ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՌԱԲԻՍ ԵՐԳԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայ սուպերսթար” մրցույթի 5-րդ եթերաշրջանի հաղթող ՍՈՆԱ ՌՈՒԲԵՆՅԱՆԸ համոզված է, որ չի տրվի հոսանքին ու չի սկսի ռաբիս երգել: Երիտասարդ երգչուհին նաեւ վստահ է, որ լավ կատարող դառնալու համար անհրաժեշտ է մասնագիտական լուրջ կրթություն: Սոնան սովորել է Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Չայկովսկու անվան 10-ամյա մասնագիտացված դպրոցում, զուգահեռ ուսանել դասական վոկալ եւ դաշնամուր: Հիմա էլ սովորում է Երեւանի պետական կոնսերվատորիայի ջազ դաշնամուրային բաժնի չորրորդ կուրսում: 
-“Հայ սուպերսթար”-ում հաղթելուց հետո մեկ տարի է անցել, այդ ընթացքում ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում:
-Հենց մրցույթին մասնակցելու ժամանակ էլ մասնագիտական առումով փոփոխություններ զգացել եմ: Հիմա էլ համերգներին մասնակցելիս որպես երգչուհի որակական փոփոխություններ եմ զգում բեմական շարժուձեւիս մեջ, ավելի անկաշկանդ եմ, կարողանում եմ էմոցիաներս հանգիստ փոխանցել: 
-Մրցույթից հետո որեւէ պայմանագիր կնքե՞լ եք “Շանթ” հեռուստաընկերության հետ առ այն, որ Դուք որոշակի պարտավորություններ եք կրում:
-Այո՛, մենք կնքել ենք երեք տարվա պայմանագիր: Չոր կետեր չկան, պարտականություններ, որ սա պետք է անես, սա` ոչ: Պայմանագրում նշվում է, որ նախագծում երգած երաժշտությունից ցածր` որակական առումով, չպետք է երգենք:
-Բա՞րդ չէ շոու բիզնես մուտք գործելը, մանավանդ երբ սկսնակ ես ու երիտասարդ: Հաճա՞խ են խոչընդոտներ հանդիպում:
-Դժվարությունները շատ-շատ են, կողքից թվում է՝ հեշտ ասպարեզ է, ուղղակի երգում ենք: Նախ՝ երգիչ դառնալու համար պետք են որոշակի հմտություններ: Ես գտնում եմ, որ մասնագիտական լուրջ կրթությունն անհրաժեշտություն է: Կարեւոր է նաեւ տիրապետել գոնե մի երաժշտական գործիքի, դա օգնում է ավելի լավ պատկերացնել՝ ինչ եւ ինչպես ես երգում: 
Ճանապարհը բարդ է, անում ես այնպիսի գործ, որ մարդկանց աչքի առաջ է ու հանդիսատեսի համար: Քննադատություններ են լինում, բամբասանքներ: Արդեն որոշակի փուլերի միջով անցել եմ ու կարծում եմ՝ կկարողանամ հաղթահարել երբեմն անհիմն, երբեմն հիմնավոր այդ բամբասանքները: Փորձում եմ կոփվել այդ ասպարեզում եւ միայն օգուտ քաղել ու դիմանալ: Չնայած ասեմ՝ շատ զգայուն եմ, ամեն ինչից շուտ վիրավորվում եմ, սրտիս մոտ եմ ընդունում: Բայց դե փորձում եմ հասկանալ, որ մեկ է, պիտի լինի այս ամենը: 
-Իսկ ինչպիսի՞ բարդություններ են հանդիպում, Ձեր առջեւ դռնե՞ր են փակում, թե՞ հրավերներ չեն լինում:
-Երբեք այդպիսի բաների չեմ հանդիպել, ընդհակառակը, մրցույթից հետո հրավերներ եմ ստանում մասնակցելու համերգների, հաղորդումների եւ նոր մրցույթների: Ուղղակի այս ասպարեզում այնքան դժվար է, որ անգամ քո մասին մամուլում գրված ոչ դրական մեկ տողը  կարող է հոգիդ խոցել: Հիմա երիտասարդներին ավելի շատ են տեղ տալիս ինքնաարտահայտվելու, ու եթե դու կարողանում ես երգել, առաջ են թողնում:
-Նշեցիք, որ Ձեզ մրցույթների են հրավիրում, բայց մենք Ձեզ միայն ,Հայ սուպերսթարե-ում  ենք տեսել:
-Հրավերներ ունեցել եմ, բայց դեռ չեմ մասնակցել: Այս տարի ԱՄՆ-ում մասնակցել եմ “Շանթ” հ/ը կազմակերպած համերգներին, մեկնել էի “Ժողովրդական երգիչե նախագծի մասնակիցների հետ: Ունեցանք երեք համերգ լեփ-լեցուն դահլիճներում: Հայկական ծրագիր էր, սիրեցին մեր երգը, մենք էլ մեծ տպավորություններով վերադարձանք:
-Ձեզ մրցութային երգչուհի համարո՞ւմ եք:
-Կան երգիչ-երգչուհիներ, որ ինչ-ինչ պատճառներով չեն սիրում մրցույթներ, բայց ես սիրում եմ: Մրցակցությունն է բարդ, նյարդերդ պետք է հանգիստ լինեն: Հետագայում ուզում եմ մասնակցել այլ մրցույթների ու ներկայացնել Հայաստանը միջազգային տարբեր բեմերում: 
-Դրսում սովորելու ցանկություն չունե՞ք: 
-Մտածում էի այդ մասին, տատիկս էլ Իսպանիայի Վալենսիա քաղաքում է ապրում: Մտադրություն ունեի գնալ իր մոտ` ուսումս շարունակելու, բայց ծնողներս շատ են վախենում, ինձ չեն թողնում:
Իսկ աշխատանք ունե՞ք:
-Ո՛չ, ոչ մի տեղ չեմ աշխատում, հանդես եմ գալիս միայն նախագծերում, սեպտեմբերին էլ պատրաստվում եմ մենահամերգ կազմակերպել: Չեմ ուզում առաջ ընկնել, բայց նաեւ տեսահոլովակ է սպասվում, արդեն ունեմ մեկ հեղինակային երգ` երաժշտության հեղինակը ես եմ, իսկ խոսքերը մայրիկս է գրել, նա մասնագիտությամբ բանասեր է, նաեւ ստեղծագործում է:
-Առաջարկներ չե՞ն եղել ակումբներում, քեֆ-ուրախություններին երգելու:
-Խնջույքներին երգելու համար երգացանկ է պետք, որը ես չունեմ: Չեմ էլ պատկերացնում ինձ 6/8 երգելիս, անկեղծ ասած, չեմ ցանկանա:
-Նույնիսկ եթե շատ գումա՞ր առաջարկեն:
-Ես այս հարցում հաստատուն եմ, արվեստը միայն գումարը չէ, ու չի կարելի ամեն ինչ զոհել գումարի համար: Եթե հայկական, ապա միայն ժողովրդական, աշուղական, Կոմիտաս, դա է իմը: Գիտեմ, թե հայ ժողովուրդն ինչ երաժշտական ժառանգություն ունի, եւ ոչ մի դեպքում չեմ փորձի դրան դեմ ինչ-որ բան անել: Մեծ-մեծ չեմ ուզում խոսել, բայց ամեն մարդ ինքն է որոշում իր երգացանկը: Ես զերծ կմնամ այլ կարգի երաժշտությունից: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 593 համար




Լրահոս