանչյուր երաժշտի համար: Հիշեցնենք, որ «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» էթնո ջազ խումբը ձեւավորվել է 2011թ.-ից: Այնտեղ ընդգրկված են Հայաստանի լավագույն երիտասարդ երաժիշտներից մի քանիսը: Մասնակիցները վեցն են` Միքայել Ոսկանյան (թառ), Արման Փեշտմալջյան (ստեղնաշարային), Դավիթ Մելքոնյան (սաքսոֆոն), Գուրգեն Ղազարյան (բաս), Էդուարդ Հարությունյան եւ Մովսես Ղազարյան (հարվածային գործիքներ): Խմբի հիմնադիրը եւ մենակատարը Միքայել Ոսկանյանն է, ում շնորհիվ էլ խումբը ճանաչում է գտել Հայաստանում:
ՆԱԵՎ ԵՐԳԵՑ
Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը թոռան՝ Ջիվան Գասպարյան Կրտսերի հետ օրերս ելույթ ունեցավ երեւանյան «…Yans» համերգասրահում: Մաեստրոն այս անգամ չբավարարվեց միայն նվագելով, նաեւ եկատարեց Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված սեփական երգերը: