Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, այսօր՝ հուլիսի 25-ին, հանդիպել է Երեւանի ավագանու ՀՀԿ, ԲՀԿ եւ “Բարեւ Երեւան” խմբակցությունների անդամների հետ եւ քննարկել քաղաքի տրանսպորտային ոլորտի հետ կապված հարցեր:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացնելով մայրաքաղաքի ուղեւորափոխադրումների սպասարկման որակի ապահովման հետ կապված իր մոտեցումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանի քաղաքականությունն այսօր ուղղված է բնակիչների համար անվտանգ եւ հարմարավետ երթեւեկության ապահովմանը: Անդրադառնալով ուղեվարձը թանկացնելու մասին Երեւանի քաղաքապետի որոշմանը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն ոլորտի բնականոն աշխատանքն ու շահագործման համարժեք ծախսերն ապահովելու նպատակ է հետապնդում.
“Իրականում սոցիալական բեռի խնդիր է առաջանում, որը որոշ խավի կողմից արդարացի բողոքների տեղիք է տալիս: Քանի դեռ մենք սոցիալական որոշ խմբերի համար արտոնություններ չենք սահմանել, հետեւաբար թե՛ իրենց, թե՛ իրենց ընտանիքների համար լրացուցիչ բեռ ենք ավելացնում: Ես իսկապես մտահոգ եմ ոչ միայն մեր սոցիալապես անապահով խավի համար, այլեւ մեր քաղաքում հասարակական տրանսպորտի անվտանգ երթեւեկություն ապահովելու համար:
Եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ ունենալ, ապա 100 դրամով դա անհնար է ապահովել: Այսկերպ մենք չենք կարողանա թարմացնել շարժակազմը եւ ապահովել բոլոր այն պահանջները, որոնք այս տարիների ընթացքում եղել են մեր բնակիչների կողմից տրանսպորտի ոլորտի կանոնակարգման եւ զարգացման հարցում: Այս սակագնով դրան հասնելը անհնար էր”,- նշել է Տարոն Մարգարյանը՝ ավելացնելով, որ դրա հետ միաժամանակ պետք է խիստ վերահսկողություն իրականացվի սպասարկման բարձր որակի ապահովման, մասնավորապես երթուղիների սահմանված չվացուցակների պահպանման, ինչպես նաեւ երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաքանակի ապահովման ուղղությամբ: Կբացառվի նաեւ միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը:
Խմբակցությունների անդամները եւս իրենց հերթին կարեւորել են հասարակական տրանսպորտի սպասարկման որակի բարձրացումն ու քաղաքացիների անվտանգության ապահովումը:
Քաղաքապետը նշել է նաեւ, որ, հաշվի առնելով հարցի սոցիալական ուղղվածությունը, առաջիկայում կստեղծվի հասարակական կազմակերպություններից ու շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը համակողմանիորեն կուսումնասիրի եւ մեխանիզմներ կառաջարկի որոշումն առավել ամբողջական եւ օպտիմալ դարձնելու համար. “Հիմնական շեշտը մենք դնելու ենք վճարման միասնական համակարգի ներդրման վրա, որը սոցիալապես խոցելի խմբերին կառաջարկի տարբերակներ: Այսկերպ մենք կբարձրացնենք նաեւ ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների սոցիալական պատասխանատվությունը”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հանդիպման ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, լսելով քննարկվող հարցի վերաբերյալ Երեւանի ավագանու խմբակցությունների անդամների մոտեցումներն ու առաջարկները, մեկ անգամ եւս վստահեցրել է, որ մշտապես պատրաստակամ է քննարկելու եւ կյանքի կոչելու բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կբխեն Երեւանի ու երեւանցիների շահերից: