Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և “Լրագրողներ հանուն մարդու իրավունքների” ՀԿ Ժաննա Ալեքսանյանը հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.
“Հաշվի առնելով ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության կողմից Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ակնհայտ ապօրինի որոշումը, որը կայացավ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի անմիջական ուղղորդմամբ և հսկողությամբ, հայտարարում ենք, որ անհնարին ենք համարում մեր հետագա գործունեությունը դեռևս աշխատանքները չսկսած զինծառայողների մահվան հարցերով հանձնաժողովի կազմում:
Նախաքննության փուլում աղմկահարույց քրեական այս գործով ՊՆ քննչական ծառայության կողմից քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ավելի է խորացնում, արդեն իսկ առկա, հանրության անվստահությունը ի պաշտոնե վերահսկողություն իրականացնող ՀՀ Զինվորական դատախազության նկատմամբ: Հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող այս գործով ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի միակողմանի հրապարակային ելույթները վստահություն չեն ներշնչում ՀՀ Զինված ուժերում մահվան դեպքերով քրեական գործերի օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրման համար”: