Տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշման կասեցումից ոգեւորված՝ երիտասարդ ակտիվիստները որոշել են պայքարել ուսման վարձը նվազեցնելու համար: Այդ նպատակով «Ֆեյսբուք»-ում ստեղծվել է «Միասին կանխենք բուհերի վարձավճարների թանկացումը» նախաձեռնությունը:
Նախաձեռնության մասնակիցների թիվն արդեն հատել է 2000-ի սահմանը: Երիտասարդները հանդես են գալիս բազմաթիվ կոչերով. «Ինչպես 150 դրամ չէինք վճարում, այնպես էլ չենք վճարելու 100 000 դրամ եւ ավել վարձավճար: Պատրաստվե՛ք, անօրե՛ն պաշտոնյաներ, մենք գալիս ենք», «Կրթությունը իրավունք է, ոչ թե շքեղություն», «Մեզ կթում են, ոչ թե կրթում» եւ այլն: Նախաձեռնողները հորդորում են դասախոսական կազմին եւս միանալ իրենց եւ պայքարել «ամենայն թանկացման դեմ»: Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ հայաստանյան շատ բուհերում գալիք ուսումնական տարվանից ուսման վարձերը բարձրանալու են 20-200 հազար դրամով` ըստ մասնագիտության: Այս գնաճը վերաբերվելու է միայն առաջին կուրսեցիներին:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց նախաձեռնության ակտիվիստներից Անի Նավասարդյանի հետ: «Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ բուհերի վարձը չբարձրացվի, քանի որ բուհերում դեռ շատ անելիքներ կան, եւ տվյալ դեպքում վարձի բարձրացումն անիմաստ է»,-նշեց ակտիվիստը: Անի Նավասարդյանն ընդունում է այն տեսակետը, որ այս նախաձեռնության ակտիվության աղբյուրը 150 դրամ ուղեվարձը չվճարելու ակցիան է. «Օգոստոսի 15-ից կսկսվի բուհերի աշխատանքը, մինչ այդ ցանկանում ենք պայքարել եւ հիմնավորում պահանջել ուսման վճարների թանկացման համար: Եթե ոչինչ չհաջողվի, ակցիան ավելի կթեժանա, եւ կսկսենք դասադուլի կոչեր անել»:
Անին հերքում է այն խոսակցությունները, որ այս ակցիայի հետեւում կանգնած են քաղաքական ուժեր: Նա նշում է, որ նախաձեռնության անդամ են Նախախորհրդարանի երիտասարդ աջակիցներ, բայց նրանք նույնպես ուսանողներ են, այլ ոչ թե Նախախորհրդարանի անդամներ: Անին վստահեցնում է, որ օգոստոսի 4-ին որեւէ հավաք չի լինի, առայժմ իրենք ցանկանում են վճարի բարձրացումը հիմնավորելու մասին գրավոր պատասխան ստանալ:
Նշենք, որ արդեն իսկ ուսման վարձերը բարձրացել են 5 բուհերում` Կոնսերվատորիայում, ԵՊՀ-ում, ՀՊՏՀ-ում, ՀՊՃՀ-ում, ԵՃՇՊՀ-ում: Այս ընթացքում նախաձեռնության մասնակիցները խոսել են որոշ դասախոսների հետ եւ պարզել, որ նրանց աշխատավարձը շատ չնչին է բարձրացել, ընդ որում, դրան զուգահեռ ավելացել են նաեւ աշխատավարձերի պահումները, եւ այս ամենի հանրագումարում ստացվում է, որ դասախոսները ստանում այնքան աշխատավարձ, որքան նախկինում:
Այս կապակցությամբ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ուսման վարձերը սահմանում են բուհերի գիտական խորհուրդները, եւ ավելի ճիշտ կլինի՝ այս հարցով դիմեք բուհերի ռեկտորներին, իրենք կհիմնավորեն, թե ինչ հիմքով եւ ինչի համար են բարձրացրել ուսման վարձերը: Իսկ պարոն Աշոտյանը մինչ արձակուրդ գնալն ասել է, թե ինքը գտնում է, որ ուսման վարձի թանկացումները հիմնավորված են»:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս թանկացումները միայն առաջին կուրսեցիների համար են եւ ուսանողության 90 տոկոսին չեն վերաբերվում: Նա համոզված է, որ այս բողոքն ուղղորդվում է քաղաքական դրդապատճառներով. «Այդ ակցիայի մասնակիցների մեծ մասն ուսանողներ չեն եւ ուսման հետ կապ չունեն, դա քաղաքական նպատակներով ուղղորդվող շարժում է: Թե ովքեր են կանգնած նախաձեռնության հետեւում, չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ սա քաղաքական ուղղորդում ունի, եւ նրանք օգտագործում են ուսանողներին պղտոր ջրում ձուկ որսալու համար: Նրանք գաղափար անգամ չունեն բարձրագույն ուսումնական համակարգում բարեփոխումներ անելու մասին, նրանց 90 տոկոսը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում: Նրանցից որեւէ մեկից ես երբեւէ նորմալ քննարկման առաջարկ եւ արդյունք չեմ ստացել»:
Արամ Սիմոնյանը վստահեցրեց, որ ուսման վարձերը չեն նվազի, քանի որ բուհերի ֆինանսական միջոցները չեն բավականացնում մասնագետ պատրաստելու համար: Եվ եթե պետությունն ի վիճակի չէ ամբողջությամբ փակել բուհերի ծախսերը, ինչպես ամբողջ աշխարհում, ապա կրթության համար պետք է վճարի ուսանողը: «Ի վերջո, պետք է դասախոսը ստանա նորմալ աշխատավարձ, եթե նա չստանա նորմալ աշխատավարձ, ապա կթողնի ու կգնա բուհից: Եթե չլինի դասախոսը, էլ ո՞վ է կրթելու, էլ ի՞նչ կրթության մասին ենք խոսում: Այսօր ո՞վ կհամաձայնի դոցենտի 100 000 դրամ աշխատավարձով աշխատել, ոչ ոք: Դասախոսական կազմը ծերանում է, եւ որակյալ դասախոսներն այդ աշխատավարձով չեն գալիս աշխատանքի»,-հավելեց Արամ Սիմոնյանը:
«ՄԵԶ ԿԹՈՒՄ ԵՆ, ՈՉ ԹԵ ԿՐԹՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ