Ճապոնիայի կառավարության Grant Assistance for Grassroots Human Security Projects (GGP) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան և Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի (FSD) հայաստանյան մասնաճյուղի միջև Հայաստանում ականների վտանգի իրազեկման մասին դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությունը: Ճապոնիայի կառավարության կողմից պայմանագիրը ստորագրեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյձի Տագուչին, իսկ Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի Գործողությունների բաժնի ղեկավար Վալերիա Ֆաբրիոնին:
Դրամաշնորհի նպատակն է ՀՀ բոլոր դպրոցներում ականների վտանգի մասին իրազեկման հինգ տեսակի թեմատիկ պաստառների, ինչպես նաև հայաստանյան ԲՈՒՀ-երում ԱՎԻ բուկլետների տարածման միջոցով իրազեկել Հայաստանի դպրոցականներին և ուսանողներին Հայաստանում առկա ականների վտանգի և այդ վտանգից զերծ մնալու՝ անվտանգ վարքագծի կանոնների մասին:
Ստորագրման արարողությանը ներկա էին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն Պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀԱՓԿ ՊՈԱԿ) խորհրդի նախագահ, ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, խորհրդի անդամներ՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ինչպես նաև Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի աշխատակիցները և այլ պաշտոնատար անձինք: