Ինչպես ArmLur.am-ն արդեն տեղեկացրել էր, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ ՀՀ և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել հաջորդ շաբաթ: ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը «Ինտերֆաքս»-ին հայտնել էր, որ երկու երկրների նախագահների հանդիպումը հնարավոր է կայանա մայիսի 16-ին Վիեննայում, որտեղ կքննարկվի Ղարաբաղյան հակամարտության հարցը: Նշվում է, որ հանդիպմանը ներկա կլինեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ, ով նշեց, որ հանդիպման հետ կապված բազմաթիվ խոչընդոտներ կան:
«Դեռ հստակ չէ` այդ հանդիպումը կկայանա, թե ոչ, քանի որ հանդիպման հետ կապված հիմնական խոչընդոտը, իհարկե, սահմանում կատարվող իրողություններ են, երբ Ադրբեջանը ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը: Փաստորեն, այսօր սահմանին տիրում է «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» կարգավիճակը: Բացի դրանից, նրանք շարունակում են խոսել տարածքային ամբողջականության մասին, մինչդեռ այժմ առանջնահերթ է ազգերի` տվյալ դեպքում Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Ես կարծում եմ, որ եթե անգամ այդ հանդիպումը կայանա, ապա այն ավելի շատ կվերաբերի հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, հետագա շփումների պատրաստակամության հավաստիացումներին: Ես մեծ ակնկալիք չեմ կարող ունենալ այս հանդիպումից: Այնուամենանիվ, դատելով եռանախագահ երկրների լուրջ տրամադրվածությունից` կարելի է հուսալ, որ ճնշումը մեծ կլինի Ադրբեջանի վրա, որպեսզի հետագայում այն սադրանքների չդիմի եւ պահպանի կայուն հրադադարի ռեժիմը»:
Սյուզի Մուրադյան