ԱԺ ՀԱԿ խմբակցության առաջարկած 4+4+4 ձեւաչափը, ինչպես եւ զգուշացնում էին որոշ ընդդիմադիր գործիչներ, կարող է դառնալ լուրջ խաղաքարտ իշխանությունների ձեռքին: Իշխող ՀՀԿ-ն ի սկզբանե արդեն նախազգուշացրել էր, որ այդ ձեւաչափը չի կարող հավակնել որոշիչ դերակատարության, եւ իրենք ընդդիմության ու քաղհասարակության հետ գնալու են ոչ թե բանակցությունների, այլ քննարկումների, ինչը սկզբունքային տարբերություն է: Սակայն չնայած դրան` նախօրեին 4+4+4 ձեւաչափով առաջին հանդիպումը կայացավ, թեեւ բոլորովին այլ թվային համամասնությամբ` 3+6+4: Իշխանություններն, ինչպես եւ կանխավ ասել էին, ներկայացել էին 6 հոգով, եւ սա անսպասելի չէր:
Անսպասելի էր այն, որ ընդդիմությանը, տվյալ դեպքում նախաձեռնության հեղինակին` Լեւոն Զուրաբյանին չէր հաջողվել ապահովել ընդդիմադիր պատգամավորների լիարժեք ներկայությունը. «Ժառանգության» ներկայացուցիչը բացակայում էր: Խմբակցության քարտուղար Թեւա Պողոսյանը երեկ հայտարարեց, թե «Ժառանգությունը» պաշտոնապես տեղեկացված չի եղել բանակցությունների մեկնարկի մասին, իսկ, ահա, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ իրենց բացակայությունը պայմանավորեց նրանով, որ առաջադրված 5 կետերի շուրջ իշխանությունների կողմից զիջման գնալու պատրաստակամությունը բացակայում է:
Սակայն սա այս ձեւաչափի հետ կապված միակ անհստակությունը չէ: Ձեւաչափում ընդգրկված քաղհասարակության ներկայացուցիչները պնդում են, որ քննարկվեն եւ բանակցվեն իրենց ներկայացրած բոլոր 5 առաջարկները, մինչդեռ, օրինակ, ՀԱԿ-ում սկզբունքային չեն համարում ռեյտինգային ընտրակարգի հետ կապված առաջարկի քննարկումը հենց այս ֆորմատով` դա համարելով ավելի շատ քաղաքական որոշման տիրույթի հարց: Պարզ չէ նաեւ, թե որքան ժամանակ են ընթանալու այս քննարկումները. նախօրեին Լ. Զուրաբյանը նշեց առավելագույն ժամկետը` երկու շաբաթ, սակայն երեկ արդեն ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկանն ասաց, թե պատրաստ են քննարկումները շարունակել երեք շաբաթ: Իսկ թե որն է զիջումների այն նվազագույն շեմը, որից այն կողմ ձեւաչափի ընդդիմադիր մասնակիցները կհամարեն անիմաստ, այդպես էլ որեւէ մեկը չի նշում:
Դատելով արդեն առաջին հանդիպումից հետո իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններից, թե զիջելու մասին խոսք լինել չի կարող, ինչպես նաեւ քննարկումների առարկա հանդիսացող դրույթներում իշխանության առաջարկած «փոխզիջումային» տարբերակներից արդեն այսօր կարելի է կանխատեսել, որ 4+4+4 ձեւաչափը վերջնարդյունքում նպաստելու է ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների լեգիտիմացմանն ու բուն խնդիրների լուծումից հանրային եւ միջազգային կառույցների ուշադրության շեղմանը: Սա ասում ենք` առանց վիճարկելու նախաձեռնության հեղինակների բարի մտադրությունները: Բայց, ինչպես նկատել է մեծն Դանթեն, դժոխքի ճանապարհը սալահատակված է բարի մտադրություններով: