Վազգեն Մանուկյանը կմասնակցի ակտիվիստների քննարկմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրային խորհրդի մամուլի ծառայությունը տարածել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որում վերջինս ի պատասխան “Վճարում ենք 100 դրամ” նախաձեռնության հրավերքին, ասել է, որ կմասնակցի այսօր՝ ժամը 20.00-ին Մաշտոցի պուրակում կայանալիք հանդիպմանը, որի ժամանակ կքննարկվեն նախաձեռնության կողմից ներկայացուցչական խումբ ձևավորելու և Հանրային խորհրդի հետագա աշխատանքներին մասնակցելու եղանակները:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. 
“Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարում մեծ է ձեր դերակատարումը՝ հանրության տարբեր շերտերի աջակցությամբ: Այդ պայքարն արդարացված էր, և մենք ողջունում ենք հաղթանակը:
Այժմ ժամանակն է մտածելու, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի տրանսպորտը, որպեսզի հասանելի լինի և բավարարի մեր քաղաքացիների պահանջներին:
Հանրային խորհուրդն այդ ուղղությամբ շարունակելու է աշխատանքներ իրականացնել՝ հիմնվելով հանրության և մասնագետների կարծիքների վրա: Այդ նպատակով մենք դիմեցինք նաև ձեզ՝ մասնակցելու մեր աշխատանքներին, ինչ համար այսօր հրավիրեցինք Հանրային խորհուրդ:
Ի դեպ, ինչ-որ բանի դեմ լինելով, քաղաքացին պարտադրված չէ նաև լուծումներ առաջարկել: Այդ առումով ձեր խմբի բազմաթիվ անդամներ, մասնակցելով բողոքի ցույցերին, միգուցե ցանկություն չհայտնեն մասնակցել առաջարկներ և լուծումներ գտնելու գործընթացին, ինչը բնական է:
Ինչ վերաբերում է տրանսպորտի նոր մոդելի մշակմանը, ապա դա լուրջ աշխատանք է և տեխնիկապես դժվար կլինի իրականացնել ձեր առաջարկած ձևաչափով: Երբ որ մեր աշխատանքների արդյունքում մշակվի տրանսպորտի աշխատանքի որոշակի մոդել, ապա այն Մաշտոցի պուրակում քննարկման դնելը շատ արդյունավետ կարող է լինել:
Այնուհանդերձ, Հանրային խորհուրդը, որպես համագործակցության առաջին քայլ, ընդունում է այսօրվա հանդիպումը ժամը 20:00-ին Մաշտոցի պուրակում անցկացնելու ձեր հրավերը, որի ընթացքում առաջարկում ենք քննարկել ձեր կողմից ներկայացուցչական խումբ ձևավորելու և մեր հետագա աշխատանքներին մասնակցելու եղանակները”:




Լրահոս