Սահմանային լարվածության այս օրերին երկու երկրների նախագահներն ԱՄՆ-ում են. ինչո՞ւ սկսվեց հարձակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ արցախյան հակամարտության կարգավորումը օրհասական խնդիր է ե’ւ Հայաստանի, ե’ւ Ադրբեջանի համար, աներկբա է: Ստատուս քվոն այլեւս չի պահպանվում: Ընդ որում, Ադրբեջանն է անընդհատ հրահրում պատերազմական գործողությունների: Այս իրողության մասին գիտեն բոլոր կողմերը` այդ թվում եւ Արցախի հիմնահարցի կարգավորումն իրենց ձեռքը վերցրած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, բայց տարիներ շարունակ հնարավոր չի լինում հանդարտեցնել իրավիճակը:

Երեկ գիշերվա լայնածավալ պատերազմ հիշեցնող գործողություններն ուշագրավ ու աննախադեպ էին նախ մասշտաբներով: 1994 թվականից հետո նման բան չէր եղել: Եւ այս իրավիճակը հետաքրիր է նաեւ այն իմաստով, որ ե’ւ Հայաստանի, ե’ւ Ադրբեջանի նախագահները արդեն մի քանի օր է գտնվում են Ամերիկայի միյացյալ նահանգներում:

Ըստ ամենայնի՝ Իլհամ Ալիեւը ցանկանում էր ցույց տալ, որ պատերազմով կարողանալու է գրավել տարածքներ եւ պաշտոնապես հայտարարել, թե ինչ ուժեղ ու մարտունակ է ադրբեջանական բանակը: Բայց չստացվեց: Հայ դիրքապահներն անմիջապես իրավիճակն իրենց վերահսկողության տակ վերցրեցին: Դրա համար ադրբեջանական լրատվամիջոցները ստիպված են պարբերաբար հերքել ռազմական որոշ գործողությունների փաստը:

Եւ հիմա որքան էլ ամենասպասված հարցի պատասխանը լինի այն, թե ինչո՞ւ սկսվեցին գործողությունները, այնուամենայնիվ, պետք է սպասել: Իսկապես ասելիքը շատ է: Այս իրավիճակին նպաստող գործոնները` մեծաթիվ: Բայց այդ մասին պետք է խոսել միայն ռազմական գործողությունների դադարից ու լարվածության մեղմացումից հետո:

Հավելենք միայն, որ Սերժ Սարգսյանը արդեն ԱՄՆ-ից վերադառնում է Հայաստան, ժամեր անց նա կլինի Երեւանում:

Թամարա Միքայելյան




Լրահոս