Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ռազմական գործողությունների ճշգրիտ կազմակերպման ամենահաջող համակարգը նախագահականն է: Գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակի առկայության պարագայում բանակի կառավարումն ու երկրի արտաքին քաղաքականության կազմակերպումը շատ ավելի արդյունավետ է, քան խորհրդարանական կառավարման համակարգում: Պատկերացրեք, որ բանակի ղեկավարությունն այսօր իրականացվեր կառավարության մակարդակով, իսկ խորհրդարանն ամեն առիթով ՊՆախարարին ու ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչներին կանչեր հաշվետվության:
Անշուշտ, խորհրդարանի առաջ հաշվետվություն տալը խոսում է ոչ ԹԵ պետական որեւէ ինստիտուտի ստորադասման, ԱՅԼ պետական համակարգի բոլոր ճյուղերի հավասարակշռվածության մասին: Սակայն փաստացի պատերազմական դրության պայմաններում, երբ բանակը կարիք ունի ուղղաձիգ ու ճկուն կառավարման, խիստ աննպատակահարմար է թե՛ կառավարության, թե՛ խորհրդարանական՝ բնույթով ծանրաշարժ գործունեության միջոցով այդ աշխատանքի կազմակերպումը: Այսօր Հայաստանում, կապված անցումային փուլի հետ, նախագահի պաշտոնը դեռ շարունակում է իր գերագույն դերակատարությունը կառավարման համակարգում, մինչդեռ երկու տարի անց իրավիճակը գլխիվայր շրջվելու է:
2015թ. դեկտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի միանձնյա վճիռով երկրում հիմնավորապես վերափոխվեց կառավարման համակարգը: Կիսանախագահական համակարգի փոխարեն ամբողջ իշխանությանը լծվեց բավարարելու Սերժ Սարգսյանի կամքն ու ապահովելու անցումը խորհրդարանական կարգերին: Ընդդիմախոսների պնդումները, որոնց համաձայն՝ խորհրդարանական համակարգն այնքան էլ արդյունավետ չէ փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկրի համար, հանդիպում էին իշխանության ծայրահեղ քամահրանքին: Սերժ Սարգսյանը նույնիսկ իր հարցազրույցում ծաղրում էր. «Պատերազմ հայտարարի Րաֆֆի Հովհաննիսյանը, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյա՞նը»: Իսկ հիմա, եթե պետական գաղտնիք չէ, կարո՞ղ ենք իմանալ, թե ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը ապահովում Հայաստանի անվտանգությունն Ադրբեջանի հրահրած պատերազմի պայմաններում: Ահա, նման արհամարհական ու ինքնավստահ գործողություններով անցկացնելով սահմանադրական փոփոխությունները՝ իշխանությունն ընդհանրապես մոռացել էր, որ իր սխալների համար պատասխան պիտի տա ոչ թե Հայաստանի քաղաքացիների առաջ կամ էլ վերջիններիս պահանջով, այլ Ադրբեջանի դրդմամբ եւ բացառապես իր իշխանության առաջ:
Անվտանգության ապահովմանը միտված կառավարման նոր համակարգը գովերգելիս իշխանությունները հաճախ հիշատակում էին Իսրայելի փորձը: Ոչ ոք ջանք իսկ չթափեց՝ հասկանալու, թե արդյո՞ք Իսրայելի օրինակը տեղին է մեզ համար: Ի վերջո, Իսրայելն իր հիմնադրումից ի վեր եղել է խորհրդարանական կառավարմամբ պետություն, որտեղ ռազմական բնագավառը գործել եւ գործում է հստակորեն ձեւավորված, ինստիտուցիոնալ կանոններով: Տարիների ընթացքում Իսրայելում ձեւավորվեց մի այնպիսի քաղաքական-ռազմական էլիտա, որտեղ անհատի դերակատարությունը բնավ էլ կարեւոր չէ: Այսօր Նեթանյահուի փոխարեն վարչապետ կարող է դառնալ քաղաքական էլիտայի առանցքային գործիչներից ցանկացածը, քանզի էլիտան այդ երկրում ինքնին համակարգային է եւ դարձել է ինստիտուտ այնպես, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում: Մինչդեռ Հայաստանը ոչ միայն չունի տարիներ ի վեր կարծրացած կառավարման համակարգի ավանդույթներ, այլեւ նույնիսկ համակարգային էլիտա: Միթե իշխանության մեջ կա մեկը, բացի Սերժ Սարգսյանից, որը կարող է առաջնորդել թե՛ վարչախումբը, թե՛ Հայաստանը: Իշխանության որեւէ ներկայացուցիչ չունի նվազագույն իսկ պոտենցիալ ոչ թե երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը, այլ գոնե իշխանության դիրքերը: Ըստ այդմ, համակարգային էլիտայի բացակայությամբ անհնար է խորհրդարանական հաջող կառավարում ապահովել, հատկապես զինված ուժերի բնագավառում:
Հայաստանում ներդրված խորհրդարանական կառավարման համակարգի մեկ այլ թերություն է արտաքին քաղաքականության ոլորտի բարձիթողի վիճակը: Այսօր ԱԳ նախարարի անգործության միակ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որը չի շտապում փոխել Նալբանդյանին: Վերջինիս մեղսակցությունը դիվանագիտական այս թափթփվածության մեջ այնքան էլ մեծ չէ, քանզի կառավարության մեջ ԱԳ նախարարից բացի՝ հավանաբար չկա նախագահին ի պաշտոնե ավելի ենթակա նախարար: Այսինքն՝ այսօր դիվանագիտական ճակատում անհրաժեշտ ակտիվության բացակայության պատասխանատվությունը Սերժ Սարգսյանինն է, որին հնարավոր է հասցեական մեղադրանք հնչեցնել: Սակայն ինչպե՞ս ենք վարվելու երկու տարի անց, երբ ուժի մեջ մտնեն արտաքին հարաբերություններին վերաբերող սահմանադրական փոփոխությունները: Խնդիրն այն է, որ նոր օրենքով արտաքին քաղաքականությունը վարելու է կառավարությունը: Իշխանության առաջին դեմքը՝ վարչապետը, արտաքին քաղաքականություն մշակելու ու վարելու հասցեական իրավասություն գործնականում չի ունենալու: Կարծիք կա, որ փոխվարչապետերից մեկը պետք է համակարգի այդ ոլորտը՝ ԱԳ նախարարի հետ: Ակնհայտորեն ստեղծվելու է մի վիճակ, որտեղ, դատելով այժմյան փորձից, թե՛ փաստացի, թե՛ իրավաբանորեն իրական պատասխանատվություն ունեցող չի լինելու: Այդժամ էլ Նալբանդյանի պես մի ԱԳ նախարար կարող է հայտարարել. «Պատերազմը Օհանյանը հայտարարի, արտաքին ճնշումներին Նալբանդյա՞նը ենթարկվի»:
Հայաստանի Առաջին Հանրապետությունը եւս խորհրդարանական պետություն էր, կրկին չհայտարարված պատերազմի մեջ: Երբ 1920թ. դեկտեմբերին ռուս-թուրքական քաղցկեղն ամբողջովին կլանել էր Հայաստանը, ՀՅԴ պատասխանատուները Գյումրիում թուրքերի հետ կնքեցին մի խայտառակ պայմանագիր, որը գերազանցապես արտաքին քաղաքականության բարձիթողիության հետեւանք էր: Դրանով նախատեսված տարածքային սահմաններն էլ հիմք դարձան Խորհրդային Հայաստանի համար: Իրականում Առաջին Հանրապետության օրինակը մեզ համար խիստ ուսուցանող է հատկապես այսպիսի ճգնաժամային օրերին: Իսկ պատմական այդ դասը հուշում է, որ մինչեւ 2017թ. խորհրդարանական ընտրությունները սահմանադրական փոփոխությունները պիտի չեղարկվեն: Դա պահանջում է ոչ թե ինչ-որ մեկի ցանկությունը, այլ պարզ քաղաքական հաշվարկն ու Հայաստանի անվտանգության հիմնախնդիրը:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Հայաստանում շինարարության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար, մարտ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.2 տոկոսով նվազել են շինարարության ծավալները: Ըստ այդմ, նվազել են նաեւ ցեմենտի եւ գաջի արտադրության ծավալները:
Այսպես՝ այս տարվա հունվար, մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցեմենտի արտադրության ծավալները նվազել են 28.9 տոկոսով, իսկ գաջինը՝ 63.2 տոկոսով: Նվազել է նաեւ կրի արտադրության ծավալները՝ 25.6 տոկոսով: Նկատենք, որ զուգահեռաբար նվազել է նաեւ տուֆի (4.1 տոկոսով) արտադրության, գրանիտի (13 տոկոսով) արտադրության ծավալները: Իսկ ահա բազալտինը աճել է 13.4 տոկոսով: Ի դեպ, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար եւ մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարությունը 34.1 տոկոսով նվազել է: Այսինքն՝ Հայաստանում այս տարվա հունվար, մարտ ամիսներին պետական բյուջեի միջոցներով իրականացվել է 3 մլրդ 819 մլն 900 հազար դրամի շինարարություն: Իսկ, ահա, համայնքների միջոցներով իրականացված շինարարությունը 5.7 տոկոսով ավելացել է. այն կազմել է 397 մլն 700 հազար դրամ: Միջազգային վարկերի միջոցներով իրականացված շինարարությունը 4.1 անգամ է ավելացել: Ըստ ԱՎԾ-ի՝ միջազգային վարկերի միջոցներով շինարարությունը 12 մլրդ 178 մլն 400 հազար դրամի չափով է իրականցվել: Իսկ Համաշխարհային բանկի միջոցներով իրականացված շինարարությունը 11.6 տոկոսով նվազել է. 1 մլրդ 310 մլն 300 հազար դրամ է կազմել: Ի դեպ, Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացված շինարարությունը այս տարվա հունվար, մարտ ամիսներին կազմել է 65 մլն դրամ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԶԻՆԿՈՄԻՆ ՍՊԱՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌԸ
Բերդ քաղաքում՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, ընթանում է Տավուշի մարզի Մովսես գյուղի 41-ամյա բնակիչ Արթուր Մկրտումյանի դատավարությունը: Նա մեղադրվում է 2015թ. սեպտեմբերի 18-ին Մովսես գյուղի բնակիչ, Բերդի զինկոմ, 1966թ. ծնված Դերենիկ Պապյանին սպանելու մեջ: Այդ քրեական գործով դատաքննությունը մոտենում է ավարտական փուլին: Դատական հաջորդ նիստը նշանակված է մայիսի 12-ին: Դատավարության ընթացքում Արթուր Մկրտումյանը իրեն սպանության կատարող չի համարում, նշում է, թե չի հիշում դեպքը, այդ օրվա իրադարձությունները: Բանն այն է, որ նա եղել է հարբած վիճակում: Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Արթուր Մկրտումյանը ճանաչվել է մեղսունակ: Նրա շահերը դատարանում պաշտպանում է հանրային պաշտպանը: Դատաքննության ընթացքում հերքվել են տարածված այն խոսակցությունները, թե զինկոմ Պապյանի եւ Արթուր Մկրտումյանի միջեւ նախկինում՝ զինվորական ծառայության ժամանակ, անհաշտ հարաբերություններ են եղել: Դատարանի կողմից ապացուցված է համարվել, որ նրանց հարաբերությունները նորմալ են եղել: Դատաքննության ընթացքում հերքվել է նաեւ այն տեղեկությունը, թե զինկոմի սպանության օրը վերջինս ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող, համագյուղացի Արթուր Մկրտումյանին հայհոյել է, հարվածել: Իրականում զինկոմ Դ. Պապյանը թեթեւ հրել է Ա. Մկրտումյանին: Վերջինս անչափահաս 3 երեխա ունի, իսկ Դ. Պապյանը՝ չափահաս երկու որդիներ: Սպանության օրը Ս. Մկրտումյանը պետք է բանկում վճարեր իր վերցրած վարկի գումարը: Նշենք, որ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
ԽՈՍՔԵՐՈՎ ԵՆ ՍԱՏԱՐՈՒՄ
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները պատեհ-անպատեհ առիթներով հայտարարում են, թե կառավարությունը մեծապես հոգ է տանում Ադրբեջանին սահմանակից բնակիչների սոցիալական ապահովության համար: Իսկ ի՞նչ են ասում փաստերը: Տավուշի սահմանագոտու բնակիչներից թվով ավելի քիչ նպաստառուներ կան, քան սահմանից տասնյակ կիլոմետրեր հեռու Դիլիջանում: Տավուշի մարզի սոցիալական ապահովության տարածքային գործակալություններից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2016թ. ապրիլին Տավուշի մարզում ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստացած 5389 ընտանիքից 1965-ը Իջեւանի, 1221-ը Դիլիջանի, 1158-ը Բերդի եւ 1045-ը Նոյեմբերյանի տարածաշրջանից են: Դիլիջանի տարածաշրջանում վերջին տարիներին մեծածավալ ներդրումներ են կատարվել, կառուցվել է միջազգային կենտրոն, Թումո կենտրոն, կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղ, պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն, գործարկվել են տարբեր հանգստյան տներ, առողջարաններ, ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր, դա պետք է որ դրական ազդեր դիլիջանցիների սոցիալական վիճակի վրա: Իսկ սահմանամերձ համայնքներում ադրբեջանական գնդակոծության, տարածքների ականապատ լինելու պատճառով գյուղացիները չեն կարողանում հող մշակել, անասուն պահել: Հետեւաբար սահմանամերձ տարածաշրջաններում նպաստառուների քանակը պետք է ավելին լիներ, սակայն դա այդպես չէ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ