ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՆՔՆԵՐԴ ԵՔ ԾԱՌԱՅԵՑՆՈՒՄ
Հայաստանում ՌԴ դեսպանատունը Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարի հետ կապված երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Ափսոսում ենք, որ հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած պատահարը, որը 18 մարդու կյանք խլեց, առանձին անձանց կողմից օգտագործվում է որպես առիթ՝ հակառուսաստանյան կրքեր բորբոքելու նպատակով։ Գործողությունները, որոնք նպատակ ունեն մարդկային մեծ ողբերգությունը ծառայեցնել նախ քաղաքական նպատակներին եւ վտանգել ռուս-հայկական հարաբերությունները, համարում ենք միանգամայն ոչ տեղին։ Պոդոլսկի մոտ տեղի ունեցած ողբերգությունը ազգային երանգ չունի. այն բազմակողմանի, հանգամանորեն, անկողմնակալ եւ առանց զգացմունքայնության հետաքննվելու է»։ Լավ կլիներ, որ ողբերգության` ազգային երանգ չունենալու մասին ՌԴ դեսպանատունը հիշեցներ նաեւ սեփական երկրի  լրատվամիջոցներին:

ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2013թ. երկրորդ եռամսյակային զեկույցի տվյալներով լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներն ու խախտումներն ավելացել են: «Մենք բազմիցս արձանագրել ենք, որ ընտրությունների ընթացքում, երբ սրվում է ներքաղաքական իրավիճակը, ավելանում է լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ ճնշումը. այդ առումով Երեւանի ավագանու վերջին ընտրությունները բացառություն չէին»,-պարզաբանել է ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը՝ նշելով, որ  ընտրությունների օրը՝ մայիսի 5-ին, արձանագրվել է 8 ճնշում, իսկ քարոզարշավի ընթացքում` 1 ֆիզիկական բռնության դեպք:

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ՄՈՐՆ ՈՒ ԿՆՈՋԸ
Հուլիսի 17-ի գիշերը Գյումրիում կենցաղային վիճաբանության ժամանակ 30-ամյա երիտասարդն իրենց տանը դանակահարել է մորն ու կնոջը՝ որովայնի շրջանում հասցնելով վնասվածքներ: Նրանց տեղափոխել են Գյումրու հիվանդանոց, իսկ որդին ձերբակալված է:  NEWS.am-ի տվյալներով` երիտասարդը Արթուր Չաքմիշյանն է,  մայրը` Անիչկա Չաքմիշյանը, կինը՝ Արփինե Չաքմիշյանը:  

ՈՉԻՆՉ ՉԱՍՈՂ
Արդյոք պատրաստվում է Հայաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես արձագանքել Մոսկվայում կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ռուսաստանյան իրավապահ մարմինների անհարգալից գործողություններին: Ի պատասխան «168 ժամ»-ի այս հարցի` ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ընդամենն ասել է. «Եթե որեւիցե հրապարակելու բան ունենանք՝ կհրապարակենք»: Կայքի ճշտող հարցին` այսինքն` ԱԳՆ-ն պատրաստվո՞ւմ է պաշտոնական նոտա հղել, թե՞ ոչ, կարո՞ղ են կոնկրետ պատասխանել,  Բալայանը կրկնել է  նույն` ոչինչ չասող նախադասությունը:

ԹՈՂԵՑԻՆ ԾԵԾԵՑ, ՆՈՐ
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի` Կարեն Եսայանի սպանության գործով դատական վերջին նիստի ժամանակ հնչած վիրավորանքների առթիվ Գյումրու ոստիկանության քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնել է Գյումրու ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը: Հիշեցնենք, որ երեկվա նիստից հետո ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Շիրակի մարզի դատախազություն, քանի որ Ղուկասյանը ծեծել էր ամբաստանյալի հորը` Անիի շրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին:

ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻՆ
Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի  խորհրդի նիստում ակադեմիայի ռեկտոր է վերընտրվել Արամ Իսաբեկյանը:




Լրահոս