Եվ այսպես` հուլիսի 20-ի առավոտյան երեւանցիները աշխատանքի կշտապեն «ավելի լավ Երեւանում»` գերբեռնված հանրային միկրոավտոբուսների եւ ավտոբուսների համար վճարելով նախկին 100 դրամի փոխարեն 150 դրամ: Թեեւ հասարակական տրանսպորտի թանկացումն անսպասելի չէր, այդուամենայնիվ, հույսեր կային, որ այն կթանկանա ոչ թե միանգամից 50-100 տոկոսով, այլ գոնե նույնքան, որքան ռուսական գազը` մոտ 30 տոկոսով: Սակայն քաղաքային իշխանությունները որոշեցին առիթը բաց չթողնել եւ մանրադրամների հետ կապված անհարմարությունը պատճառաբանելով` այն թանկացնել միանգամից կիսով չափ: Եվ դա այն դեպքում, երբ շրջանառության մեջ առկա են ՀՀ ԿԲ թողարկած 20 դրամանոցները: Ընդ որում, երեկ քաղաքացիներին այդ «աչքալուսանքը» տված Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը որպես այդ թանկացումների հիմնական պատճառ նշել է ոչ թե գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումը, այլ այն, որ բանկերը հրաժարվում են վարկեր տրամադրել երթուղիներ շահագործող տնտեսվարող սուբյեկտներին` նրանց համարելով ոչ հուսալի ֆինանսական գործընկեր: Այսպիսով` ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ շարքային երեւանցին իր առանց այդ էլ կիսադատարկ գրպանից ամեն օր պետք է կիսով չափ ավելի թանկ ուղեվարձ վճարի այն պատճառով, որ քաղաքային իշխանությունները երթուղիների մրցույթներում հաղթող են ճանաչել այնպիսի տնտեսվարող սուբյեկտների, որոնք չեն կարողանում ճշգրիտ կազմակերպել իրենց բիզնեսը կամ էլ պարզապես գումար չունեն: Մինչդեռ նորմալ տրամաբանությամբ, քաղաքային իշխանությունները պարզապես պետք է այդ ընկերություններին ասեին` եթե չեք կարողանում աշխատեցնել ձեզ տրված երթուղիները, հրաժարվե՛ք: Վստահաբար` նոր եւ արդար մրցույթներ անցկացնելու դեպքում քիչ չէին լինի այնպիսի ընկերությունները, որոնք կհամաձայնեին նախկինից փոքր-ինչ պակաս շահույթ ստանալով` աշխատեցնել երթուղիները: Նման բան, սակայն, տեղի չունեցավ եւ այն պարզ պատճառով, որ այդ երթուղիների գերակշիռ մասի սեփականատերերի աշխատավայրը հենց Երեւանի քաղաքապետարանն է: Էլ չասած` ԱԺ գծատեր պատգամավորների եւ նախարարների մասին:
Երբ 2010թ.-ին գազը թանկացավ, քաղաքային եւ մարզային մի քանի երթուղիների տերեր մեկ-երկու օրով ինքնակամ թանկացրին ուղեվարձը, սակայն իշխանությունները շատ արագ գծատերերին բացատրեցին, որ նրանք պետք է հրաժարվեն նախկինի չափ գերշահույթներ ստանալու ցանկությունից եւ բավարարվեն ավելի համեստ գերշահույթներով: Եվ դա արեցին այն պատճառով, որ այդ ժամանակ երկրում առկա էր հզոր ընդդիմություն, որը շատ արագ կարող էր համախմբել դժգոհ ժողովրդին` երկրում իրական սոցիալական բունտ անելով եւ հասնելով իշխանափոխության: Մինչդեռ այսօր Հայաստանում ո՛չ նորմալ ընդդիմություն է մնացել, ո՛չ էլ բավականաչափ ժողովուրդ, դրա համար էլ` ինչ ուզում, այն էլ անում են: Սերժ Սարգսյանն իրոք որ ստեղծել է ապահով Հայաստան` իր ու իր սիրելի օլիգարխների համար:
ԱՊԱՀՈՎ` ԻՐ ՀԱՄԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ