Վայոց ձորի ագրարային ոլորտներում դեռևս առկա են մի շարք խնդիրներ. Սերգո Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձոր: Մարզկենտրոնում նախարարն անցկացրել է խորհրդակցություն գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության տարածքային ստորաբաժանումների տնօրեններ, ՋՕԸ-ների ղեկավարներ, համայնքապետեր և գյուղատնտեսներ:

«Վայոց ձորն ագրարային ոլորտներում դեռևս առկա են մի շարք խնդիրներ, մասնավորապես, հողի մշակման առումով մարզի ցուցանիշները ցածր են: Հետևողական աշխատանքի արդյունքում անցած տարի հնարավոր դարձավ մշակվող ցանքատարածություններն ավելացնել 1020 հեկտարով, սակայն դեռևս վարելահողերի ընդամենը 36 տոկոսն է օգտագործվում, հարկավոր է քայլեր ձեռնարկել այս ցուցանիշն ավելացնելու ուղղությամբ», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Ամփոփելով մարզում բուսաբուծության ոլորտի նախորդ տարվա արդյունքները` նախարարը տեղեկացրել է, որ 2015 թվականին բավականին ցածր է եղել հացահատիկային մշակաբույսերի` գարու, ցորենի բերքատվությունը: Նախարարի խոսքով` սերմնաբուծության զարգացման պետական ծրագրի շնորհիվ վերջին տարիներին հնարավոր է եղել հանրապետության ցորենի սերմի պահանջարկը բավարարել շուրջ 85 տոկոսի չափով ներքին ռեսուրսների հաշվին, սորտաթարմացման շնորհիվ հաջողվել է էականորեն ավելացնել բերքատվությունը: Եթե 2010 թվականին ցորենի բերքատվությունը կազմում էր ընդամենը 22,5 ց/հա, ապա արդեն 2015 թվականին այն հասավ 34 ց/հա-ի:

Շեշտելով, որ փոքրամասշտաբ գյուղացիական ընտանեկան տնտեսությունները չեն կարող որակյալ արտադրանք ստեղծել, որը կնպաստի երկրում արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը` նախարարն այս համատեքստում ընդգծել է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման անհրաժեշտությունը: Նախարարի խոսքով` այս խնդրի լուծմանն են ուղղված միջազգային կառույցների հետ իրականացվող մի շարք համատեղ ծրագրեր, այդ թվում` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC 2) և «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման» (ENPARD) ծրագրերը, որոնցում ընդգրկված է նաև Վայոց ձորի մարզը:

CARMAC 2 ծրագրով Վայոց ձորից ընդգրկվել են 10 համայնք, որի շրջանակում այստեղ հիմնվել են 5 կոոպերատիվ: Նախարարն ընդգծել է, որ գյուղացիական տնտեսությունների միավորումն ու ակտիվ համագործակցությունը կոոպերատիվի կազմում ավելի լայն հնարավորություններ կստեղծի աշխատանքի արդյունավետության բարձրացման և դրանով իսկ ֆերմերների եկամուտների ավելացման համար:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մթերումների կազմակերպման հարցին: Նախարարը կարևորել է 2015 թվականին Եղեգնաձորի պահածոների գործարանի վերագործարկումը, որը բավանաչափ մթերումներ է իրականացրել: Նախարար Կարապետյանը նշել է, որ թեև 2015-ին խնդիրներ եղան մասնավորապես խաղողի մթերումների հետ կապված, սակայն վերամշակող ընկերությունները բոլոր միջոցները ձեռնարկեցին մթերումները կազմակերպելու համար: Արդյունքում առաջին անգամ հանրապետությունում մթերման ծավալները նախորդ տարվա համեմատությամբ մոտ 30 տոկոսով ավելացան: Տեղեկացնելով, որ ընդհանուր առմամբ հանրապետությունում կատարվել է 39 մլրդ դրամի մթերում, որի դիմաց վճարումները կատարվել են շուրջ 96 տոկոսով` նախարարը հույս է հայտնել, որ մթերման դիմաց կուտակված պարտքերն արագ կվճարվեն:

Իր հերթին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը նշել է, որ ընթացիկ տարին նպաստավոր է գյուղատնտեսական աշխատանքների իրականացման առումով, և մարզպետարանն ամեն կերպ պատրաստ է աջակցել մարզի գյուղատնտեսներին գարնանացանն արդյունավետ կազմակերպելու գործում: Նա նաև հավելել է, որ միջոցներ են ձեռնարկվում այս տարի մարզի ցանքատարածությունները ևս մոտ 1000 հեկտարով ավելացնելու ուղղությամբ:

Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով են պարգևատրվել Խնձորուտ համայնքի ֆերմեր Սևադա Հմայակյանը և Եղեգնաձորի պահածոների գործարանի սեփականատեր Սարգիս Պողոսյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների և ագրովերամշակման ոլորտի ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի:

Այնուհետև նախարարն ուղևորվել է Եղեգնաձորի պանրի արտադրությամբ զբաղվող «Գոլդեն գոութ» ընկերություն: Տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանի տեղեկացմամբ, կազմակերպությունը կաթ է մթերում մարզի 11 համայնքների շուրջ 140 ֆերմերներից, մեկ լիտրը 150 դրամով: Ֆերմերային տնտեսություններից մթերված կաթի արժեքն ամբողջությամբ վճարվել է: Նա նաև նշել է, որ արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Այժմ բանակցություններ են ընթանում Իրանի շուկա մտնելու համար: Ընկերությունը զբաղվում է նաև այծաբուծությամբ, ինչը տնօրենի հավաստմամբ խիստ եկամտաբեր է հատկապես Վայոց ձորի համար, քանի որ մարզի արոտավայրերն առավել քան նպաստավոր են այդ ճյուղի զարգացման համար: Խաչիկ Մարտիրոսյանը հավելել է, որ ի տարբերություն մյուս տեսակների` այծի պանիրը մշտապես մեծ պահանջարկ ունի հատկապես արտերկրում, ուստի իրացման խնդիրներ չեն լինում: Ընկերությունն արտադրում է պանրի 9 տեսակներ, որոնցից 6-ը` այծի կաթով, հանրապետությունում միակն է, որ ունի յուրօրինակ պանրատեսակ` «ձեթով պանիր»:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս