«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 6-ին հրապարակած «Երբ մարդկանց սրբությունը փողն ու պաշտոնն է» նյութում անդրադարձել էր «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպության գործունեությանը: Տեղեկացրել էինք, որ նշված հիմնադրամն իրավական ոչ մի կապ չունի Կոտայքի մարզպետարանի հետ: Սակայն մարզի ղեկավարությունն իր ենթակայության տակ գտնվող պետական հիմնարկ-ձեռնարկություններից պահանջել էր հիմնադրամի հաշվեհամարին գումար փոխանցել՝ Արցախին օգնության համար գումար հավաքելու անվան տակ: Սա այն դեպքում, երբ դեռեւս ապրիլի 4-ին ԼՂՀ կառավարությունը հրապարակել էր այն հաշվեհամարները, որոնց միջոցով Արցախին օգնել ցանկացողները կարող են գումարներ փոխանցել:
Նկատենք, որ Կոտայքում ու մարզկենտրոն Հրազդան քաղաքում գումարները սկսել են հավաքել ապրիլի սկզբից: Բայց Արցախին օգնությունը՝ 22 մլն դրամ, ԼՂՀ կառավարության հաշվեհամարին հիմնադրամից փոխանցել են մայիսի 10-ին, այսինքն՝ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից ուղիղ 4 օր անց: Եւ եթե «Ժողովուրդ» օրաթերթն այս պատմության մասին չբարձրաձայներ, դժվար է ասել, թե Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն ու Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը ինչպես կտնօրինեին հավաքված գումարը: Հիշեցնենք, որ լուրեր են պտտվում մարզում, որ գումարների մի մասը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում որպես ընտրակաշառք բաժանվել է բնակիչներին:
Այսպիսով՝ տեղի ունեցածը, բարոյականից բացի, ունի հստակ իրավական կողմ: Մարզի ղեկավարությունը միանշանակ ապօրինի գործողություն է ծավալել՝ վարչական լծակներն օգտագործել է ինչ-որ հիմնադրամի համար շրջանառու միջոցներ հավաքելու նպատակով: Իրավական եւ կոռուպցիայի դեմ պայքարող պետությունում նման արարքից հետո բոլոր պատասխանատուները պաշտոնանկ կարվեին, իսկ իրավապահներն էլ քրեական գործ կհարուցեին՝ պարզելու համար, թե մեղավոր պաշտոնյաներից ով ինչ նյութական շահագրգռվածություն է ունեցել: Սակայն սա Հայաստանն է, այստեղ կոռուպցիայի մասին միայն ճոռոմ ելույթներ են ունենում՝ եվրոպական կառույցներից դրամաշնորհներ ստանալու համար: Եւ վերջ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: