ՀՀԿ-ն պատրաստ է ցանկացած ձևաչափով քննարկման. 2 պայման են բարձրաձայնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս մարտի 18-ին՝ ընտրական նոր օրենսգրքի հանրային քննարկման ժամանակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկել էր ԸՕ ընդունման գործընթացը կառուցել լայն հանրային եւ քաղաքական կոնսենսուսի վրա: Իսկ որպես այդպիսի կոնսենսուսի հասնելու գործիք, նա առաջարկել էր բանակցությունների 4+4+4 ձեւաչափը՝ խորհրդարանում ներկայացված իշխանական եւ ընդիմադիր խմբակցությունների, ինչպես նաեւ` հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

«Հնարավո՞ր է արդյոք կազմակերպել ռեալ քաղաքական գործընթաց, որի ժամանակ ընդդիմությունը, իշխանությունը և քաղհասարակությունը հավասարապես ներկայացված կլինեն: Ես դեմ չեմ լսումներին, քննարկումներին, սակայն մենք ուղղակի օրենք չենք ընդունում: Հարցը վերաբերում է երկրի համար կարեւորորագույն փաստաթղթին՝ ընտրական օրենսգրքին»,- 4+4+4 ձեւաչափի անհրաժեշտությունը հիմնավորելով` ասել էր Զուրաբյանը:

Իսկ արդեն մարտի 24-ին ՀԱԿ խմբակցության ղեկավարը պաշտոնապես առաջարկ ներկայացրեց իշխող ՀՀԿ-ին` նամակով դիմելով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: «Ժողովուրդ»-ը երեկ այս կապակցությամբ զրուցեց Հովհաննես Սահակյանի հետ` պարզելու համար՝ արդյոք իշխանությունը պատրաստ է ընդունել Զուրաբյանի առաջարկը:

«Մենք ցանկացած ձեւաչափով քննարկմանը պատրաստ ենք: Կարող ենք քննարկել ԸՕ այս կամ այն դրույթը, իրենց մոտեցումները մտահղացումները, առաջարկությունները եւ այլն: Քննարկումների ժամանակ մենք երկու պարզ պայման ենք բարձրաձայնել. այնտեղ ինչ-որ որոշումներ չպետք է կայացվեն քվեարկության միջոցով, եւ երկրորդը, դա միակ բացառիկ ձեւաչափը չի, որտեղ պետք է քննարկենք ընտրական օրենսգրքի հետ կապված առաջարկությունները: Ամեն դեպքում մենք այս չորեքշաբթի օրը արդեն հանձնաժողովում քննարկումները կկազմակերպենք»,- նշեց Հ. Սահակյանը:

Նկատենք, որ Զուրաբյանի առաջարկը ընդդիմադիր դաշտի ուժերի կողմից այնքան էլ դրական չի ընդունվում: Մասնավորապես Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Զուրաբյանի առաջարկին, նախօրեին ասել է, որ այդ ձեւաչափում ներգրավվելու շուրջ իրենց համար ոչ մի հետաքրքրություն չկա:

«Մենք համարում ենք, որ ընտրական օրենսգրքի վերաբերյալ մեր տեսակետներն ասելու, մեր մտահոգությունները բարձրաձայնելու, անհրաժեշտության դեպքում, մեր առաջարկություններն անելու բոլոր հնարավորություններն ու լծակներն ունենք, այնպես որ, մենք այդ ֆորմատում մեզ չենք էլ տեսնում», – իր հարցազրույցներից մեկում ասել էր նա: Ինչ վերաբերում է մյուս ընդդիմադիր ուժերին, ապա նրանց կողմից թեեւ այս ձեւաչափը հրապարակավ չի մերժվել, սակայն որեւէ կերպ չի էլ ողջունվել:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս