Չպետք է համաձայնվել բանակցություններ վերսկսել առանց ԼՂՀ պաշտոնական ներկայացուցչի. քաղաքագիտության պրոֆեսոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարման ակադեմիայի Քաղաքագիտության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը անդրադարձել է Ալիեւ-Սարգսյան հնարավոր հանդիպմանը՝ շեշտադրելով.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որ հաջորդ շաբաթ Վիեննայում կարող է տեղի ունենալ Սարգսյան-Ալիև հանդիպում: Ապրիլյան պատերազմը արմատապես փոխել է աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում: Ադրբեջանի իշխանությունների տարիներ ի վեր վարած ապակառուցողական քաղաքականությունը և նեկրոֆիլ գործողությունները ապացուցում են, որ նրանք չեն պատրաստվում “պատերազմի հարացույցը” փոխարինել “խաղաղության հարացույցով”: Դա հանգեցնում է այն եզրակացության, որ հայկական կողմերին անհրաժեշտ է կիրառել միջազգային իրավունքում գործող rebus sic stantibus սկզբունքը (իրավիճակի արմատական փոփոխություն), և որդեգրել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի գերկայության հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս սահմաններով ճանաչման քաղաքականություն: Ապակառուցողական քաղաքականության, նեկրոֆիլիայի և զավթողական ամբիցիաների վառ օրնակ է ադրբեջանցի դեպուտատի կոչը՝ Զանգեզուրը միացնել Ադրբեջանին:

Ստեղծված պայմաններում հայ կառավարող էլիտայի և ամբողջ Հայության առջև կանգնած են հետևյալ խնդիրները. 1. Չհամաձայնվել բանակցություններ վերսկսել առանց ԼՂՀ պաշտոնական ներկայացուցչի, ով կունենա մասնակից կողմերի հետ հավասար իրավունքներ:

2. Չգնալ որևէ տարածքային զիջումների, քանի որ այդ քայլը միայն կբացի թուրք-ադրբեջանական դաշինքի ախորժակը՝ ստեղծելով անվտանգային նոր խնդիրներ Հայության համար: Բացի դրանից ինչ փոխզիջման մասին է խոսքը, երբ մենք արդեն զիջել ենք Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը և Դաշտային Ղարաբաղը:

3. Շարունակել ակտիվորեն բարձրացնել Ադրբեջանի կողմից օկուպացված Դաշտային Ղարաբաղի ազատագրման խնդիրը:

4. Տարածված հայտարարության մեջ խոսվում է «վստահության վերականգնման» մասին: Սակայն վստահությունը չի կարող վերականգնել, քանի դեռ միջազգային հանրությունը հավասարության նշան է դնում կողմերի միջև, իսկ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել ԼՂՀ անկախունը:

5. Նշված պայմանները պետք է հանգեցնեն Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը: Ամբողջ աշխարհի Հայությունը չպետք է մոռանա իր պատմական դառը փորձը և գիտակցի, որ ՄԵՆՔ ենք մեր անվտանգության երաշխավորը»




Լրահոս