ՀՀԿ ԿԱՆԱՅՔ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԱԺ-Ի ԱՆՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀԿ կանանց գվարդիան որոշել է իրենով անել ՀՀ պետական բոլոր ինստիտուտները: Իսկ ԱԺ նախագահը դեռ լռում է: Բանն այն է, որ  ԼՂՀ անկախության տարեդարձի առթիվ ՀՀԿ կանանց խորհրդի անդամները Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Միայն թե այնտեղ նրանք ներկայացել են ոչ թե ՀՀԿ կանանց խորհուրդ, այլ ՀՀ ԱԺ պատվիրակություն: Համենայնդեպս, ԼՂՀ նախագահի կայքում նշված է. “Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ ԱԺ պատվիրակությանը խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են օրենսդրական դաշտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը եւ այստեղ Հայաստանի ու Արցախի խորհրդարանների միջեւ կապերի հետեւողական խորացմանը եւ ընդլայնմանը վերաբերող հարցերե: 
Ուշագրավն այն է, որ ԱԺ պատվիրակություն ներկայացած խմբում խորհրդարանի վեց խմբակցություններից միայն ՀՀԿ-ից են եղել, այն էլ ընդամենը երեք պատգամավոր՝ Հերմինե Նաղդալյանը, Ռուզան Մուրադյանն ու Նաիրա Կարապետյանը, իսկ մյուսները ՀՀԿ խորհրդի անդամներն են: Փաստորեն, տիկին Նաղդալյանը որոշել է Արցախում հանդես գալ խորհրդարանի մյուս խմբակցությունների անունից՝ չունենալով դրա իրավունքը: Ի դեպ, ԱԺ-ում կա ԼՂՀ ԱԺ-ի հետ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով, որի անդամները բոլորովին այլ մարդիկ են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Բայց, փաստորեն, երեկվա դրությամբ ՀՀ ԱԺ-ն չէր արձագանքել այս հաղորդագրությանը ու չէր հերքել, որ իրենց պատվիրակությունը չի մեկնել Արցախ: Հետաքրքիր է՝ ՀՀ ԱԺ դերը բարձրացնել խոստացող Հ. Աբրահամյանն ինչ է մտածում այս կապակցությամբ, թե հանդուրժելու է այս ամենը՝ մի օր էլ ողջ ԱԺ-ն ու իր աթոռը զիջելով ՀՀԿ կանանց գվարդիային: Ի դեպ, ԱԺ պաշտոնական կայքում որեւէ տեղեկություն չկար ԱԺ պատգամավորների այցելությունների մասին: 
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 608 համար




Լրահոս