ԾԱՂԿԱՎՈՐ ԽԱԼԱԹ` ՌԴ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Հայազն» կուսակցության անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան  առջեւ՝ ընդդեմ Մոսկվայում հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի:
Քաղաքացիները դեսպանատան մոտ էին բերել ծաղկավոր խալաթ, որը ցանկանում էին փոխանցել ՌԴ դեսպանին, սակայն ոստիկանները չթույլատրեցին: Կազմակերպիչները խալաթը կախեցին դեսպանատան ցուցանակից՝ հայտարարելով, որ այն նախատեսել են ինչպես դեսպանի, այնպես էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար:
Հիշեցնենք, որ Նոր Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի պատճառով ձերբակալված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որը եղել է ավտոբուսին բախված «Կամազ»-ի վարորդը, դատարանի դահլիճ է բերվել բառացիորեն ընկճված վիճակում: Հարությունյանը տեղափոխվել էր Բոտկինսկի հիվանդանոց, սակայն հետաքննության պահանջով բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից եւ դատարան տարել չսափրված վիճակում, հողաթափերով եւ կանացի ծաղկավոր խալաթով:
Հ.Գ. Ռուսաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները երեկ քննչական մեկուսարանում հանդիպել են Հրաչյա Հարությունյանին: Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Հարությունյանը  հավաստիացրել է, որ իրեն ցուցաբերվել է որակյալ բուժօգնություն, եւ քննչական մեկուսարանում ապահովված են նորմալ պայմաններ: ՀՀ դեսպանատան աշխատակիցները տեղեկացել են Հ. Հարությունյանին անհրաժեշտ պարագաների եւ հագուստի կարիքների մասին, որոնք անհապաղ կփոխանցվեն նրան: Իսկ ՀՀ-ում Հրաչ Հարությունյանի ընտանիքին է փոխանցվել նրա որդու շիրիմաքարի գումարը:

ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆ




Լրահոս