Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը մտահոգիչ է համարում բնակարանային գողությունների դեպքերի թվի ավելացումը: Ըստ նրա՝ գողությունները շատացել են ոչ միայն Լոռիում, այլեւ ողջ հանրապետությունում: Դրական հանգամանք համարելով այն, որ մարզում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում վնասազերծվել է 10-յակից ավելի բնակարանային գողություններ կատարած հանցավոր խումբ, դատախազը Լոռիում հանցագործությունների բացահայտման տոկոսը բավական բարձր է գնահատում: «Հանրապետությունում հանցագործությունների բացահայտման միջին տոկոսը կազմում է 80,4, Լոռիում՝ 93,4 տոկոս: Ակնհայտ է, որ հանրապետական ցուցանիշի հետ համեմատած՝ Լոռիում ունենք բացահայտումների՝ 13 տոկոսով գերազանցող ցուցանիշ»,-օգոստոսի 23-ին Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ղարախանյանը: Նա ներկայացրեց նաեւ կիսամյակի վիճակագրական պատկերը: 2013թ. առաջին կիսամյակում իրավիճակը եղել է կայուն: Դատախազը նշեց, որ գրանցվել է միջին եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի ակնհայտ նվազում: Ինչպես նախորդ տարվա, այնպես էլ այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է սպանության մեկ դեպք:
Դատախազը մտահոգված է նաեւ Լոռիում տարածված՝ առողջությանը վնաս պատճառելու հանցագործություններով: Վերջին տարիների վիճակագրությամբ՝ կիսամյակի ընթացքում ընդհանուր հանցագործությունների թվում շուրջ 100-ը մարմնական վնասվածքի պատճառմամբ դեպքեր են, մեծ մասը` դանակի գործադրմամբ: «Ինչպե՞ս կարելի է արդարացնել կամ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այն հանգամանքը, որ այս դանակահարությունների մեծ մասն իրար հետ մի սեղանի շուրջ հաց ուտելուց հետո է տեղի ունենում: Սա լուրջ, մտահոգիչ բան է: Այսինքն՝ մենք կենցաղավարության խնդիր ունենք: Հաց ուտելն ընդամենը կշտանալու պրոցես չէ: Բոլորս էլ գիտենք՝ մանավանդ լոռեցիները ե՛ւ իրենց հյուրասիրությամբ, ե՛ւ իրենց նիստուկացով հացի, ճաշկերույթի արժեքն իմացող մարդիկ են, բայց այսօր առնչվում ենք մի ծանր իրականության, երբ մարդիկ նստում են, մի բաժակ բան խմում, իրար ծնողների, իրար հարազատների կենացը խմում, հետո նույն սեղանի շուրջ դանակահարում մեկը մյուսին: Ցավոք սրտի, ունենք նաեւ կյանքից զրկելու դեպքեր: Սպորտային համազգեստով տղամարդը չի կարող դանակ կրել, այդ 2 երեւույթն արդեն իրար չեն համապատասխանում: Իսկ Վանաձորը տարիներ շարունակ հայտնի է իր սպորտային կեցվածքով, սպորտային քաղաք լինելով՝ տվել ենք լավ մարմնամարզիկներ: Սպորտային համազգեստի պատիվ իմացողը դանակով ման կգա՞»,-մտահոգություն հայտնեց Հ. Ղարախանյանը:
Լոռի