Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, նախօրեին «Ռ Էվոլյուցիա» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով Մատաղիսի գործով ՄԻԵԴ կայացրած վերջին վճռին, որով բավարարվեց նախկինում ցմահ դատապարտված, ապա 2012թ ՀՀ դատարանի կողմից արդարացված 3 երիտասարդների հայցը, հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով: Նախ` վերստին հայտարարել է, թե շարունակում է արդարացված 3 երիտասարդներին համարել մարդասպաններ, ապա՝ շարունակել.«Լավ, 3 տարի անցել է, եթե այդ երիտասարդները չէին, ապա ովքե՞ր էին, ինչո՞ւ չի բացահայտվում, ինչո՞ւ այս իրավապաշտպանները, որ այսպես աղմուկ են բարձրացնում, թե՝ հաղթել ենք, ՀՀ-ին հաղթել ենք, բա ինչո՞ւ չեն պաշտպանում այդ զոհերի իրավունքները: Դուք երբեւիցե լսե՞լ եք, որ որեւէ իրավապաշտպան պաշտպանի այդ երկու երիտասարդների շահերը»: Մտածել, որ Ջհանգիրյանը չի լսել, որ, օրինակ, նույն արդարացված երիտասարդների պաշտպան Հայկ Ալումյանն ամեն առիթով բարձրաձայնում է Մատաղիսի սպանությունների բացահայտման խնդիրը, դժվար է:
Նույնքան դժվար է հավատալ, թե Ջհանգիրյանը տեղյակ չէ, որ սպանված երիտասարդներից Ռոման Մնացականյանի ծնողները, որոնց անունից նա, ի դեպ, այդ հաղորդման շրջանակներում հայտարարություններ էր անում, վերջերս ասել են, որ իրենց հիմա միայն Հ. Ալումյանն է օգնում: Իսկ, այ Ջհանգիրյանի անունը նրանք, չգիտես ինչու, չեն տվել:
Չնայած դրան, նախկին զինդատախազը ասում է.«Այս 3 երիտասարդներից /որոնք նրա «թեթեւ ձեռքով հանիրավի դատապարտվել էին/ մեկն այսօր իրավապաշտպան գործունեությամբ է զբաղված, մի՞թե այդ գործը չպետք է լիներ նրա կյանքի գործը, որ նա կարողանար ապացուցել, օժանդակեր, նպաստեր իրական սպանողներին բացահայտելուն: Բա ինքը պետք է մաքրվի, չէ՞, ի վերջո»:
Սա արդեն ուղղակի ցինիզմի դրսեւորում է, երբ մարդը, ում անմիջական ղեկավարությամբ երեք երիտասարդներ հանիրավի ցմահ դատապարտվել են, ապա հենց նույն ՀՀ դատարանի կողմից արդարացվել, նաեւ հաղթել ՄԻԵԴ-ում, դեռ մի բան էլ խոսում է այդ երիտասարդներից մեկի «մաքրվելու» մասին: Լավ, բա ինքը ինչու քայլեր չի ձեռնարկում «մաքրվելու» համար: Իրականում ոչ թե այդ երիտասարդը` Ա. Զալյանը, «մաքրվելու» խնդիր ունի, այլ ինքը` նախկին զինդատախազը, որի անմիջական մասնակցությամբ զինվորների խոշտանգումների մասին մամուլում առկա են բազմաթիվ հրապարակումներ:
Ընդ որում, սրա հետ կապված Ջհանգիրյանը բավարարվում է` «ես հիմա չեմ արդարանալու» ասելով ու հերթական ցնցող հայտարարությունն անելով.«Ընդունում եմ, որ շատերը կային, որ արժեր դատել, ու ես չեմ դատել, բայց որեւէ անմեղ մարդու երբեք քրեական պատասխանատվության չեմ ենթարկել»: Իր այս հայտարարությամբ Ջհանգիրյանը, փաստորեն, խոստովանում է, որ «աչքաչափով» է որոշել, ում «արժի դատել», ում` ոչ: Իսկ թե այդ «արժեր»-ը ինչքան արժեր, դա էլ արդեն ինքը կիմանա: