ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 15՚C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:
 
Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար 13՚C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և ծայր հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել 35…40՚C, նախալեռնային շրջաններում՝ 33…38՚C, լեռնային շրջաններում՝ 30…31՚C:
 
Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը հանրապետության տարածքում տատանվում է 9՚C ցրտից (Աշոցքում) մինչև 4՚C տաքություն (Բերդում):
Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիների (1997թ.) այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին:
 
Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը 22…23՚C է, երկրորդում՝ 20՚C և երրորդում՝ 18…19՚C: Ցրտահարություն կարող է դիտվել միայն հողի մակերևույթին (28.09.1985թ.):
 
Հանրապետության տարածքում տեղումները բաշխվում են անհավասարաչափ, միջինը դիտվում են 33մմ, Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Սյունիքի հովիտներում` 6-10մմ, Լոռիում` 50-60մմ, Սյունիքի նախալեռներում`60-65մմ:
 
Բազմամյա տվյալներով` 12 տարի Երևանում սեպտեմբերին տեղումներ չեն դիտվել և եղել է տարի (1932թ.), երբ տեղումների քանակը կազմել է 86մմ, որը գերազանցել է նորման 9 անգամ: Առատ տեղումներով տարի է եղել նաև 2009 թ. սեպտեմբերը, երբ ամսական տեղումների քանակը Երևանում կազմել է 70մմ, ինչը գերազանցել է նորման 7 անգամ: Տաշիրում տեղումների առավելագույն քանակը եղել է 218մմ, իսկ նվազագույնը՝ 12 անգամ նորմայից պակաս՝ 5մմ (1950թ.):
 
Տեղումներով օրերի թիվը ևս անհավասարաչափ է բաշխված՝ Լոռիում միջինը 12 օր, Արարատյան դաշտում` մինչև 3 օր: Բարձր լեռնային շրջաններում և Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ ձյան ծածկ:
 
Ամպրոպային գործունեությունը թուլանում է՝ միջինը դիտվում է 3-6 օր, չնայած առանձին տարիների հյուսիսային կեսում կարող է դիտվել 10-20 օր: Կարկուտ դիտվում է հազվադեպ:
 
Սյունիքում հաճախակի դիտվում է մառախուղ՝ նախալեռներում` 6-11, իսկ լեռնային շրջաններում՝ 14-19 օր:
 
Չնայած սեպտեմբերին որոշ չափով ավելանում է արևմտյան ուղղության քամիների կրկնելիությունը` դրանց արագությունն էապես չի փոխվում:
 
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն




Լրահոս