Ալիևը գնաց զիջումների Մինսկի խմբի ճնշումով. ռուս քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է քաղաքագետ , Հարավային Կովկասի հարցերով փարձագետ Ալեքսանդր Սկակովը:

– Պարո՛ն Սկակով,  ինչպե՞ս կգնահատեք Վիեննայի հանդիպման արդյունքները:

– Մինչ հանդիպումն էլ ես մի քանի անգամ առթի ունեցել եմ ասելու, որ ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան դրան բացակայությունը: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հանդիպմանը ներկայացրել է բանակցությունների սկսման իր նախապայմանները, իսկ Ալիևն էլ համաձայնվել է հարցի խաղաղ կարգավորմանը և 94-95 թվականների զինադադարի պայմանագրի կատարմանը, որը չէր ցանկանում անել: Իհարկե, խոսվել է մշտադիտարկման մասին նաև, բայց սրանք միայն խոսքեր են: Ես վստահ եմ, որ Ադրբեջանը կհրաժարվի դրանցից:

– Ադրբեջանը մշտապես դեմ է արտահայտվել հետաքննության մեխանիզմների ներդրմանը: Ըստ Ձեզ` ինչո՞ւ այս փուլում նա համաձայնվեց դրան:

–  Մինսկի խմբի համանախագահողների կողմից ճնշում է եղել, դրա համար էլ Ալիևը գնաց զիջումների, սակայն միայն խոսքերով:

– Այսինքն, գործնականում այս պայմանավորվածությունները չե՞ն կիրառվի:

– Ես կարծում եմ`  ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համար պետք է ոչ թե պարզապես ճնշում լինի, այլ շատ մեծ ճնշում լինի Ադրբեջանի վրա և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ-ի և՛ ԱՄՆ-ի կողմից: Եվ այդ ճնշումների մասին հայտարարությունները պետք է լինեն հասցեական: Հիմա երկու երկրների դիրքերն էլ նպաստավոր չեն:

– Իսկ հանդիպումից հետո հարցի լուծման ինչպիսի՞ նախադրյալներ եք տեսնում, և Ռուսաստանի քայլերը որո՞նք պետք է լինեն:

– Ռուսաստանը համարվում է Հայաստանի դաշնակից և Ադրբեջանի գործընկեր: Այդ պատճառով կոնֆլիկտի ցանկացած սրացում Ռուսաստանի համար ձեռնտու չէ և ինչ էլ անի, պարտվող է դուրս գալու: Սակայն նախադրյալներ չեմ տեսնում, քանի որ համանախագահների կողմից բավարար ճնշումներ չկան:

-Մինչդեռ, Լավրովն ասել էր, որ հայկական և ադրբեջանական կողմերը պատրաստ են զիջումների: Այդ դեպքում ի՞նչ զիջումների մասին է խոսքը:

– Ես կարծում եմ` սրանք նոր խոսքեր են` ի հավելումն Լավրովի այն խոսքերի, որ կարգավորման հարցում ամեն ինչ պատրաստ է և մանրուքներ են մնացել: Իմ կարծիքով, հիմա զիջումների մասին խոսք չկա և չի էլ կարող լինել:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս